ԿարևորՀասարակություն

Ձեռագրերը վերադառնում են վանքեր․ Մատենադարանի և Տավուշի թեմի նոր նախաձեռնությունը

Միջնադարյան վանքերում ստեղծված և Մատենադարանում պահվող ձեռագրերը կվերադարձվեն վանքեր․ այս նպատակով առաջիկա 1 տարվա ընթացքում Մատենադարանում 12 ձեռագիր կկրկնօրինակվի ու կփոխանցվի Տավուշի թեմին։

Ձեռագրերը կցուցադրվեն Հաղարծինի վանական համալիրի փոքրիկ թանգարանում։ Միջնադարյան վանքերը գրչության կենտրոններ են եղել՝ ասում է Մատենադարանի գիտական գծով փոխտնօրեն Կարեն Մաթևոսյանը: Ըստ նրա՝ այս նախաձեռնությունը յուրահատուկ հնարավորություն է վանքերում ստեղծված և Մատենադարանում պահվող ձեռագրերը ինչ-որ կերպ նորից վանքեր վերադարձնելու։

«Կարծում եմ, որ սա լավ նախաձեռնությունը է, քանի որ ի վերջո ձեռագրերը տվյալ շրջանի մշակութային կյանքը ներկայացնող արդյունքներ են, և տեղում դրանց ցուցադրությունը մի տեսակ ավելի է հարստացնում է այն բովանդակությունը, որը ներկայացվում է զբոսաշրջիկներին և մեր ժողովրդին»,– ասում է Կարեն Մաթևոսյանը։

Հաղարծինում կցուցադրվեն Տավուշի մարզի վանքերում՝ Հաղարծինում, Գոշավանքում, Խորանաշատում, Վարագավանքում ստեղծված ձեռագրերը։ Մատենադարանի փոխտնօրենն ասում է՝ ներկայացվող բոլոր 12 ձեռագրերն էլ արժեքավոր են, սակայն առանձնացնում է Մխիթար Գոշի աշխատությունները։ Կարեն Մաթևոսյանը հիշեցնում է՝ նման նախագիծ նախկինում ևս իրականացվել է։

«Արցախում ունենք Մատենադարանի մասնաճյուղ, որտեղ ներկայացվում են Արցախում ստեղծված ձեռագրերի կրկնօրինակները, Մոմիկի թանգարանում էլ ունենք ցուցադրություն, և հնարավոր է հետագայում այլ տեղերում ևս նման ցուցադրություններ ունենանք»,– ասում է Մատենադարանի փոխտնօրենը։

Ձեռագրերի ընտրությունը Մատենադարանի գլխավոր ավանդապահ, գիտությունների դոկտոր Գևորգ Տեր Վարդանյանը Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Եպիսկոպոս Գալստանյանի հետ միասին են իրականացրել։ Բագրատ Սրբազանը կարևորում է նախաձեռնությունը և հույս ունի, որ Աստծո կամոք այն նաև շարունակական կլինի, կընդգրկի մյուս վանքերը։

«Երկար ժամանակ մենք այս ուղղությամբ գործընթաց էինք իրականացնում, հիմա ուրախ եմ, որ արդեն վավերացնում ենք այս գործընթացը։ Ձեռագրերը մեր ինքնության վկայագրերն ու վկայաթղթերն են, և մենք ցանկացանք, որ Հաղարծինի վանքը իր ամբողջ բովանդակւթյամբ նաև այս վկայագրերի արտահայտողը լինի․ մենք չենք ուզում, որ մարդիկ գան պարզապես քարեր տեսնեն ու հեռանան»,– ասում է Բագրատ Եպիսկոպոս Գալստանյանը։

Նախաձեռնությունը կյանքի կոչելու համար Մատենադարանի և Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի միջև պայմանագիր է կնքվում։ Երկու կառույցների համագործակցության արդյունքում 2022–ի վերջին արդեն Հաղարծինի վանական համալիրում կբացվի ցուցադրությունը։ Բագրատ Սրբազանը բոլորին հրավիրում է, ինչպես ինքն է ասում, սքանչելի Տավուշ աշխարհ։

Ձեռագրերի կրկնօրինակումը հնարավորություն է տալիս հազվագյուտ ձեռագրերը երկար ցուցադրելու և, որ ամենակարևորն է, դրանք չվնասելու։ Մատենադարանի ձեռագրերի կրկնօրինակման բաժնի վարիչ Լիլիթ Ամիրջանյանն ասում է՝ հաճախ նույնիսկ ձեռագրի կրկնօրինակը բնօրինակից տարբերել հնարավոր չի լինում։ Շեշտում է՝ կրկնօրինակման աշխատանքը բարդ, քրտնաջան ու հաճախ նաև անձնազոհություն պահանջող աշխատանք է։

«Աշխատանքի ընթացքը սկսվում է նախ գծանկար պատկերի կրկնօրինակումից այնուհետև գունազարդում ենք և ավարտում ոսկեպատումով ու մշակումով։ Աշխատակիցների մի մասը կնկնօրինակողներ են, մյուս մասը մակետավորողներ, ովքեր կտրում են, թղթերը կարում են, կազմում, հնեցնում և ստանում ձեռագրի հին տեսքը»,– ասում է Լիլիթ Ամիրջանյանը։

Ամենաբարդը Կիլիկյան ձեռագրերի կրկնօրինակումն է՝ ասում է Լիլիթ Ամիրջանյանը։ Տավուշի ընտրված ձեռագրերի մեջ ևս բարդ, բայց մասնագետների համար հաղթահարելի տեխնիկաներ կան, բացի այդ որոշ ձեռագրեր մաշված, գրեթե անընթեռնելի էջեր ունեն, նախկինում էլ երբեք չեն կրկնօրինակվել։12 ձեռագիր, 12 նկարիչ–վարպետ և 1 տարի․  աշխատանքը բարդ, բայց իրականանալի ու պարտավորեցնող է՝ ասում են մասնագետները։

Ցուցադրել ավելի
Back to top button