ԿարևորՀասարակություն

Մինչ քննարկվում է լողավազանի լինել-չլինելը, այն արդեն չկա

Երեւանի Տիգրան Մեծի 53 հասցեում իրականացվող շինարարությունը Երեւանի ավագանու որոշ անդամների հարցերի ու տարակուսանքի առիթ է դարձել. ինչ նախագծով և ում ստորագրությամբ է որոշվել ապամոնտաժել ճարտարապետական առանձնակի նշանակության լողավազանը։ Ավագանու անդամները պահանջում են ներկայացնել քանդման թույլտվությունը և այլ մանրամասներ՝ մտահոգություն հայտնելով, թե ապամոնտաժումը գարեջրատուն կամ ժամանցի այլ վայր կառուցելու նպատակով է։ Ունի, թե չունի. մինչ լողավազանի ճարտարապետական հարցը վեճի առիթ է շարունակում մնալ, լողավազանն արդեն գոյություն չունի։ Սոնա Հակոբյանն է մանրամասնում։

Կենտրոն վարչական շրջանի բակերից մեկի` Տիգրան Մեծ 53 հասցեի` առաջին հայացքից հին ու իրենից որեւէ արժեք չներկայացնող լողավազանը քանդելու խնդրին ֆեյսբուքյան իր էջում նախ անդրադարձել էր Կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավար Վիկտոր Մնացականյանը՝ վրդովմունք հայտնելով, թե ինչպես կարելի էր քանդել նման գեղեցիկ և իր ոճի մեջ օրիգինալ լողավազանը: Նույն հարցն արդեն ավագանու նիստում բարձրացնում է «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը:

«Ուզում եմ ճշտել, թե ով է իրեն իրավունք վերապահել Երեւանի քաղաքապետարանում միաձայն որոշում կայացնել եւ Տիգրան Մեծի 53 հասցեում գտնվող այդ հրաշք լողավազանի, քաղաքացիների հանգստի վայրի քանդման թույլտվություն տալ: Երկրորդ, արդյոք համայնքային տարածքը, համայնքային գույքը վերացնելու համար պետք չէր ավագանու համաձայնությունը: Չասեք՝ քաղաքացիների համաձայնություն կա, որովհետեւ չկա նման ընթացակարգ, այդ տարածքը բացարձակապես կապ չունի դրա հետ, եւ քաղաքացիների համաձայնության ընթացակարգն այստեղ չի աշխատում: Ո՞վ է իրեն իրավունք տվել Երեւանի ամենագեղեցիկ լոզավազաններից մեկի քանդելու ու երեւի պիվնոյներ ու վետերոկներ սարքելու այդ թույլտվությունը տալ» :

Հարցն անգամ կոշտ բնորոշումներով ձեւակերպվեց։ Փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանը կոչ արեց անհարգալից գնահատականներ չտալ։ «Ես կարծում եմ՝ տարբեր հիմնավորումներ կան: Հարցը կքննարկենք»։

Սա գուցե պատմամշակութային հուշարձան չէ, բայց ճարտարագիտական հուշարձան է, որը պահանջում է ունենալ քանդման թույլտվություն, նկատեց «Իմ քայլը» խմբակցությունից Լիլիթ Կիրակոսյանը, ով, ի դեպ, տեսել է բնակիչների ստորագրությունները, որոնցով նրանք համաձայնում են, որ չգործող ջրավազանի փոխարեն կառուցվի բազմաֆունկցիոնալ հրապարակ:

«Իմ ձեռքի տակ են բնակիչներից հավաքված ստորագրությունները։ Շատ հստակ գրված է՝ «Մենք համաձայն ենք, որ այս չգործող ջրավազանի փոխարեն կառուցվի բազմաֆունկցիոնալ մարզահրապարակ»։ Ժողովուրդ, սա կառուցվել է էկոլոգիական մի շարք հարցերի լուծման համար։ Դա տարիներով չի աշխատել, աղբ է կուտակվել, եւ, իհարկե, բնակիչները զզվելու են այդ վիճակից, ասելու են՝ ուզում ենք բարեկարգվի տարածքը։ Արդյոք քանդելու փոխարեն բարեկարգման, մաքրելու, ֆիլտրելու տարբերակներ չկային, որպեսզի ջրավազանը պահպանվեր։

Փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանն արձագանքում է` թեման այլ շատրվանների հարցերին հասցնելով։ Օրինակ` անցյալ տարի Աբովյան 21 հասցեի բակի շատրվանը, որը երկար տարիներ չէր աշխատում, քաղաքային իշխանությունների շնորհիվ է վերականգնվել` ասաց։ Փոխքաղաքապետի այս հայտարարությունն էլ բարկացրեց Անի Խաչատրյանին։

«Երկար տարիներ չի։ Ընդամենը մի փոքր ժամանակ։ Մի հատ շարժիչի խնդիր էր։ Այն նորոգել են բակի բնակիչները։ Դա իմ բակն է, ու հեքիաթներ չպատմեք, շատրվանը միշտ էլ աշխատել է։ «Տիկին Խաչատրյան, իսկ ես ասում եմ, որ այդտեղ խնդիր եղել է։ Շատրվանը վերականգնվել է։ Մալականի կոչվող այգում ևս վերականգնման աշխատանքներ են կատարվում, այդտեղի շատրվանները ևս վերականգնվելու են։ Այն մտավախությունը, թե մենք շատրվանները քանդում ենք, իրականությանը չի համապատասխանում»։

Թե ինչու է Տիգրան Մեծ 53 հասցեի ջրավազանի մասին որոշումն ընդունվել առանց ավագանու անդամների հետ նախապես քննարկելու, հետաքրքրվեցինք քաղաքապետարանից։ Այստեղից մեզ հայտնեցին, որ ավագանու նիստին չի ներկայացվել, որովհետև դրա կարիքը չի էլ եղել։ Տվյալ ջրավազանը ոչ միայն պատմամշակութային հուշարձան չէ, այլև ճարտարապետական արժեք չունի` վստահեցրին։ Ավելին, երկար տարիներ չգործող շատրվանի տեղում հենց այս տարածքի բնակիչների խնդրանքով պետք է դրա փոխարեն կառուցվի խաղահրապարակ։ Քաղաքապետարանում կարծում են, որ դա ավելի նպատակային է, քան խարխուլ ու աղբանոցի վերածված ջրավազանի պահպանումը։ Մինչդեռ Կենտրոնի նախկին թաղապետը իր գրառմամբ հենց այս մոտեցմամբ առաջնորդվողներին էր մեղադրել։

«Ո՞նց կարելի էր քանդել այս գեղեցիկ և իր ոճի մեջ օրիգինալ լողավազանը: Լավ, հասկացա՝ ոչ մեկդ նորմալ բակ չեք իջել էրեխա ժամանակ ու մեզ բոլորիս հիմա պատժում եք մեր ուրախ մանկության համար։Եթե ուզում էիք բարեկարգում անեիք, առաջին հերթին էս՝ Քաղաքապետարանին պատկանող բուդկեքը կհանեիք. դեռ 2018-ին ծանուցել էինք տնօրինողներին, որ ազատեն տարածքները, ու ինչի՞ դեռ ապամոնտաժված չեն, որից հետո եւ էս բակի տեսադաշտը, եւ աուրան կփոխվեին»։

Ունի, թե չունի լողավազանը ճարտարապետական արժեք․ մինչ հարցը վեճի առիթ է շարունակում մնալ, լողավազանն արդեն գոյություն չունի։

Ցուցադրել ավելի
Back to top button