ԿարևորՀասարակություն

Թումո կենտրոնը կտեղակայվի Կապանի կայարանի պատմական շենքում

1932 թվականին կառուցված Կապանի երկաթուղային կայարանի պատմական շենքը շուտով կվերածնվի Թումո կենտրոնի: Հավատարիմ մնալով իր մոտեցումներին` Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը շարունակում է ընդլայնել իր ծրագիրը չշահագործվող, սակայն պատմական արժեք ունեցող շենքերում: 

«Խորհրդանշական է, որ կենտրոնը կառուցվելու է ճարտարապետական արժեք և հատուկ պատմություն ունեցող շենքում: Իհարկե, շատ ավելի հեշտ է կառուցել նորը, քան վերանորոգել հինը, սակայն շատ կարևոր է մեզ ժառանգություն հասած հին կառույցին նոր ոգի, նոր կյանք տալը»,- նշում է Թումոյի գործադիր տնօրեն Մարի Լու Փափազյանը:

Շենքի վերակառուցման ու նախապատրաստական աշխատանքները ծրագրված է ավարտել 2023 թվականին, ինչից հետո կենտրոնն իր դռները կբացի Կապանում ու հարևան համայնքներում բնակվող ավելի քան 1000 պատանիների առջև:

Թումոյի կրթական ծրագիրը կհասնի Սյունիք մինչ շենքի վերանորոգման աշխատանքների ավարտը․ մոտակա շաբաթներին Կապանում տեղադրվելու է Թումո տուփ, որը կենտրոնի շահագործումից հետո կտեղափոխվի մարզի այլ համայնք:

Սյունիքի մարզի բոլոր համայնքներում ապրող պատանիներին Թումոյի կրթական ծրագիրը հասանելի դարձնելու համար «Թումո Հայաստան» նախաձեռնության շրջանակներում նախատեսվում է բացել ևս մեկ կենտրոն` Սիսիան քաղաքում, ինչպես նաև 6 Թումո տուփ` Գորիս, Քաջարան, Մեղրի քաղաքներում և Շաքի, Շինուհայր, Տեղ գյուղերում: Կապանի Թումոյին միացված կլինեն Քաջարանի և Մեղրիի տուփերը, իսկ Սիսիանին` Գորիսի, Շաքիի, Շինուհայրի, Տեղի Թումո տուփերը: 

Յուրաքանչյուր Թումո տուփ հնարավորություն կտա տեխնոլոգիաների և դիզայնի ոլորտներում կրթությամբ ապահովել շաբաթական շուրջ 320 պատանիների, որոնք ինքնուսուցման փուլը տուփում անցնելուց հետո կմեկնեն Կապանի կամ Սիսիանի կենտրոններ` գործնական դասընթացներին և հատուկ աշխատարաններին մասնակցելու: Այսպիսով, առաջիկա տարիներին երկու Թումո կենտրոնները ու վեց տուփերը միասին կկազմեն կրթական ցանց Սյունիքի մարզում` պատանիներին տալով որակյալ կրթություն համաշխարհային շուկայում պահանջված բնագավառներում:

Ցուցադրել ավելի
Back to top button