ԿարևորՀասարակություն

ՀՀ օդով՝ Բաքվից Նախիջևան․ ԱԺ-ն փորձում է կարգավորել հակաօդային պաշտպանությունը

Արդեն 2 ամիս է՝ Ադրբեջանի քաղավիացիան սկսել է օգտագործել Հայաստանի օդային տարածքը Բաքվից Նախիջևան և հակառակ ուղղությամբ:  Այս թեմայի շուրջ իրենց մտահոգություններն Ազգային ժողովում ներկայացնում են ընդդիմադիր թեւի ներկայացուցիչները «Պետական սահմանի մասին» օրենքում փոփոխությունների քննարկման ժամանակ։ Օրենքը փոփոխելու իր առաջարկը կառավարությունը հիմնավորում է ահաբեկչությունից և թշնամական դրսևորումներից Հայաստանի օդային տարածքը պաշտպանելու նպատակադրմամբ։

Վերջին ընթերցմամբ նախագիծը կքննարկվի և ամենայն հավանականությամբ կընդունվի ԱԺ-ում հաջորդ շաբաթվա լիագումար նիստերում։ Ինչպես կարելի է պաշտպանել Հայաստանի օդային տարածքը, և որ դեպքերում իրավունք կա օդանավ ոչնչացնել․ պաշտպանության փոխնախարարը այսօր խորհրդարանում էր։

7 տարվա դադարից հետո այս հոկտեմբերից Հայաստանի օդային տարածքով Ադրբեջանը վերսկսեց չվերթերը Բաքու-Նախիջևան և հակառակ ուղղությամբ։ Ադրբեջանը Հայաստանի օդային սահմանը հատել է անգամ Հայաստանի ու Ադրբեջանի ԶՈւ-երի միջև նոյեմբերի 16-ի բախման օրը։ Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը տեղյակ չէ՝ ինչ ընթացակարգով են սա տեղի ունենում։ Հիշում է միայն, որ Հայաստանի քաղավիացիայի գլխավոր վարչությունը հանդես է եկել համապատասխան պարզաբանմամբ։    

Խորհրդարանական ընդդիմությունը շեշտը դնում է ոչ թե ընթացակարգերի, այլ՝ անվտանգության վրա։ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, «Հայաստան» խմբակցությունից Արթուր Ղազինյանին հետաքրքրում է՝ արդյոք իշխանությունը տեղյա՞կ է, թե ինչ է տեղափոխվում ինքնաթիռով։

«Կա չհերքված տեղեկատվություն այն մասին, որ Նախիջևանի հատվածում տեղի է ունենում Սիրիայից տեղափոխված ահաբեկչական խմբավորումների կուտակում։ Հայաստանի ՊՆ-ն ունի՞ համոզմունք, որ այդ քաղաքացիական ինքնաթիռներով ռազմական նշանակության ուղեբեռ կամ մարդուժ չի տեղափոխվում, և Հայաստանն իր տարածքը չի տրամադրում Սիրիայից Նախիջևան տեղափոխված ահաբեկչական խմբավորումներին»։

Պաշտպանության գերատեսչության դիրքորոշումն այս հարցի առնչությամբ այդպես էլ պարզ չդարձավ, քանի որ ԱԺ-ի մշտական հանձնաժողովի ղեկավար Անդրանիկ Քոչարյանը նիստը վարողի իրավունքով թույլ չտվեց օրակարգից շեղվել, բայց անձամբ տեղեկանքի ձևով տեղեկացրեց՝  

