ԿարևորՀասարակություն

Վերելակային վթարներ եւ վթարային վերելակներ․ մաքրասեր տնտեսուհիները հաճախ են վնասում վերելակները

Մինչև տարեվերջ Երևանի 54 հասցեներում կտեղադրվեն նոր սերնդի ժամանակակից վերելակներ՝ սենսորային լուծումներով, ձայնային ազդանշաններով: Այս շենքերի ընտրությունը պայմանավորված է նրանով, որ դրանցում բնակվում են արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ հենաշարժողական, տեսողական կամ լսողական խնդիրներ ձեռք բերած մարդիկ։ Նոր վերելակների դռների լայն բացվածքը թույլ կտա հաշմանդամություն ունեցող անձանց՝ անվասայլակով ազատ ներս մտնել վերելակ։

Ինչպե՞ս է փոխվել մայրաքաղաքի «վերելակային կյանքը» վերջին տարիներին։ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության պետ Արսեն Կարոյանը թվերի կտրուկ տարբերությունն է մատնանշում․  2019-ի 20-ի դիմաց 2020-ին 500 նոր վերելակ է տեղադրվել՝ 25 անգամ ավելի։ Այս տարի 54 նոր վերելակ է տեղադրվել՝ բելառուսական արտադրության։ Եկող տարվա համար էլ  նոր սերնդի վերելակներ ձեռք բերելու մրցույթ է հայտարարվել։

Երևանում շուրջ 4400 վերելակ է գործում, փոխարինման ենթակա բոլոր վերելակների ընդհանուր արժեքը  շուրջ 32 մլրդ դրամ է։ Այժմ մեկ վերելակը ձեռք է բերվում մոտ 9.5 միլիոն դրամով։ Ամեն տարի վերելակներն ԱԻՆ-ի կողմից ենթարկվում են փորձաքննության, բացասական եզրակացության դեպքում դրանք դուրս են բերվում շահագործումից։

Վերելակների զգալի մասը խորհրդային հին շենքերում է ու փոխարինման կարիք ունի: Դրանց կյանքը դեռ երկարում է շարունակական վերանորոգումների արդյունքում։ Բայց խնդիրը պահանջում է համապարփակ լուծում: Քաղաքապետարանը ծրագրում է, որ վերելակների մեծ մասը պետք է փոխված պետք է լինի մինչև 2023 թվականը։ Քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության պետ Արսեն Կարոյան․

«Վերելակային ծառայություններ մատուցողներից տեղեկություն ենք հավաքագրում, հասկանում ենք, թե հատկապես որ հասցեների վերելակներն են գտնվում վատ վիճակում ,և ըստ դրա ենք որոշում փոխել հենց այդ վերելակը։ Կան 40 տարուց ավելի շահագործվող վերելակներ, բայց ասեմ, որ ԱԻՆ-ի մեր գործընկերներն ամեն տարի փորձաքննություն են անցկացնում և պարզում, թե վերելակներից որը շահագործման ենթակա չէ։ 574 վերելակն փոխվել է արդեն, դեռ շատ անելիք ունենք, բայց կարող եմ ասել, որ վերելակային տնտեսությունը «շունչ է քաշել»»,-ասում է Արսեն Կարոյանը։

Շենքի վերելակը, ինչպես նաև շքամուտքը, նկուղը, տանիքը և աստիճանավանդակը տվյալ շենքի բնակիչների ընդհանուր բաժնային սեփականությունն են։ Երևանի քաղաքապետարանը վերելակները գնում և տեղադրում է սեփական միջոցներով, վերելակների հետագա «խնամքը» շենքի բնակիչների, համատիրության ուսերին է։   Արսեն Կարոյանի խոսքով՝ հաճախ բնակիչները վերելակի խափանման հարցերով զանգահարում են քաղաքապետարան, սակայն հարկավոր է դիմել համատիրություն կամ շենքի վերելակավարին, ինչպես նախկինում։ Վերելակավարները հատուկ դասընթացներ են անցել, վերապատրաստվել են՝ ասում է  քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության պետը։

«Բնակիչներին հորդորում ենք ավելի խնամքով վերաբերվել նոր վերելակներին։ Քաղաքապետարանն ահազանգեր է ստանում, որ խափանվել է վերելակը, հիմնական դեպքերում մեղավոր են բնակիչները։ Օրինակ՝ աստիճանավանդակը ջրով լվանալու սովորությունը շարքից հանում է նոր վերելակը, որովհետև այդ ջուրը լցվում է վերելակի հորակը, իսկ նոր սերնդի վերելակները սենսորային են, տարբեր չիպեր ունեն և ջրից վնասվում են»,-նշում է Կարոյանը։

Անդրադառնալով մտահոգություններին, թե նոր վերելակների արժեքը կարող է բնակչի գրպանին ծանրանալ, քաղաքապետարանի ներկայացուցիչը բացատրում է՝  այս դեպքում տվյալ շենքի բնակիչները չունեն ֆինանսական պարտավորություն։ Բայց վերելակների օգտագործման ժամկետը 25 տարի է, հարկ է գումար տնտեսել վերելակային հետագա հարցերի համար՝ շենքի բնակիչներին և համատիրություններին հորդորում է քաղաքապետարանի ներկայացուցիչը։

Back to top button