ԿարևորՀասարակություն

Ո՞վ ում փոխարեն պետք է վճարի․ ջուրը կթանկանա, գազն ու հոսանքը՝ դեռ պարզ չէ

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը մասնակի բավարարել է «Վեոլիա Ջուր»  ընկերության՝  2022 թվականի հունվարի 1-ից ջրի սակագինը բարձրացնելու հայտը։ Օգոստոսի 9-ին ընկերությունը դիմել էր հանձնաժողով ու առաջարկել հաջորդ տարվանից ջրի սակագինը սահմանել 223.7դրամ։ Սակայն հանձնաժողովը որոշել է սոցիալապես անապահովների համար ջրի սակագինը թողնել անփոփոխ՝ 180 դրամ, մյուս բաժանորդների համար սահմանել 200 դրամ։ Սպառողների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունների մի մասն, ըստ էության, դեմ է սակագների տարբերակված մոտեցմանը։

Հանձնաժողովում  նաեւ էլեկտրաէներգիայի ու գազի գներից են խոսել․ հոսանքի սակագնի բարձրացման հայտ չեն ստացել, սակայն սեփական նախաձեռնությամբ են սկսել ուսումնասիրությունը։ Արդյունքները պարզ կլինեն տարեվերջին։

Իսկ թե գազի գինը կփոփոխվի՞  դեռ պարզ չէ։  Ռուսական կողմի հետ դեռ քննարկվում է    սահմանին գազի գինը։

200 դրամ՝ 180 դրամի փոխարեն․ սպառողները 2022 թվականի հունվարի 1-ից  20 դրամով ավելի կվճարեն «Վեոլեա Ջուր»  ընկերությանը։ ՀԾԿՀ–ում հաշվարկել են, թե  միջին սպառողի ծախսը որքան է ավելանալու։ Հանձնաժողովի սակագնային  քաղաքականության վարչության պետ Աշոտ Ուլիխանյան.

«Միջին սպառողի համար, որը ամսական 15–20 խորանարդ մետր ջուր է սպառում, 20 դրամի ավելացումը 300–400 դրամ հավելյալ գումար է կազմելու»։

«Վեոլիա Ջուր»  ընկերությունը դեռ օգոստոսին էր դիմել հանձնաժողով ու առաջարկել ջրի սակագինը բարձրացնել ոչ թե 20, այլ մոտ 50 դրամով։ Բարձրացման  հայտի հիմքում սղաճն է, էլեկտրաէներգիայի ծախսը, մոտ 75 տոկոս կորուստները։ Հանձնաժողովի սակագնային  քաղաքականության վարչության պետ Աշոտ Ուլիխանյանը կարծում է՝  կորուստների ցուցանիշը բարձր է։

«Ընկերությունն, ըստ վարձակալության պայմանագրի, պարտավորված է նվազեցնել կորուստները։ Եթե ինքը դա չի անում, ապա անկախ աուդիտի գնահատականը ստանալուց հետո համապատասխան պատասխանատվության միջոցներ կկիրառվեն ընկերության հանդեպ»։

Հանձնաժողովը մոտ երեք ամիս ուսումնասիրություն ու մոնիթորինգ է կատարել ու որոշել՝ սոցիալապես անապահով մոտ 83 հազար ընտանիքի համար ջրի սակագինը կմա նույնը՝ 180 դրամ։ Սպառողների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունների համար տարբերակված այս մոտեցումը հասկանալի չէ  տարբերակված մոտեցումը։ «Սպառողների աջակցման կենտրոն» կազմակերպության նախագահ Աշոտ Միրզոյան․

«Ինչո՞ւ  պետք է բոլոր սպառողները վճարեն անապահով խավի համար։ Նրանք 83 հազար են, իսկ իրականում այնպես է ստացվել, որ Հայաստանի կեսն անապահով վիճակում է գտնվում»։

ՀԾԿՀ նախագահ Գարեգին Բաղրամյանի խոսքով՝  հեծանիվ չեն հորինել, սա աշխարհում ընդունված մոտեցում է.

«Ինձ համար շատ տարօրինակ է, որ դուք չեք ուզում վճարել սոցիալապես անապահով խավի համար։ Այդ նույն տրամաբանությամբ էլ կարող է նրան  հասնենք, որ թոշակ էլ չվճարենք, այդ մարդիկ չեն աշխատում, քանի որ այդ թոշակները ձեր եկամտային հարկից են վճարում։  Դա ի՞ նչ մոտեցում է»։

Ջրի սակագնի բարձրացումն իր հետ շղթայական թանկացման է բերելու՝ «Ռադիոլուր»–ին իր մտահոգություններն է փոխանցում «Սպառողների ասոցիացիա»-ի փոխնախագահ Սյուզաննա Չիլինգարյանը։ Կարծում է՝ ջրի հետ ուղղակի կամ անուղղակի կապ ունեցող բիզնեսի ծախսերը կավելանան, դրա հետ էլ՝ գները.

«Արտահանման հետ կապ ունեցող բիզնեսը լուրջ խնդիրներ  է ունենալու։ Նրանք ինքարժեքի բարձրացումով են ներկայացնելու իերնց արտադրանքը։ Սա արդեն արտաքին շուկայում մրցակցության խնդիրներ է ստեղծելու տեղական բիզնեսի համար»։

ՀԾԿՀ-ում հակադարձում են՝ մոնիթորինգով պարզել են՝ բոլոր այն ընկերությունները, որոնց գործունեությունը հիմնված է ջրի վրա, հիմնականում օգտվում են ոչ թե «Վեոլիա Ջուր» ընկերությունից, այլ սեփական խորքային հորերից։

Հատկանշանական է, որ Հայաստանի հետ պայմանագրում նոյեմբերին կատարված փոփոխություններով՝ ջրամատակարար ընկերությունն առաջիկա տասը տարիներին ջրի սակագնի էական բարձրացում այլեւս չի կարող անել։

Հանձնաժողովում  նաեւ էլեկտրաէներգիայի ու գազի գներից են խոսել․ «Ռադիոլուրի» հարցին ի պատասխան՝ հանձնաժողովի սակագնային  քաղաքականության վարչության պետ Աշոտ Ուլիխանյանը տեղեկացնում է՝ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հայտ չեն ստացել։ Սակայն սեփական նախաձեռնությամբ արդեն մի քանի ամիս է՝ ուսումնասիրություն են անցկացնում էլեկտրաէներգետիկ համակարգի բոլոր ընկերություններւմ։ Արդյունքները պարզ կլինեն տարեվերջին։  
Թե եկող տարի սպառողի համար գազը կթանկանա՞՝ դեռ հայտնի չէ․ ռուսական կողմի հետ քննարկվում է սահմանին գազի գինը։  Մարտի 31-ին ավարտվել է «Գազպրոմ էքսպորտ» ԲԲԸ  և «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի պայմանագրի երկարաձգված ժամկետը․ դեռ ։ Ավելի  վաղ ընկերությունից «Ռադիոլուր»-ին պարզաբանել էին, որ սպառողներին վաճառվող բնական գազի սակագների ձևավորման վրա ազդում են բազմաթիվ գործոններ։ Դրանց վերլուծության արդյունքներով ընկերությունը մշտադիտարկում է սակագների վերանայման հայտ ներկայացնելու նպատակահարմարությունը։

Ցուցադրել ավելի
Back to top button