ԿարևորՀասարակություն

Պատերազմի ժամանակ հայտնաբերած հրազենը ապօրինի պահելու գործի նախաքննությունն ավարտվել է

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:  

Ինչպես հայտնում են քննչական կոմիտեից, քննությամբ պարզվել է, որ 38-ամյա տղամարդը հանդիսանալով համայնքապետարանի աշխատակից 2020թ. Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմի ժամանակ համայնքապետարանի կողմից լիազորվել է իրականացնել առաջնագծում գտնվող դիրքապահներին անհրաժեշտ սնունդ և պարագաներ մատակարարելու գործառույթը: 2020թ. նոյեմբերի 9-ից հետո, կատարելով ստանձնած պարտականությունները, Քարվաճառում գտվող «Թարթառ» գետի մոտակայքից գտել է հրազեն հանդիսացող «ТОЗ-8» մոդելի «32116» համարի 5,6մմ տրամաչափի սպորտային-որսորդական ակոսափող հրացան, որն ապօրինի կերպով փոխադրել և պահել է իր տանը կից ավտոտնակում: Նշված հրազենը խուզարկությամբ հայտնաբերվել և առգրավվել է:      

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 38-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ցուցադրել ավելի
Կարդացեք նաև
Close
Back to top button