Գերդաստաններ

Քանդակագործությունից մինչև գինեգործություն ու լրագրություն․ «Գերդաստաններ»

Աբովյան փողոցի վրա՝ «Փարիզյան սուրճ» սրճարանից մի փոքր ներքև՝ ծառուղու մեջ մի արձան կա, որն առաջին հայացքից գուցե չնկատես։ Մի նստած կին է, որը, հայացքը մի կողմ դարձրած, մտքերի մեջ է։ Եվ այդպես էլ կա. պատկերաված աղջիկը սիրո երկմտանքի մեջ է։ Այդ արձանի կողքով անցնելիս միշտ կարող ես բազմաթիվ թարմ ծաղիկներ տեսնել։ Ասում են՝ այստեղ ծաղիկներ թողնելով` սիրահարները ակնկալում են ելք գտնել իրենց տանջող երկմտանքից։ «Սիրում է, չի սիրում» բրոնզե արձանի բարձրությունը 1 մ 60 սմ է` կնոջ միջին հասակի։ Այս քանդակի հեղինակը քանդակագործ, արվեստի վաստակավոր գործիչ Թերեզա Միրզոյանն է։

1922 թվականի օգոստոսին ապագա քանդակագործի ապագա մայրը գնում է Ղարաքիլիսա` այժմյան Վանաձոր, հարազատներին տեսակցության։ Եվ հենց այստեղ էլ ծնվում է Թերեզան՝ շատ անսպասելի ու ժամանակից շուտ։ Որոշ ժամանակ անց նրանք մոր հետ վերադառնում են հայրենի քաղաք՝ Թիֆլիս։ Թերեզա Միրզոյանի արմատները Թիֆլիսից են։ Նրա Լևոն պապը գորգավաճառ էր, գորգեր էր մատակարարում ռուսաց ցարին, գերդաստանում այդպես են պատմում։

Գալիս են 1920-ականները` կուլակաթափություն, կոլեկտիվացում։ Լևոն պապի տունը գտնվում էր քաղաքի կենտրոնում՝ այժմյան Ռուսթավելի պողոտայի վրա, այնտեղ, որտեղ հիմա Թբիլիսիի «Մարիոթ» հյուրանոցն է։ Խուզարկում են նրա բնակարանն ու ավելի քան 40 եզակի գորգերը վերցնում, թողնում են միայն երկուսը, որոնք մինչ օրս պահում, փայփայում ու խնամում են այս գերդաստանի երիտասարդները։

1946 թվականին Թերեզա Միրզոյանն ավարտում է Թբիլիսիի գեղարվեստի ակադեմիան, այնուհետև մեկնում Մոսկվա՝ կատարելագործվելու։ Դրանից տարիներ անց նրա ընտանիքը տեղափոխվում է Երևան։ Հաստոցային և մոնումենտալ քանդակագործությանը կատարելապես տիրապետող քանդակագործը սկսում է դասավանդել Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում, այստեղ անցկացնում իր մանկավարժական կյանքի շուրջ 65 տարին։

Նրա քանդակի լեզուն սերն է, որով պատմում է մայրության, խոսում` հայրենիքի հանդեպ նվիրվածության մասին։ Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանում է պահվում հայտնի երգչուհի Արև Բաղդասարյանի կիսանդրին։ Պատմում են, որ Թերեզա Միրզոյանն ու նկարչուհի Արփենիկ Նալբանդյանը միասին էին աշխատում երգչուհու կերպարի վրա՝ մեկը՝ վրձնով, մյուսը՝ բրոնզով։

1990-ականներին «Սիրում է, չի սիրում» արձանը ջարդում են։ Բայց քանդակագործի դստերը հաջողվում է գտնել դրա մի քանի մասեր, բեկորներ, որոնք էլ արվեստանոցում պահվող էսքիզի հետ միասին դառնում են այն հիմքը, որն օգնում է վերականգնել արձանը։

Բայց նրա բոլոր արձանները չէ, որ հնարավոր է լինում վերականգնել։ Մինչև այսօր հայտնի չէ, թե ուր է անհետացել Մխիթար Հերացու դիմաքանդակը, որը տեղադրված էր Երևանի 4-րդ պոլիկլինիկայի դիմաց, հայտնի չէ, թե ինչ ճակատագիր ունեցան Սպիտակի փոստային բաժանմունքի որմնանկարները։ Ավերվեցի՞ն երկրաշարժի ժամանակ, եթե այո, ապա ինչո՞ւ որևէ բեկոր, որևէ մաս չգտնվեց։ Սրանք հարցեր են, որոնց պատասխանները շարունակում են փնտրել քանդակագործի ժառանգները։

Քանդակագործի թոռներից Անուշի դուստրը՝ Մարիամը, զբաղվում է գինեգործությամբ, դասավանդում Գինու ակադեմիայում, ղեկավարում գինու մասնագիտացված բար։ Մյուս աղջկա՝ Նարինեի դուստրը, «Շանթ» հեռուստաընկերության երաժշտական ծրագրերի պրոդյուսերն է։

Հայաստանի բոլոր այն վայրերում, որտեղ տեղադրված են քանդակագործի աշխատանքները, պատմում են նրա մասին, խոսում են նրա ստեղծած մետաղի լեզվով ու հիշեցնում, որ գործն է անմահ։ Հաջորդ տարի կլրանա քանդակագործի 100-ամյակը։ Այն մեծ շուքով պատրաստվում են տոնել նրա գործի երկրպագուներն ու ժառանգները։

Նկարները` նկարիչ Անուշ Առաքելյանի անձնական էջից։

Ցուցադրել ավելի
Back to top button