ԿարևորՀասարակություն

Իրականությունն ընդունելը՝ հետպատերազմյան շրջանում հոգեբանական թիվ մեկ խնդիր

44-օրյա պատերազմից հետո Հայաստանում գործում է պատերազմում վիրավորված, գերեվարված անձանց, ինչպես նաև զոհվածների, գերեվարվածների և անհետ կորածների հարազատներին հոգեբանական աջակցություն տրամադրելու  ծրագիր։

Հոգեբանների կոնսորցիումի շուրջ 80 մասնագետները թիրախային խմբերին աջակցում են ինչպես Հայաստանում, այնպես էլ Արցախում։  Որքանո՞վ են վերոնշյալ խմբերն օգտվում ընձեռված հնարավորությունից, ի՞նչ արդյունավետությամբ է ընթանում ծրագիրը․ այս հարցերի և, առհասարակ, պատերազմի հոգեբանական հետևանքների մասին խոսելիս «Ինտրա» հոգեկան առողջության կենտրոնի հոգեթերապևտ Իռեն Թաիրյանը  «Ռադիոլուրին» տեղեկացնում է․

«Նշված խմբերի ներկայացուցիչների հետ աշխատելիս ունենում ենք ութ հանդիպում, բայց դրանից հետո էլ նրանց համար մենք միշտ հասանելի ենք։ Կան դեպքեր, երբ մեկ-երկու հանդիպումը բավարար է, և մասնագետին մնում է ընդամենը   ուղղություն ցույց տալ այցելուին։ Բայց կան նաեւ դեպքեր, երբ շատ ավելի երկարատև աշխատանքի կարիք կա։ Մեր մեծագույն խնդիրն այն է, որ մարդիկ իրենց ցավը, հույզերը  սովորաբար պահում են ներսում։ Այս հանդիպումների արդյունքում անձը  սովորում է  հասկանալ,  ապա ինչ-որ առումով նաև կառավարել  իր հույզերը, ինչը զգալիորեն թեթևացնում է վիճակը»։

Պատերազմից հետո ամենատարածված և դժվար հաղթահարելի խնդիրները հատկապես հաշմանդամ դարձածների շրջանում են, որոնք ստիպված են ընդունել իրականությունը։ Ըստ հոգեբանի՝ նրանց հետ աշխատում են հատուկ եղանակով։ «Բնականաբար, ծանր խնդիրներ ունեն նաև զավակներ կորցրած ծնողները։ Նրանք  կյանքում պետք է նոր իմաստ գտնեն, ինչը շատ բարդ է»,-ասում է Իռեն Թաիրյանը։

Պետպատերազմյան հոգեբանական խնդիրները դրսևորվում են ոչ միայն անհատների, այլև ողջ հանրության շրջանում։  Հայ հասարակության հոգեբանական առողջության ներկա վիճակը մասնագետն այսպես է բնութագրում․

«Լարվածության ու տագնապի աստիճանը չափազանց բարձր է, մարդիկ իրենց անպաշտպան են զգում։ Կարևոր է, որպեսզի մարդիկ վերադառնան իրենց բնականոն կյանքին, վերականգնեն շփումները։ Բայց այստեղ խնդիր կա․կատարվածի շուրջ անգամ ամենահարազատ մարդիկ կարող են վիճել, որովհետև տեսակետերը շատ տարբեր են։ Պետք է հնարավորինս խուսափել  այն թեմաներից, որոնք լարվածություն են առաջացնում։ Կարևոր է յուրաքանչյուրի մոտեցումը՝ հնարավորինս թեթևացնել իր վիճակը, որովհետև դրանից կշահեն ոչ միայն ինքը, այլև շրջապատը և ամբողջ հասարակությունը»։

Ցուցադրել ավելի
Back to top button