ԿարևորՀասարակություն

Կապան–Ճակատեն․ այլընտրանքային ճանապարհով դեպի Հայաստանի հարավային դարպաս

Տաթև -Աղվանի ճանապարհն է դեպի Սյունիք՝ Հայաստանի հարավային դարպաս։  Կապան հասնելու համար սա առաջին այլընտրանքային ճանապարհն է, որից արդեն պետք է օգտվենք, քանի որ ադրբեջանական կողմի ներկայությունը Հայաստանի ճանապարհներին պարտադրել է փոխել մեր երթուղին։ Կապանից Ճակատեն ու հարակից մյուս գյուղեր տանող ճանապարհը եւս փոփոխվել է։  Կրկին անհրաժեշտ է շրջանցիկ ճանապարհով գնալ։ Ճանապարհը կիսում ու այլ ուղղություն են թելադրում ադրբեջանական 2 անցակետերը։

Նոյեմբերի 15-ին Ճակատենի կյանքը փոխվեց․ այդ օրը ԱԱԾ-ն հայտարարեց ադրբեջանական անցակետի տեղադրման մասին։ Կապան խոշորացված համայնքի 6 գյուղեր՝ Ճակատենը, Շիկահողը, Սրաշենը, Ներքին Հանդը, Ծավը և Շիշկերտի   հիմնական ճանապարհով հայկական մեքենաների երթեւեկը դադարեց։

Այս գյուղեր տանող միակ ասֆալտապատ ճանապարհը ներկայում Մեղրիով է։ Նախկինում առավելագույնը15 րոպե էր պահանջվում մարզկենտրոն Կապանից Ճակատեն տանող 6 կմ-ն անցնելու համար։ Այժմ ավելի քան 3 ժամ է պետք․ Կապան-Ճակատեն ճանապարհն այժմ շուրջ 180 կմ է։

Կա եւս մեկ ուղի՝ բարդ ու դժվարանցանելի, մինչ նոյեմբերի 15-ը գործողին գրեթե զուգահեռ։ Փորձ է արվում այն հնարավորինս կարգի բերել, մինչեւ կկառուցվի նոր հիմնական ճանապարհ։

Կապանից  բարձր թափքով մեքենայով ուղևորվում ենք դեպի Ճակատեն։ Բայց  մինչ կհասնենք գյուղ՝ Կապանի բարձունքից երևում են  թշնամու դիրքերը։ Բայց Կապանն էլ ափսեի  նման տեսանելի է   թշնամուն։

Ադրբեջանցիների հաջորդ  անցակետը Ճակատեն գյուղ հասցնող  ճանապարհի սկզբնամասում է։ Ադրբեջանական ներկայության հետեւանքով ճանապարհային խնդիրների առջեւ հայտնված Ճակատեն  ու մյուս  6 գյուղեր հասնել հնարավոր է  այլընտրանքային ճանապարհով։ Այն բավականին դժվարանցանելի է,  բազմաթիվ շրջադարձերով, երթևեկը շատ բարդ է։  Թեթև  մարդատար մեքենայով հնարավոր չէ անցնել։  Որպես լուծում՝ գյուղացիներին տրամադրվել են ամենագնացներ՝ ՈւԱԶ մակնիշի մեքենաներ, օրական երկու անգամ ապահովում են գյուղի կապը Կապանի հետ։ Գյուղացիները մտահոգվում են՝ առայժմ հնարավոր է այդ մեքենաներով երթևեկել, ձյան հետ իրավիճակն ավելի կբարդանա։ Մինչև գարուն հավանաբար չեն հասցնի ասֆալտապատել Կապանից Ճակատեն բերող այլընտանքային դժվարանցանելի ճանապարհը։ 

Ավելի քան մեկ ժամ է պահանջվում, որ «Ռադիոլուրի» թիմին տեղափոխող մեքենան ճանապարհի ցեխից ու տիղմից հաջողվի դուրս բերել։ Այն էլ գյուղացիների ու ճանշինի աշխատակիցների օգնությամբ։  Ստիպված ենք հետ դառնալ ու գնալ ճանշինի առաջարկած շրջանցիկ ուղով։

