ԿարևորՀասարակություն

Պետության վրա հույս դիր, երբ ինքդ արդեն փորել ես պաշտպանության առաջին խրամատը․ Կարեն Վարդանյանը կդառնար 58 տարեկան

Հիդրոինժեներ։ Արտոնագրված 7 գյուտի հեղինակ։ Հասարակական- քաղաքական գործիչ, 2005-20 թթ՝ ամենամեծ բիզնես ասոցիացիայի՝ ԱՏՁՄ-ի գործադիր տնօրեն։ Այսօր արդեն հանրապետությունում 16 000 երեխա ինժեներական անվճար կրթություն է ստանում նրա և նրա գաղափարների շնորհիվ։ Նրա ջանքերով էին կյանքի կոչվում Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսը, «Դիջիթեք էքսպո»-ն, «Դիջիթեք» բիզնես ֆորումը, Հայաստանում տեխնոլոգիական ոլորտի զարգացումն ապահովող տասնյակ նախագծեր։

Այս ամենը նրա մտքի, ջանքերի ու գործի արդյունքն է։ Կարեն Վարդանյանն այսօր կդառնար 58 տարեկան։

Կյանքում ամենակարևորն ու ուժեղը պետք է լինի ծառայություն մատուցելու մոտիվացիան․ ծառայություն ընտանիքին, հայրենիքին, աշխարհին։ Այսպես էր ինքը կարծում, գործում և պատգամում․ Կարեն Վարդանյան․

«Բոլորս ըստ մեր հզոր, կռվող տղաների գործի անենաշատը գիտենք, որ դա ամենաուժեղ մոտիվացիան է։ Պարզ է, չէ՞, որ Լեոնիդ Ազգալդյանը կամ Մովսես Գորգիսյանը չէին առաջնորդվում փողի, անվտանգության, սովորելու, իրենք իրենց ներկայացնելու մոտիվացիայով նրանք առաջնորդվում էին ծառայության մոտիվացիայով, և դա է այն հզորությունը, որը մարդկանց հասցնում է բարձունքների, պահում է մեր երկիրը ու ապահովելու է մեր երկրի առաջընթացը»։

Մեծ նպատակներ ու փոքր ամբիցիաներ․ նրան առավելապես հենց անունով էին դիմում։  Կարենի երազանքները մեծ էին, շատերի համար անիրատեսական թվացողի կողքին նա իր ստորագրությունն էր դնում․ «կատարված է»։ 

Հայաստանը դժվար կացության մեծ է եղել նախորդ 5000 տարում, դժվար կացության մեջ է լինելու նաև հաջորդ 5000 տարիներին։ Որտե՞ղից է սկսվում եւ որտեղից սկսել երկրի  պաշտպանությունը․ պետության վրա հույս դնել պետք է, սակայն միայն այն ժամանակ, երբ արդեն ինքդ փորել ես պաշտպանության առաջին խրամատը․

«Առաջին խրամատը քո նման մարդկանց հետ միավորվելն է, ընդհանուր շահեր ունեցող և ընդհանուր պաշտպանությունն ապահովելն է։ Դա լինում է ասոցիացիաների, արհմիությունների միավորումների և այլ ձևերով։ Իմ երազանքն է, որ մենք Հայաստանում խմբեր ունենանք, որոնք իրար հետ քննարկեն ինչ–որ խնդիրներ, ընդհանուր շահեր գտնեն ու ընդհանուր շահերը պաշտպանեն»։

Մեծ գաղափարը՝ փոքր ու համակարգված քայլերով․ սա վերաբերում է ոչ միայն կրթական, գիտական, բիզնես կամ այլ գաղափարներին․ ասում էր՝ երկրի պաշտպանությունը սկսվում է ամեն ընտանիքում այն պաշտպանել կարողացող մեկի առկայությունից․

«Կարծում եմ՝ պարտավորություն է ամեն ընտանիքում ունենալ առնվազն մեկին, որն ընտանիքը կպաշտպանի այդ պահին (չեմ ասում՝ կազմակերպելու է համայնքի պաշտպանությունը և այլն), բացի բանակից։ Ես կարծում եմ՝ դա պետք է առօրյա մի բան լինի, որ ամեն ընտանիքում պարտավորություն լինի, որ կա մեկը, որ կարող է այդ ընտանիքը պաշտպանել»։

Սրտից սիրտ, ոչ թե դասագրքերից՝ կրթական ծրագրով․ գիտելիքը, փորձն ու խորհուրդը, ըստ Կարեն Վարդանյանի, այսպես է պետք կամրջել։ Այս միտքն էր նաև 2012-ին «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների ստեղծման ծրագրի հիմքում։ Նման մասշտաբային գաղափարը և դրա փորձերը դիտվում էին համարձակ, բայց   գրեթե անիրականանալի ծրագրեր։
Կասկածելու տեղ չմնաց։  Այսօր արդեն Հայաստանում, Արցախում, Ջավախքում, Հնդկաստանում գործում է «Արմաթի» 600 խմբակ, որը նախնական ինժեներական կրթություն է տալիս 16 000 աշակերտի։

Կարենը մարգարե կամ պայծառատես չէր։ Սովորական, շարքային մարդ էր, բայց այնպիսին, ինչպիսին պիտի լինի մեզանից յուրաքանչյուրը։

Ցուցադրել ավելի
Back to top button