ԿարևորՔաղաքական

Երեւանից Արմավիր եւ հակառակը. Արմավիրի նոր մարզպետը կկիրառի ՊԵԿ նախագահի իր փորձը

Արմավիրի նախկին մարզպետ Համբարձում Մաթևոսյանը ՀՀ նախագահի նոյեմբերի 25-ի  հրամանագրով նշանակվել է փոխվարչապետ: Արմավիրի մարզպետի թափուր պաշտոնում կառավարության  նոյեմբերի 26-ի որոշմամբ նշանակվել է պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ  Էդվարդ Հովհաննիսյանը: Նա ծնունդով Արմավիրի մարզի Ալաշկերտ համայնքից է, hայրը՝ Կարեն Հովհաննիսյանը երկար տարիներ ղեկավարում է Ալաշկերտ համայնքը:  Այսօր տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը Արմավիրի մարզպետորանում շնորհակալություն է հայտնել նախկին մարզպետ, փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանին արդյունավետ աշխատանքի համար և ներկայացրել նորանշանակ  մարզպետին: Էդվարդ Հովհաննիսյանը վստահեցրել է նպաստել մարզի զարգացման  ծրագրերի իրականացմանը  

Արմավիրի նախկին մարզպետ Համբարձում Մաթևոսյանը ծանր  զգացողություններով է բաժանվում մարզային գործընկերներից, որոնց հետ արդեն երեք տարի որոշակի ճանապարհ է անցել. միասին են կրել  մարզի առջև ծառացած բեռը: Խնդիրները կարողացել են լուծել պետության համաֆինանսավորմամբ, կառավարության և միջազգային դոնոր կառույցների միջոցով: Սակայն դեռ կան ծրագրեր, որոնք անավարտ են մնացել։ Խոստանում է դրանք վերջնական արդյունքի հասցնել արդեն  փոխվարչապետի պաշտոնում՝ շարունակելով Արմավիրի մարզը  պահել ուշադրության կենտրոնում:

«Շատ գործառույթներ կան, որոնք առնչվում են փոխվարչապետին, հատկապես, 2018թ-ին Արմավիրի մարզի զարգացման ծրագիրն ու տեսլականը մշակելուց  մենք հիմնական շեշտադրումն արել ենք՝ իրատեսական ակնկալիքներ ունենալով, որպեսզի Արմավիրի մարզում  չունենանք կենսական խնդիրներ: Մի փոքր այլ գործառույթներով փորձելու ենք մեր մասնակցությունն ունենալ, փորձելու ենք ուշադրությամբ հետևել զարգացմանը»:

Համբարձում Մաթևոսյանն ասում է՝ կենսական նշանակության  խնդիրներից առաջնայինը  Մ5 ճանապարհի Երևան-Արմավիր հատվածի  վերանորոգումն է, որը մեծամասամբ  վերանորոգվել է, բացի Ակնալճի հատվածից: Ասում է՝ դեռ կան ծրագրեր,  որոնց հիմնաքարն արդեն դրված է և հաջորդ տարում կիրականացնեն: Նախկին մարզպետը հիշեցնում է  արմավիրցիներին երեք տարի առաջ տված իր խոստման մասին

 «2018թ-ին  իմ նշանակման ժամանակ արմավիրցիներին խոստացել եմ մեկ բան, մարզպետի կարգավիճակում հիմնական պատասխանատվությունը հետևյալն է՝ ներկայացնել ՀՀ կառավարությանը Արմավիրի մարզում, բայց իմ խոստումը եղել է հակառակը՝ ես խոստացել եմ ներկայացնել Արմավիրն ու արմավիրցուն կառավարությանը: Ես ուզում եմ նշել, որ մեծ պատվով եմ կրել այդ պատասխանատվությունը և շարունակելու եմ կրել նույն կերպ»։

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը շնորհակալություն հայտնեց Համբարձում Մաթևոսյանին՝ արդյունավետը և համագործակցված աշխատանքի համար, նշեց, որ  կառավարությունը գնահատել է նրա նվիրված աշխատանքն ու ավելի բարձր պաշտոն վստահել.

«Ուզում եմ շնորհակալություն հայտնել պարոն Մաթևոսյանին շուրջ երեք տարի մարզում ծավալած հսկայական աշխատանքի համար: Ես տեսել եմ այն սրտացավութունը, ջանքը, եռանդը, մտահոգությունները, որոնք կապված են եղել  մարզի հետ: Փաստել  և տեսել եմ՝ ձեր մարզում ինչ դրական առաջընթաց կա»։

Գնել Սանոսյանը ներկայացրեց նորանշանակ մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանին: Նա ծնունդով Արմավիրի մարզի Ալաշկերտ համայնքից է, համայնքի երկարամյա ղեկավար Կարեն Հովհաննիսյանի որդին է:  Էդվարդ Հովհաննիսյանը ՊԵԿ-ի նախկին նախագահն էր:  Նա վստահեցրեց, որ իր ողջ ներուժը ներդնելու է պետական կառավարման տարածքային քաղաքականության  արդյունավետ իրագործմանը

«Այն խնդիրները, որոնք դրված են կառավարության առջև, ինչպես ժամանակը եւ անցյալ տարիների փորձը ցույց տվեցին, բարձր ցուցանիշներով կապահովվեն, և մենք համոզված կգնանք առաջ»:

Արմավիրի նորանշանակ մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը խորությամբ ծանոթ է մարզի խնդիրներին և պարտավորվում է թեթևացնել մարզի բնակիչների հոգսերը:

Back to top button