«Ահաբեկիչների տեղափոխման խնդրին ՀՀ հատուկ ծառայությունները տեղեկացված են եղել նաև պատերազմի ընթացքում։ Այդ տեղեկատվությունը փոխանցվել են ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների ղեկավարությանը՝ նաև իմ կողմից։ Վերջին անգամ ես այդ փաթեթը փոխանցել եմ ՆԱՏՕ-ի օրերի ժամանակ Հայաստանում գտնվող Ստոլտենբերգի՝ անվտանգության հարցերով խորհրդականին։ Դա ֆիքսվել է, դա լուրջ փաթեթ է։ Կարող եմ ասել՝  դա որպես մեր հատուկ ծառայությունների և  Սփյուռքի շատ լուրջ ձեռքբերումն է։ Շատ փակագծեր չեմ բացելու, բայց իմացեք, որ այդ աշխատանքը միշտ պետք է գտնվի մեր երկրի անվտանգության համապատասխան կառույցների ուշադրության կենտրոնում»։

Ադրբեջանի կողմից Հայաստանի օդային տարածքի օգտագործման հե՞տ է կապված, թե՞ պարզապես զուգադիպել է, բայց խորհրդարանում վերջնական տեսքի է բերվում «Պետական սահմանի մասին» օրենքի օրենսդրական փոփոխությունների նախագիծը,  որով կառավարությունն ակնկալում է ահաբեկչությունից և թշնամական դրսևորումներից Հայաստանի օդային տարածքը պաշտպանել։

Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանի խոսքով՝ հակաօդային պաշտպանության զորքերն իրավասու են ՀՀ անվտանգությանը սպառնալու դեպքում կամ Հայաստանի նկատմամբ թշնամական որևէ գործողություն կատարելիս ուղեկցել ու ստիպել օդանավին կամ թռչող այլ սարքին՝ վայրէջք կատարել օդանավակայաններում կամ համապատասխան այլ տարածքներում, իսկ եթե օդանավը կամ թռչքող այլ սարքը շարունակում է գործողությունները, ապա․

«Հակաօդային պաշտպանության զորքերի ստորաբաժանումները ոչնչացնում են նշված օդանավը կամ թռչող այլ սարքը։ Բացի այդ, 2015–ի դեկտեմբերի 23–ին կնքված և 2017 թվականի հունվարի 11–ին ուժի մեջ մտած ՀՀ և ՌԴ միջև ՀԱՊԿ Կովկասյան տարածաշրջանում ՀՕՊ միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին համաձայնագրի 8–րդ հոդվածի համաձայն խաղաղ ժամանակ կողմերն իրենց իրավունք են վերապահում որոշում կայացնել ՀԱՊԿ Կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարչածաշրջանային համակարգի կազմի մեջ մտնող իրենց զորքերի կիրառման մասին, ընդ որում՝ զենքի կիրառման կարգը սահմանվում է այն կողմի օրենսդրությամբ, որի օդային տարածքում է գտնվում օբյեկտը, որի նկատմամբ կիրառվում է զենքը»։

Ըստ նախագծի՝ նախատեսվում է պետական սահմանի օդային տարածքի պաշտպանության ժամանակ հակաօդային պաշտպանության զորքերի կողմից հակաօդային պաշտպանության միջոցների օգտագործման կարգ սահմանել։ Այն դեռ սպասվում է կառավարությունից, բայց նաեւ ենթադրվում է, որ խաղաղ ժամանակ կարգավորման առումով կառավարությանն առարկայական գործառույթ կվերապահի։ Խորհրդարանական մշտական հանձաժողովի անդամ, «Քաղաքացիական պայմանագրից» Արմեն Խաչատրյանը բացատրում է՝

«Օրենքում կետ է ավելացվում, համաձայն որի՝ հակաօդային պաշտպանության միջոցների օգտագործման կարգը սահմանելու է ՀՀ կառավարությունը։ Օրենքի մեջ բացակայել է այս դրույթը, և հակաօդային պաշտպանության միջոցների կիրառումը որևէ ձևով կանոնակարգված չի եղել։ Այդ չկանոնակարգումը կարող է առաջացնել այնպիսի իրավիճակներ, որ միևնույն հանգամանքներում, փաստական իրադրության պայմաններում տարբեր մոտեցումներ լինեն, տարբեր միջոցներ կիրառվեն և այլն։ Այդ իսկ պատճառով տրամաբանական է, որ որոշակի կարգ պետք է սահմանվի, թե որ դեպքում ինչ միջոցներ պետք է կիրառվեն, որքան ժամանակում և այլն։ Արդեն նախատեսում ենք, որ կառավարությունը կարող է սահմանել այդ միջոցների կիրառման կարգը»։

