ԿարևորՀասարակություն

Միջազգային հանրությունն արձագանքում է երրորդ եռակողմ հայտարարությանը. ո՞վ է կարևորում ՀՀ շահը

Աշխարհաքաղաքականությունն արդեն նախանշել է այն ճանապարհը, որով պետք է գնան Հայաստանն ու Ադրբեջանը․ Փաշինյան-Պուտին-Ալիեւ արդեն երրորդ եռակողմ հայտարարությունից հետո միջազգային հանրությունը մի կողմից խոսում է երկխոսության և տևական խաղաղություն հաստատելու անհրաժեշտության մասին, մյուս կողմից հաստատում, որ հակամարտության ոչ բոլոր հարցերն են լուծվել արցախյան վերջին պատերազմից հետո։

Իրավիճակը հանգուցալուծելու Մոսկվայի ջանքերին զուգահեռ նկատվում է նույն գործում արևմուտքի ակտիվությունը։ ՄԱԿ–ը Երևանին և Բաքվին կոչ է անում հակասությունները լուծել երկխոսության միջոցով, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո։ Կառույցի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը պատրաստակամություն է հայտնել՝ ՄԱԿ-ը պատրաստ է աջակցել բոլոր նման ջանքերին, այդ թվում՝ մարդասիրական օգնության տրամադրման միջոցով: Սոչիի հանդիպումից մոտ 20 օր անց Փաշինյանն ու Ալիևը հերթական անգամ հանդիպելու են։ Բրյուսելում ձևաչափը լինելու է դեմ առ դեմ։ Այդ հանդիպման նախաձեռնողը Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելն է։ Իսկ մինչ այդ՝ միջազգային ամենատարբեր հարթակներից հնչում են գնահատականներ ու դիտարկումներ եռակողմ նոր հայտարարությունից ակնկալիքների մասին։

Միջազգային հանրությունը սկսել է ավելի բարձր խոսել այն մասին, ինչ մեկ տարի առաջ կատարվում էր բոլորի աչքի առաջ։ Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ Ֆաբիո Մասիմո Կաստալդոյի խոսքով՝ հակամարտության հավասարակշռված փոխզիջում գտնելու հարցում ԵՄ-ն կաջակցի Հայաստանին, որպեսզի չավելանան Հայաստանի՝ արդեն իսկ կրած հսկայական կորուստները։ Լուծման հեռանկարներ գործիչը տեսնում է, բայց զգուշացնում․ այն կպահանջի համբերություն և ժամանակ։

«Հաջող դիվանագիտական լուծումներ, հեռանկարներ, անշուշտ, կան, ու Եվրոպական միությունը կկանգնի ձեր կողքին՝ առաջարկելով անհրաժեշտ աջակցություն վերակառուցման ու հակամարտության հավասարակշռված փոխզիջում գտնելու հարցում, որը չի ավելացնի Հայաստանի՝ արդեն իսկ կրած հսկայական կորուստները։ Հայ համայնքների ձայնը լսելի է, մենք ոչ մի դեպքում չենք կարող հանդուրժել մարդու իրավունքների հետագա ոտնահարումները, այլևս չենք կարող ընդունել, որ ուժն ու ռազմական հզորությունը գերակայեն օրենքի գերակայությանն ու ժողովրդավարությանը»։

Եվրոպական խորհրդարանում Հայաստանի հետ բարեկամության խմբի նախագահ Լուկաս ֆուռլասը չկարգավորված հարցերի շարքում առաջին հերթին նշում է Արցախի չլուծված կարգավիճակն ու մինչ օրս Ադրբեջանում պահվող գերիների խնդիրը։

«Թշնամին մեզանից շատերին քաջ հայտնի է և ընդհանուր։ Ցավոք, հայերը ստիպված էին ինքնուրույն դիմակայել այդ թշնամուն։ Մենք չենք պատրաստվում ձեզ մենակ թողնել։ Արցախում հայությունն ունի իրավունքներ, և այդ իրավունքները ոտնահարված են։ Մենք չենք լռելու, քանի դեռ նրանք չեն վերագտել իրենց իրավունքները։ Մինչև օրս ադրբեջանցիների գերության մեջ գտնվող բազմաթիվ մարդիկ չեն վերադարձել իրենց ընտանիքներ։ Ես ձեզ խոստանում եմ, որ մենք չենք դադարելու ԵՄ–ում լինել ձեր ձայնը, քանի դեռ չկա արդարություն»։

