ԿարևորՀասարակություն

ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչը դասախոսություն է կարդացել ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողների համար

ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետում այսօր հյուրընկալվել էր Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։

Հանդիպմանը ներկա էին ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանը, դասախոսներ, ուսանողներ:

Նաղաշ Մարտիրոսյանը, ողջունելով հյուրին, նշեց, որ նմանատիպ հանդիպումները կարևոր են ոլորտի վերաբերյալ արդիական և անհրաժեշտ տեղեկություններ ստանալու, մասնագիտական կարծիք լսելու առումով. «Ոչ ֆորմալ կրթության ձևաչափով հաղորդվող գիտելիքներն օգնում են ապագա լրագրողներին ճիշտ լուսաբանել, մեկնաբանել իրավական այն գործընթացները, որոնք տեղի են ունենում միջազգային հեղինակավոր ատյաններում»:

Ֆակուլտետի ուսանողները հնարավորություն ունեցան մանրամասն տեղեկություններ ստանալու Արցախյան 44-օրյա պատերազմի հետևանքների և մարդու իրավունքների բազմաթիվ խախտումների մասով ՄԻԵԴ Հայաստանի կողմից ներկայացված հայցերի վերաբերյալ։

Եղիշե Կիրակոսյանի բանախոսության հիմնական առանցքը ՄԱԿ-ի արդարադատության դատարանի՝ Հաագայի դատարանի հայաստանյան հայցն էր, որը, հիրավի, պատմական հնարավորություն է Արցախյան հակամարտության խնդիրը միջազգային իրավունքի կարևորագույն հարթակում ներկայացնելու և լուծումներ պահանջելու համար։

Ուսանողները հնչեցրին բազմաթիվ հարցեր հայցի կարևորության, հիմնավորվածության և հնարավոր արդյունքների մասին։ Քննարկվեցին նաև 44-օրյա պատերազմի հետևանքները չեզոքացնելու, միջազգային իրավունքի գործիքակազմերը կիրառելու հնարավորություններն ու ռիսկերը։

Ֆակուլտետի դասախոս Գայանե Աբրահամյանը նշեց, որ նմանատիպ հանդիպումներն ու բանախոսությունները ոլորտի փորձագետների և պաշտոնյաների հետ պարբերական բնույթ ունեն, դրանք կազմակերպվում են «Միջազգային ժուռնալիստիկա և միջազգային կազմակերպություններ» դասընթացի շրջանակում. «Հանդիպումները ոչ ֆորմալ կրթական հարթակ են ուսանողների համար, հնարավորություն են տալիս լսելու մասնագիտական բանախոսություններ, ինչպես նաև հարցեր հղելու ոլորտի մասնագետներին»։

Back to top button