Մի քանի փորձից հետո մեզ հաջողվեց դուրս գալ։

Կապանի այս համայնքների  բնակիչները տեղաշարժի,  պարենի, բուժօգնության եւ կրթության կազմակերպման լուրջ խնդիրների առաջ են կանգնել։ Մեր նկարահանող խումբը գյուղ հասնում է երեկոյան։ Զրուցակիցս գյուղի կենտրոնում գտնվող խանութի տերն է՝ Արկադի Ահարոնյանը։

«Դե ինչ կարող եմ ասել, դժվար է շատ։ Ես որ Ժիգուլիով գնում էի,15 րոպե հետո հասնում  էի Ղափան, հիմա ավտո են տվել, ժամը երկուսից դուրս ա  եկել, ժամը հինգին հազիվ հասել։ Ես  եթե Մեղրիով 150 կմ գնամ ապրանք բերեմ գամ,3 ժամ գնամ,3 ժամ գամ։ Էդ մի օրը գնաց կորավ։ Էդ ես  ինչքան ծախս պիտի անեմ, որ էդ  ապրանքը  բերեմ վաճառեմ։ Իմ օգուտն էլ որն ա»։

Զրուցակիցս նշում է՝ համայնքապետարանը գյուղի բնակիչներին օգնություն է ցուցաբերում, առաջին անհրաժեշտության մթերք ու բենզին են հատկացրել։ Հացի խնդրին էլ լուծում է տվել Ծավ գյուղում գործող հացի փուռը։ Բայց դա չի կարող հարցի սպառիչ լուծում լինել.

«Բերել են ալյուր են բաժանել,պեսոկ են տվել։Ինձ բենզին։ Բայց  դե Ծավից էլ հաց են բերել, էն ոչ բոլորին հասավ»

Ճակատեն-Գեղանուշ-Կապան ճանապարհը, որը հիմա պետք է բարեկարգվի ու ժամանակավոր օգտագործվի Ճակատեն ու մյուս 5 գյուղեր հասնելու համար, գործել է 90-ականներին։ Գյուղում հիշում են, որ Ճակատեն հասցնող հիմնական ճանապարհը, որն այսօր ադրբեջանական հենակետի պատճառով հայկական կողմի համար անօգտագործելի է, ադրբեջանցիներն փակել էին նաեւ Արցախյան առաջին պատերազմի ժամանակ։  

Ճանապարհի խնդիրը 6 գյուղի կյանքը հիմնովին փոխելու հետ մեկտեղ խաթարել է նաեւ դպրոցների դասերը։  Ճակատեն եւ մյուս գյուղեր մանկավարժները Կապանից են գալիս։  Սյունիքի մարզպետարանի  կրթության վարչության պետ Հայկ Հարությունը մանրամասնում է՝ փորձել են ելք գտնել․ մասնակի հեռավարի տարբերակն են ընտրել։ Երեխաներն օն-լայն դասերի համար դպրոց են գալիս․ բոլորը չէ, որ տանը համակարգիչ ունեն։  

Ճակատենում և Շիկահողում Կապանից 5-ական ուսուցիչ է գալիս, Սրաշեն՝ 3։

«Չենք սպասում ճանապարհ սարքելուն։ Ուսուցիչների հետ որոշակի պայմանավորվածություն ունենք․ բնակելի պայմանների փնտրտուքի մեջ ենք։ Պայմանները բավարարելուց հետո արդեն իրենց էլ պետք է առաջարկենք գալ մնալ գյուղում։ Բոլորն էլ հասկանում են իրավիճակը ու պատրաստ են տեղում լինել ու դասապրոցես իրականացնել։ Մանկավարժները կապրեն աշխատանքային օրերին  տվյալ բնակավայրու, մնացած օրերը կգան ու կգնան։ Այսինքն՝ երկուշաբթի կգնան, ուրբաթ հետ կգան։ Մեզանից կախված ամեն ինչ անելու ենք, որպես ի երեխաները դպրոց հաճախեն, ու առկա ուսուցում լինի»։

Ճակատեն տանող այլըտնրանքային ճանապարհը, որով այսօր դժվարությամբ, բայց կապ է ապահովվում Կապանի հետ, առաջիկայում կփոխարինվի նորով։ Հենց դա էլ կլինի հիմնականը։ Կառուցումը սկսվել է։ Ներկայում ընթացքի մեջ են հողային աշխատանքները։ Ճանապարհի գործարկումը եկող տարեսկզբին է նախանշվում։

Ցուցադրել ավելի
Back to top button