ԿարևորՔաղաքական

«Պառակտում չկա»․ ինչո՞ւ «Ազատագրական շարժում» նախաձեռնությունը մասերի բաժանվեց

«Ազատագրական շարժումը» մեկ շաբաթ առաջ ձևավորված նախաձեռնություն էր, որի նպատակն առաջին փուլում հետևյալն էր․ պահանջել իշխանություններից հրապարակել ենթադրյալ այն փաստաթուղթը, որը կարող է հիմք հանդիսանալ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծման և սահմանազատման գործընթացի համար։ Ասել է, թե կանխել սահմանազատման և սահմանագծման, ըստ իրենց, հայկական շահերին հակասող ծրագիրը, ինչպես  նաև Սյունիքով «միջանցք» չտրամադրել հակառակորդին և զինել բանակը: Ազատագրական շարժման մաս էր կազմում նաև «5165» շարժումը, սակայն  շարժման առաջնորդ Կարին Տոնոյանը հայտնեց՝ իրենք շարունակելու են իրենց պահանջն առաջ տանել առանձին․ «Մեկշաբաթյա ընդվզումն ու բողոքի ակցիան շարժման համար ավարտվեց կազմակերպված ուխտագնացությամբ դեպի Էջմիածին»։ Ազատագրական համատեղ պայքարն ինչո՞ւ ավարտվեց, արդյո՞ք քաղաքական պայքարի նպատալով ձեւավորված շարժման «ճաքերի» պատճառը ներքին անհամաձայնություններն են Հրապարակում հնչող հայտարարությունների վերաբերյալ։

Մեկ շաբաթ առաջ սկսված «Ազգային ազատագրական» շարժման մաս կազմող «5165» շարժումն այլևս հրապարակում կազմակերպվելիք ցույցերի չի մասնակցի, նախընտրում է պայքարի այլ ձևաչափ։ Շարժման ներկայացուցիչներից Մենուա Սողոմոնյանը տեղեկացնում է՝ «5165» շարժումը Հայաստանի Հանրապետության անվտանգությանը, տարածքային ամբողջականությանն ուղղված սպառնալիքները և Արցախյան հիմնախնդրի հարցում քայլերի շարունակականությունը կանխելու նպատակով պահանջում է ՀՀ կառավարության հրաժարականը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։ Այս համատեքստում շարժման անդամը վստահեցնում է, որ փողոցային պայքարն այս պահին տեղափոխվում է քաղաքական կոնսուլտացիաների փուլ` հետագայում ավելի մեծ թափով վերսկսելու համար.

«Նախաձեռնելու ենք հանդիպումներ ու կոնսուլտացիաներ ՀՀ քաղաքական դաշտի բոլոր ուժերի, հասարակական բոլոր միավորումների ու հանրային ճանաչում ունեցող բոլոր անհատների հետ, ովքեր կիսում են մեր մտահոգություններն ու հանաձայն են մեր պահանջին։ Հանդիպումներ ենք ունենալու նաև մարզերում` հասարակական կառույցների ժողովրդի հետ։ Այս գործընթացի օրակարգը կառավարոթյան հրաժարակն է և համերաշխության օրակարգի ձևավորումը»։

Շարժման առաջնորդ Կարին Տոնոյանը շտապեց փարատել այն կասկածները, թե Ազատագրական շարժման անդամների հետ եղել են խնդիրներ․  վստահեցրեց՝ պառակտում չկա։ Խորհրդակացկան սեղանի շուրջ է որոշումը կայացվել՝ ասում է Տոնոյանը և նշում. «Իրենք ուզում են պահել հրապարակը, մենք մեկ շաբաթվա ընթացքում համոզվեցինք, որ մինչև համազգային համախմբում չլինի, մենք չենք կարող հասնել Նիկոլ Փաշինյանի և Կառավարության հրաժարականին».

«Ժողովուրդը քիչ է դուրս գալիս հրապարակ, բաժանված է «սիրեմ-սիրեմի» կառուցվածքով, և չկա այն ընկալումը, որ մենք դուրս չենք գալիս, որ մեզ սիրեն, հանուն ինչ-որ անձի դուրս չենք գալիս պայքարի, այլ հանուն Հայաստանի։ Ունենք հստակ ծրագիր՝ համազգային համախմբմամբ ստեղծել կառավարություն և միասին գնանք։ Որևէ ուժ միայնակ չի կարող գալ, քանի որ ժողովրդի մի մասը մեկին է դեմ, մյուս մասը՝ մյուսին»։

Մի կողմից համազգային համախմբման կոչ, մյուս կողմից՝ պայքարի այլ ձևաչափ։ Արդյո՞ք չկա հակասություն։ Ազատագրական շարժման առաջնորդներից Վազգեն Պետրոսյանը շեշտում է՝ ոչ։ «Պարատադիր չէ՝ նույն դրոշի տակ գործենք»,–ասում է Պետրոսյանը և հայտնում, որ «5165» շարժման անդամներն ի սկզբանե եղել են «Ազատագրական շարժման» անդամների կողքին, բայց ոչ որպես կուսակցություն։ Իսկ հայտարարված հեռանալը նշանակում է պայքարի մեթոդաբանության փոփոխություն։ «Մինչ շարժման մեկնարկը «5165» շարժումը հայտարարում էր, որ պետք է հրապարակվի դեմարկացիայի և դիլիմտացիայի գործողություններն ամրագրող փաստութուղթը, սակայն Սոչիում տեղի ունեցավ եռակողմ պայմանագրի ստորագրում, իսկ մեզ համար կարևոր էր, որ նման փաստաթուղթ ընդհանրապես չստորագրվի»,–պարզաբանում է Պետրոսյանը և նշում, որ փաստաթղթի ստորագրումից հետո «5165» շարժման անդամները հայտարարեցին հրապարակից հեռանալու մասին։

«Հիմնական խնդիրն այսօրվա իշխանությունների հեռացումն է։ Ե՞րբ է տեղի ունենում համախմբում, երբ մարդիկ հանուն մի ծրագրի սկսում են աշխատել, բայց հանուն այդ ծրագրի մարդկանց ճաշակները այլ են։ Հիմա մեր մեթոդաբանությունն այս պահին այլ է, տիկին Տոնոյանենցը՝ այլ։ Դա չի նշանակում, որ համախմբում չի։ Բոլորս անպայման չէ, որ մի դրոշի տակ հավաքվենք։ Այդպես չի լինում։ Ամեն մեկն իր դրոշն ունի, և այդ դրոշով է գնում, իր մեթոդաբանությամբ, և կարող է ինչ–որ մի պահի ծրագրերը չհամընկնեն, բայց նորից եմ կրնկնում, չի նշանակում, որ համախմբում չկա»։

Շարժման մյուս անդամ Նաիրի Հոխիկյանը նույնպես պնդում է՝ քաղաքական նույն պահանջով պայքարը տարբեր ձեւաչափերով շարունակելը պառակտում չէ․ «Կային տեխնիկական հարցերի շուրջ տարաձայնություններ, բայց ոչ՝ գաղափարական»։

Երբ Ազատագրական շարժումը Գորիսից սկսեց իր մեկնարկը, քաղաքական դաշտ նետվեցին տարբեր զրույցեր՝ թե որ քաղաքական ուժը կամ ուժերն են կանգնած շարժման անդամների կողքին, ո՞ր աշխարհաքաղաքական բևեռի կողմից են ֆինանսավորվում։ Շարժման անդամները հրապարակավ հերքում են որևէ ուժի հետ առնչությունը և պնդում՝  իրենք ազգային գաղափարախոսությամբ են առաջնորդվում։

Back to top button