ԿարևորՀասարակություն

Կադրերի 65-ամյա «Մատենադարանը»․ Հայկական հեռուստատեսության կյանքի ժապավենի 65 կադրերը

Հեռուստատեսային առաջին ողջույնը1956-ին էր։ Էկրանը՝ սև ու սպիտակ։ Շլեպչյանի ժպիտը՝ լայն։  Ողջունելիս միշտ էր ժպտում։ Բայց միայն դա չէր, որ դեռատի աղջկան պետք է դարձներ ու դարձրեց հայկական հեռուստատեսության  լեգենդ։ Նրա  մուտքը հեռուստատեսություն շատ պատահական էր։ 21-ամյա Նառան ռեժիսոր Ժիրայր Ավետիսյանի հետ եկել էր ընդամենը տեսնելու՝ ինչպես են ընտրում հաղորդավարներին։ Հմայք, արտաքին, ձայն, շնչառություն, ատամնաշար, տրամաբանություն։ Հաղորդավարների ընտրության չափանիշերն էին։ 250 մասնակցից մոսկովյան ժյուրին միաձայն հենց նրան ընտրեց՝ Նառա Շլեպչյանին։ Անկյունում կանգնած աղջկան նկատեցին, առաջ կանչեցին։ Հենց նա դարձավ հայկական հեռուստատեսության առաջին հաղորդավարուհին։    

«Ամենևին չէի սպասում, որ կընդունվեմ, մանավանդ, որ չեմ էլ պայքարել։ Բայց ստացվեց։ Երկար ժամանակ միայնակ եմ աշխատել։ 25 հոգանոց խմբում միակ հաղորդավարն էի։ Բայց այսօր հպարտանում եմ, որ այդպիսի տաղանդավոր խումբ է եղել»։

Աղջկա՝ էկրանին հայտնվելն ընտանիքը միանշանակ չընդունեց։  Հեռուստատեսային առաջին եթերից երկու օր առաջ Նառայի հորը՝ Սուրեն Շլեպչյանին է այցելում «հատուկ» պատվիրակություն՝ աղջկա «ձեռքն ու ձայնը» խնդրելու։ Նառա Շլեպչյանը հեռուստատեսություն մտավ ժամանակավոր, մնաց  մինչ օրս։

«Ես հիմա երբեմն  զարմանում եմ, որ 65 տարի եսաշխատանքի մեջ եմ։ Հեռուստատեսությունը ոնց որ իմ զավակը լինի՝ փայփայելով, սիրելով»։    

Արդեն 65 տարի է՝ կապույտ էկրանը խոսում է հայերեն։ Հայկական հեռուստատեսությամբ առաջին հեռարձակումը 1956-ի նոյեմբերի 28-ին էր։ Հոբելյանական միջոցառումը բացում է Նառա Շլեպչյանը։ Սիրտը թրթռում է, ինչպես 65 տարի առաջ․

Բեմից առաջ դիմահարդարման սենյակում արտաքինի վերջին շտկումներն են։

 «Ես շտապում եմ»։

Թղթից օգտվել չի սիրում։ Անգիր պետք է ասեմ՝ ժպտում է ու տեքստը ցածրաձայն  կրկնելով քայլերն արագացնում։

Հանրային հեռուստաընկերության տասնամյակների եթերի ամենօրյա աշխատանքն արխիվացված է։ Տեսաձայնային ֆոնդը հարստանում է ամեն օր։ Արխիվացված ցանկացած պատկեր որքան ներկայից հեռանում է, այնքան ավելի է հետաքրքրանում եւ արժեւորվում․ Մարատ Օրդյանի ամենշաբաթյա «Մեր արխիվը» հաղորդումը հենց այս մասին է։

«Գիտե՞ք՝ հանրայինում  հարուստ արխիվներ ունենք։ Ռադիոյի արխիվներից ոչ պակաս։ Ձայնը պահելն ավելի հեշտ է եղել, քան պատկերը։ Առհասարակ, պատկեր պահելու ձև գոյություն չի ունեցել, միայն կինոժապավենով։ Բայց կինոժապավեններով ինչ ունեցել ենք, պահել ենք, հետո տեսաժապավեններով ինչ ունեցել ենք՝ դա ենք պահել։ Այնպես որ հետ չենք մնում ռադիոյի արխիվից»։

Խորհրդային Միությունում այս կամ հաղորդման ոչ բոլոր վարողներն էին հաղորդավար կոչվում։ Կար հատուկ հաղորդավարական բաժին, ու  լսարանը նրանց անունները չմոռացավ։ Անուններ, որոնք իրենք են պատմում իրենց մասին։ Ամենահամակրելի․ դժվար է լսարանում գտնել մեկին, որ համամիտ չլինի այս դիտարկման հետ։ Արմեն Ամիրյան՝ հեռուստատեսության եւ ռադիոյի ամենաբարեհամբույր ժպիտով պրոֆեսիոնալը։

Ամեն օր՝ բոլորի տանը։ Այս մարդիկ տասնամյակներով ձեր տուն են մտել անգամ առանց դուռը թակելու։ Հանրային հեռուստաընկերության հիմնադրման 65-ամյակի միջոցառումը վարում են ներկա ու նախկին հաղորդավարները։

Հեռուստատեսության պատմությունը վավերագրողները 65 տարին առանձնացրել են ըստ տասնամյակների։ Հինը համադրվել է նորի հետ, ավանդույթները փոփոխվել են, բայց պահպանել։ Մարատ Օրդյանն ու  Ֆելիքս Խաչատրյանը բեմին են՝ որպես հաղորդավարների հին ու նոր սերունդ։

«Հանրային հեռուստատեսությունը նոր փուլում է։ Բայց նկատենք, որ Հանրայինը մշտապես փորձել է պահպանել լավագույն ավանդույթները և արժևորել է անցյալը։
Այո՛,  հանրայինն այսօր նոր փուլում է։ Բայց այդ նորն ուղիղ 65 տարի առաջ սկսված հեքիաթի շարունակությունն է»։

Հանրային հեռուստատեսությանը սահմանադրական առաքելություն է վերապահված։ Այն նաեւ այլ կարեւոր անելիք ունի՝ կուտակված հսկա փորձը փոխանցել ապագա սերունդներին՝ ասում է հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանը։ Հենց այն սերունդը, որն ունի երազանքներ, մոտիվացիա, պետք է մրցակցության միջոցով հայտնվի հանրայինում, նշում է տնօրենը։

Հեռուստաընկերություն, հեռուստաընտանիք բնորոշումները շատ են։ Այստեղ համադրվում են անցյալը, ներկան ու ապագան: Իսկ 65-ամյա երիտասարդի կյանքում սա վերագնահատման պահն է։

Ցուցադրել ավելի
Back to top button