Սոչիից հետո Փաշինյան-Ալիև հաջորդ դեմ առ դեմ հանդիպումը մի քանի օրից է՝ Բրյուսելում։ Սեփական նախաձեռնությամբ և առանձին հեռախոսազրույցներով հանդիպման համաձայնությունը ձեռք է բերել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը։ Որոշ վերլուծություններով՝ եվրոպական կառույցը ջանալու է, որպեսզի այդ հանդիպման արդյունքներով ադրբեջանական գերությունից ազատի ևս մի քանի մարդու։  

Ադրբեջանում պահվող գերիների մասին է խոսում նաև ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հետախուզության հարցերով հանձնաժողովի նախագահ, կոնգրեսական Ադամ Շիֆը։

«Ճիշտ հենց հիմա հազարավոր մարդիկ Հայաստանում ու Արցախում ապրում են իրենց հարևանների կողմից վտանգավոր ու շարունակական սպառնալիքի պայմաններում, միաժամանակ, սգալով անթիվ մարդկանց կորուստը՝ իրենց հարևանների, ընտանիքի անդամների, սիրած մարդկանց, ովքեր սպանվում են, գերեվարվում, տեղահանվում, խոշտանգվում ու ապօրինաբար ձերբակալվում։ Որպես Կոնգրեսի հայկական խմբի փոխնախագահ՝ ես հանգիստ չեմ լինի, մինչև մենք տուն չվերադարձնենք բազմաթիվ գերիներին, մինչև փախստականները չվերադառնան իրենց տները և տարածաշրջան չբերենք վերջնական ու արդար խաղաղություն»։

Որ 44-օրյա պատերազմը չբերեց ոչ լուծում, ոչ խաղաղություն, ոչ էլ կայունացում, հաստատում են տարբեր երկրների պաշտոնյաներ։ Ինչ է խոստանում նոր եռակողմ հայտարարությունը՝ ակնկալիքները միանշանակ չեն։

Բերլգիայի դաշնային սենատի պատգամավոր Կարլ Վանլաույեն խոստովանում է՝ միշտ ուշադիր հետևել է Արցախի բնիկ հայ բնակչության խնդրին։ Իր կուսակցության և բարեկամական խմբի անունից շեշտում է․  

«Մենք վճռականորեն աջակցում ենք հայ ժողովրդի ինքնորոշման պայքարին և հարգում ենք նրա պատմությունը, մշակույթը, լեզուն և միասնական ապագան։ Արցախի վերաբերյալ մենք տարբեր բանաձևեր ենք ընդունել, բայց դեռ շատ աշխատանք կա անելու։ 2020 թվականի զինադադարի համաձայնագրից մոտ մեկ տարի անց Արցախի հայ ժողովրդի համար կայուն լուծում դեռևս չի գտնվել»։

Արցախյան չլուծված խնդրի մասին է խոսում նաև Ուրուգվայի արևելյան կառավարությունից Դանիյել Ռատիոն․ «Այսօր սարսափելի վիճակում գտվող Արցախի ժողովուրդն աջակցության կարիք ունի։ Ողջ աշխարհն ականատես եղավ անցյալ տարի Ադրբեջանի կառավարության ագրեսիային, որը, ցավոք, կրկնվում է այս տարի»։

Միացյալ Թագավորության համայնքների պալատում Հայաստանի հետ բարեկամության խմբի նախագահ Թիմ Լոութոնը վստահեցնում է՝ բրիտանական խորհրդարանում փորձում են բարձրաձայնել Հայաստանի խնդիրները։ Կարծում է, որ Միացյալ Թագավորության ակտիվությունը խնդրի լուծման գործում կարող էր լինել ավելին, քան կա․  

«Մենք փորձում ենք բարձրացնել Հայաստանի հարցը և կանխել ադրբեջանցիների կողմից շարունակվող վայրագությունները ԼՂ–ում հակամարտությունից ի վեր։ Ես հանդիպումներ եմ ունեցել ԱԳ նախարարի հետ, մենք խնդիրը բարձրացրել ենք խորհրդարանական քննարկումների ժամանակ։ Մենք խնդիրը բարձրացրել ենք այն համատեքստում, որ սա ակնհայտորեն այն հարցն է, որ Մեծ Բրիտանիան և արևմտյան այլ երկրներ պետք է ավելի լուրջ դերակատարում ունենան։ Ըստ իս՝ Մեծ Բրիտանիայի կառավարությունը շատ ավելի բարձր դերակատարություն պետք է ունենա»։

