ԿարևորՄշակույթ

Ինչո՞ւ հենց Արմավիրը․ Հայաստանում սկսել է զարգանալ գինու տուրիզմը

Հայաստանում կա 100-ից ավելի գինու գործարան, որոնցից ընդամենը մոտ 20-ն է բացում իր դռները զբոսաշրջիկների առջեւ։ Խաղողագործության և գինեգործության հիմնադրամի վիճակագրական այս դիտարկումը «Ռադիոլուր»-ին փոխանցում է հիմնադրամի միջազգային ծրագրերի փորձագետ, նորարարական գինու զբոսաշրջության մագիստրոս Հայարփի Շահինյանը։ Հայաստանը գինու զբոսաշրջության կամ էնոտուրիզմի զարգացման դեռ շատ նախնական փուլում է՝ ասում է զրուցակիցս ու շեշտում՝ եւ սա այն դեպքում, երբ տարբեր առիթներով ու տարբեր միջազգային հարթակներում փաստում ենք մեր՝ գինու բնօրրան լինելը։  Մեր երկիրն աշխարհում  գինու տուրիզմի առաջատարներից մեկը դառնալու լուրջ ներուժ ունի՝ ասում է․

«Իր գրավչությամբ, գինեգործական արժեքներով զբոսաշրջիկներին հատկապես Վայոց ձորի մարզն է հետաքրքիր, քանի որ այնտեղ է Արենիի հնավայր-հնձանը։ Արագածոտնի և Արմավիրի մարզերն իրենց հնավայրերով և հնձաններով ևս թույլ են տալիս գինու զբոսաշրջության փորձառություն ապահովել։ Արարատի մարզը դեռևս տրանզիտային վիճակում է, Արենի այցելելիս նաև կանգառ է լինում այդտեղ։ Մեծ պոտենցիալ ունի նաև Տավուշի մարզը զբոսաշրջության այս տեսակի զարգացման համար, հատկապես Վրաստանից այցելությունների առումով»,-ասում է Հայարփի Շահինյանը։

Եվրամիությունը գինու տուրիզմի նորարական ռազմավարություն է մշակել։ Այն դեռ միայն Արմավիրի մարզի համար է։ Ակնկալվում է, որ Արմավիրի մարզում արտադրվող գինու ճանաչման, արտահանման, փորձի փոխանակման նոր ուղիներ կբացվեն դեպի գինու մշակույթով հայտնի Իսպանիա։ Ինչո՞ւ է հենց Արմավիրն ընտրվել։ Էնոտուրիզմի փորձագետի դիտարկմամբ՝ որովհետեւ այդտեղ են խաղողագործության ամենաընդարձակ տարածքները։ Փորձագետը հույս ունի, որ «Գինու տուրիզմի նորարարական ռազմավարությունները՝ երկրների միջև կապեր ստեղծելու երաշխիք» նախագիծը խոստացվող արդյունքը կտա։ Նախագիծն օրերս է մեկնարկել մարզում, այն իրականացնում է «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ն` Իսպանիայի Վալյադոլիդի առևտրի, արդյունաբերության, ծառայությունների պալատի հետ: «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ի տնօրեն Նաիրա Առաքելյանը «Ռադիոլուր»-ի հետ զրույցում ընդգծում է՝ մինչ օրս մարզում գինու զբոսաշրջությունը չի զարգացել, քանի որ գինի արտադրողները, գինու մշակույթի հետ կապ ունեցողներն այն ուղղակի ուշադրությունից դուրս են թողել։ Ծրագրի հետ նա էլ է նորարարական էնոտուրիզմի զարգացման հույսեր կապում ու շեշտում՝ սրա զարգացումը շղթայաբար մինչեւ տնտեսության այլ ճյուղեր կհասնի։

«Հենց գինու տուրիզմի շնորհիվ հիմքեր ենք ուզում ստեղծել կայուն տնտեսական աճի համար, որովհետև գինին իր հետևից տնտեսական գործունեության մի շարք ձևեր է տանում։ Այստեղ ներառվում են սննդի սպասարկման օբյեկտները, հյուրանոցները, խաղողագործները, նաև արհեստավորները, որոնք ամենատարբեր հուշանվերներ են պատրաստում՝ կապված հենց գինու եւ դրա մշակույթի հետ»,-ասում է ՀԿ նախագահը։

Արմավիրում գինու զբոսաշրջության զարգացման նախագիծը Եվրամիության ծրագրերից է եւ դրա ֆինանսավորմամբ։ Նաիրա Առաքելյանի տեղեկացմամբ՝ արմավիրցի գինեգործներն ու խաղողագործները եկող տարի Իսպանիա կմեկնեն՝ գինու տուրիզմի զարգացման լուրջ փորձառությամբ երկրի գինեգործների գաղտնիքները պարզելու ու փորձը ճանաչելու՝ ասում է ՀԿ նախագահը։

«ԵՄ-ի հետ համագործակցության շնորհիվ  նպատակ ունենք կապեր ստեղծելու եվրոպական այն հայտնի երկրների հետ, որոնք գինու արտադրությամբ են հայտնի։ Փորձի փոխանակման ծրագրին իսպանական կողմից 8 բիզնես-աջակցման կառույցներ են ներգրավված, որոնք օգնելու են մեզ մշակել էնոտուրիզմի բիզնեսի ծառայությունների փաթեթ, ռազմավարությունը, Արմավիրը գինու տուրիզմի գրավիչ կենտրոն դարձնելու հնարավոր ուղիները»,-ասում է Նաիրա Առաքելյանը։

Իսպանացիներն իրենց հերթին են հետաքրքրված գինու հայկական գաղտնիքներով։  Վալյադոլիդի առևտրի, արդյունաբերության և ծառայությունների պալատի ծրագրերի ղեկավար Աննա Աթիենզան իր բացման խոսքում ընդգծել էր, որ շատ ուրախ է աշխատել Հայաստանի հետ՝ որպես գինեգործական ամենահին ավանդույթներ ունեցող երկրներից մեկի: Նախագծի իսպանական կողմի համակարգող Ազուսենա Պերեզ Ալոնսոյի համար ամենաուշագրավը հայ գործընկերների` գերազանց արդյունքների հասնելու մոտիվացիան է:
Ի վերջո, ո՞րն է էնոտուրիզմի զարգացման՝ Հայաստանի այցեքարտը։ Գինու համը և յուրահատուկ տեսակները՝ կարծում է Խաղողագործության և գինեգործության հիմնադրամի միջազգային ծրագրերի փորձագետ Հայարփի Շահինյանը

«Զբոսաշրջիկներին հատկապես հետաքրքրում են տեղածին խաղողի սորտերից պատրաստված գինիները, մասնավորապես, «Հաղթանակ», «Արենի», «Կանգուն» և «Ոսկեհատ» տեսակներից, որոնք դրսում համտեսում են զբոսաշրջիկները և գալով Հայաստան՝ առաջինը դրանք են ուզում փորձել, ճանաչել դրանց արտադրությունը»,-նշում է փորձագետը։

Փորձագետի խոսքով՝ էնոտուրիզմի զարգացման 4 հիմնական ուղղություններից Հայաստանում դեռ կիրառվում է 3-ը՝ գինու գործարան այց և համտես, գինու փառատոների կազմակերպում և էնոտուրիզմին սեմինարներ։ 4-րդ-ը զանգվածային էնոտուրիզմն է, որը փորձագետը շատ ռեսուրսատար է համարում։

Back to top button