Իշխանական պատգամավորներից Վահագ Ալեքսանյանը ընդդիմադիր գործընկերներին խորհուրդ է տալիս շահարկումների թեմա չդարձնել Ադրբեջանի կողմից Հայաստանի օդային տարածքն օգտագործելը։ Հիշեցնում է, որ Հայաստանը Քաղաքացիական Ավիացիայի Միջազգային Կազմակերպության` ԻԿԱՕ-ի անդամ է, մշտապես պահպանել է այդ կառույցի կանոնադրությունը, ըստ որի՝ այլ երկրների քաղաքացիական օդանավերի համար օդը պետք է միշտ բաց լինի։ «Չի կարելի բացել մի բան, որը երբեք չի փակվել»,- իշխանություններին ուղղված մեղադրանքին պատասխանում է Ալեքսանյանը․

«2013-ից Ադրբեջանը սեփական նախաձեռնությամբ էր դադարեցրել Հայաստանի օդային տարածքով իր ավիափոխադրումները՝ հիմնավորելով, որ դրանով փորձում է Հայաստանին տնտեսական վնաս հասցնել։ Եթե չեմ սխալվում, օդային տարածքը օգտագործելու պարագայում համապատասխան գումար է վճարվում համապատասխան պետությանը»։  

Ոչ միայն օդային, այլև ցամաքի սահմաններում տիրող իրավիճակն է մտահոգում պատգամավորներին։ Ավելի ճիշտ այն իրողությունը, որ վերջին բախումների և ադրբեջանցի զինվորականների՝ մայիսին Հայաստանի տարածք ներխուժման ժամանակ հայ զինվորականները ոչ թե զենքով են դիմադրել, այլ ծեծկռտուք է տեղի ունեցել  անգամ փայտերով։ «Ծեծկռտուք» ձևակերպումը տվել են հենց պաշտոնյաները։ Պաշտպանության փոխնախարարը կրկին խոսում է չկրակելու ենթադրյալ հրամանի մասին։

«Կարող եմ պնդել, որ չկրակելու մասին հրաման որևէ պաշտոնատար անձի կողմից չի տրվել վստահաբար։ Ինչ վերաբերում է նշված ժամանակահատվածում ծեծկռտուքներին, ապա դրանք իրավիճակից բխող, հենց զինվորականների՝ այդ պահին, պահի թելադրանքով իրականացվող չասեմ քայլեր, գործողություններ են, որոնք կարող են և գնահատականի արժանանալ։ Ուսումնասիրություններ այդ առումով իրականացվում են»։

Ուսումնասիրություններից բացի ինչո՞ւ պատասխանողներ չկան՝ հարցն արդեն պարզաբանում է պաշտպանության և անվտանգության հարցերի խորհրդարանական մշտական հանձնաժողովի ղեկավար Անդրանիկ Քոչարյանը․

«Դուք տեղյա՞կ եք՝ որքան թերացած զինվորականներ են հանվել գործից, տեղյա՞կ եք՝ որքան քրեական գործեր կան։ Ամեն ինչն իր ժամանակին։ Քրեական գործերի մասին ժամանակից շուտ խոսելը պարզապես չի կարելի»։

Ինչ վերաբերում է Հայաստանի ԶՈւ-երի բարեփոխման հայեցակարգին, որի մասին դեռ սեպտեմբերին էին խոսում, ապա այն ամենայն հավանականությամբ կուրվագծվի մինչև տարվա վերջ։ Այս պահին նախարարությունում աշխատում են մի շարք օրենքների փոփոխության վրա։

Back to top button