Միջազգային հանրության ձգտումներն Արցախում բարձր են գնահատում։ Կարևորում են ինչպես խաղաղության և կայունության նպատակը, այնպես էլ՝ այդ նպատակին հասնելու համար Հայաստանի ու Ադրբեջանի ներկայացուցիչների պարբերական հանդիպումները։ ՄիաժամանակԱրցախում հստակ պատկերացնում են այն «կարմիր գծերը», որոնք պետք է չխախտվեն։ Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայան․

«Մեզ համար մի բան է պաարզ, որ մենք՝ Արցախը, երբեք չենք լինելու Ադրբեջանի կազմում, սա մեզ համար անընդունելի է լինելու, բացի դրանից մենք չենք հրաժարվելու դեօկուպացիայի մեր խնդրից։ Այն տարածքները, որոնք ադրբեջանը զավթել է մենք համարում ենք մեր անքակտելի մաս։ չպետք է մտածենք, որ մեզանից չէ կախված, այսպիսի թյուր կարծիք կա։ Եթե ասենք, որ չենք ուզում լինել Ադրբեջանի կազմում, ի՞նչ է, միջազգային հանրությունը կոտորելո՞ւ է մեզ, ի՞նչ պետք է անի։ Պետք է հարգի մեր իրավունքը, որովհետև այլ տարբերակը կամ պաատերազմն է, կամ Արցախի հայաթափումը։ Ես չեմ կարծում, որ չկա աշխարհաքաղաքական շահագրգռվածություն, որպեսզի Արցախը մնա։ Այդ շահագրգռվածությունը կա ամենաուժեղ պետությունների կողմից։ Մյուս կողմից՝ եթե նույնիսկ ամենաուժեղ պետությունը քո կողքին կանգնի, բայց քո հասարակությունը որևէ արժեքների հետամուտ չլինի , որևէ մեկը չի կարող պահպանել այդ հասարակությունը։ Այն կործանվելու է։ Ու դրա համար ամեն ինչ կախված է մեզանից»։

Դավիթ Բաբայանը սկզբնական փուլում չի վստահում Ադրբեջանի հետ ձեռք բերված պայմանավորվածությունների պահպանմանը։

Հետպատերազմական շրջանում ադրբեջանական ամենօրյա ագրեսիայի մասին խոսում է նաև Եվրոպական խորհրդի պատատգամավոր Ֆրանսուա Ալֆոնսին։

«Հայ ժողովրդը Եվրոպայի այլ ժողովուրդներից մեկն է՝ դուրս ԵՄ սահմաններից, բայց մեր ընդհանուր տարածության մեջ։ Հայ ժողովուրդը ենթարկվում է ամենավտանգավոր ագրեսիայի․ ագրեսիա իր տարածքի դեմ, ագրեսիա ժողովրդավարության դեմ և ագրեսիա իր պատմական իրավունքի դեմ»։

Այս բոլոր խոսքերին զուգահեռ՝ միջազգային հանրությունը շարունակում է խոսել տարածաշրջանի ապաշրջափակման մասին։ Եթե ԵԱՀԿ ՄԽ միջնորդական առաքելության հետ կապում են արցախյան խնդրի քաղաքական լուծումը, ՄԱԿ–ն առաջարկում է իր  աջակցությունը մարդասիրական օգնության տրամադրման հարցում։  

Քաղաքական գործիչներին զուգահեռ՝ թվիթերում տարածաշրջանային իրավիճակին առնչվող գրառում է արել ֆրանսիական «Le Figaro» ամսագրի փոխտնօրեն Ժան-Քրիստոֆ Բյուսոնը։ Նա անդրադարձել է Թուրքիայի նախագահ Էրդողանի՝ անհանգստացնող նոր իմպերիալիստական ելույթին։ էրդողանը կոչ էր արել թուրքալեզու երկրներին՝ իրենց աջակցությունը հայտնել Ադրբեջանին՝ «Զանգեզուրի միջանցքի» հարցում:

«Le Figaro» ամսագրի փոխտնօրենը թվիթերում գրել է․ «Սյունիքը Հայաստան է, էրդողանը՝ պատերազմ հրահրող»:

Back to top button