ԿարևորՍպորտ

Վերբացվել է Արմավիրի քաղաքային մարզադաշտը

Այսօր տեղի է ունեցել Արմավիրի քաղաքային մարզադաշտի վերաբացման արարողությունը։ Ինչպես հայտնում են ՀՖՖ-ից, մարզադաշտն ունի 3100 նստատեղ և կարող է ընդունել միջազգային հանդիպումներ:

Վերաբացման պաշտոնական արարողությանը ներկա են գտնվել ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը, Արմավիրի քաղաքապետ Դավիթ Խուդաթյանը և ՀՀ փոխվարչապետ, Արմավիրի նախկին մարզպետ Համբարձում Մաթևոսյանը, կառավարության այլ անդամներ։

ՀՀ փոխվարչապետը ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի հետ շրջել են մարզադաշտում, ծանոթացել կատարված աշխատանքներին, մարզադաշտի ընձեռած տեխնիկական հնարավորություններին և վերականգնված կարողություններին:

Արմավիրի մարզադաշտի վերակառուցման շինարարական աշխատանքները սկսվել են 2018թ.՝ տեխնիկական պատճառներով կասեցվելով 2019թ.: 2021թ. շինարարական աշխատանքները վերսկսվել են նոր նախագծով: Վերակառուցման ծախսերը կազմել են 688 միլիոն ՀՀ դրամ: Մինչ այդ, մարզադաշտի տարածքում կառուցված է եղել 4 խաղադաշտ (երեքը՝ բնական, մեկը՝ արհեստական), որոնց արժեքը կազմել է 400 միլիոն ՀՀ դրամ: Շինարարության հիմնական մասն իրականացվել է ՀՖՖ-ի կողմից՝ ՖԻՖԱ-ի և ՈՒԵՖԱ-ի մասնակի աջակցությամբ:

1980թ. հիմնադրված Արմավիրի մարզադաշտը սկզբում կրել է «Հոբելյանական» անվանումը: 1985թ. այստեղ անցկացվել է Աշխարհի երիտասարդական առաջնության խմբային փուլի՝ Կոլումբիա-Թունիս հանդիպումը:

Ցուցադրել ավելի
Back to top button