ԿարևորՀասարակություն

«Օմիկրոնին» կճանաչենք 2 շաբաթից․ COVID-19-ը շարունակում է մուտացիայի ենթարկվել

Կորոնավիրուսը շարունակում է մուտացվել․ նոր շտամը՝ «Օմիկրոնը»՝ ԱՀԿ-ն անհանգստացնող է համարել։ Այն Հայաստան դեռ չի անցել, սակայն առողջապահական գերատեսչությունն արդեն որոշ սահմանափակումներ է ձեռնարկում։ Ինչ առանձնահատկություններ ունի այս շտամը, ինչպես կարելի է կանխել դրա տարածումը մեր երկրում և դրա դեմ պայքարում որքանով արդյունավետ կլինեն Հայաստանում առկա պատվաստանյութերը։

Վարակը սկզբում չինական էր։ Հետո զարգացավ՝ դառնալով բրիտանական «Ալֆա»՝ ամենաարագ տարածվող, հետո՝ «Դելտա»՝ ամենակենսունակ շտամ։ Մասնագետները հուշում են՝ մեկնարկել է կորոնավիրուսի մուտացման 4-րդ փուլը՝ Հարավաֆրիկյան «Օմիկրոնն» է հայտնվել։ ՀՊԲՀ ավագ դասախոս, համաճարակաբան Դավիթ Մելիք-Նուբարյանը նշում է՝ նոր շտամի «բնավորությունը» ճանաչելու համար անհրաժեշտ կլինի գոնե 2 շաբաթ․

«Որ վիրուսները էվոլուցիայի են ենթարկվում ու փոխվում են՝ նորություն չի, որևէ անսպասելի բան չկա։ «Օմիկրոն» շտամի մասին մի քանի կարևոր հարց կա, որ մեզ հետաքրքրում է ամենակարևորը՝ հիվանդության ծանրության տեսանկյունից ինչպե՞ս կդրսևորվի, և երկու ամենակարևոր հարց՝ նախկինում վարակված մարդկանց համար սա որքանո՞վ է վտանգավոր և պատվաստանյութերի արդյունավետությունը իջեցնու՞մ է (եթե այո՝ որքանով)»։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը այս շտամը անհանգստություն առաջացնող է համարել․ այն արդեն արձանագրվել է Հոնկոնգում, Բելգիայում, Իսրայելում։ Հայաստանի առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը նշում է՝ այս շտամը Հայաստան դեռ չի հասել․

«Շտամերը նույնականացվում են ոչ թե ՊՇՌ թեստավորման արդյունքում, այլ դրանց սեգմենտավորման արդյունքում, ինչի աշխատանքները Հայաստանում ևս իրականացվում են։ Այսօր էլ արդեն որոշակի նմուշներ ուղարկել ենք լաբորատորիա՝ հետազոտություն անելու համար։ Հենց Հայաստանում (Աստված չանի) հայտնվի, դուք կտեղեկանաք․ այս պահին չունենք»,- նշել է նախարարը։

Նախարարի խոսքով՝ պետք է շարունակել պատվաստման գործընթացը և ուշադրություն չդարձնել այն հակագիտական պնդումներին, ըստ որոնց պատվաստումն անիմաստ է, եթե վարակը շարունակում է մուտացվել․

«Իհարկե մտահոգությունները, թե նորանոր շտամերը ինչպես են ազդելու պատվաստումների արդյունավետության վրա՝ մնում է։ Բայց ինչպես տեսնում եք՝ «Դելտա» շտամի ի հայտ գալու ժամանակ էլ նմանատիպ մտահոգություններ կային։ Այն ինչ–որ առումով իհարկե փոխեց պատկերը պատվաստված քաղաքացիների վարակելիության առումով, բայց պատվաստումներն ապահովում են ծանր, ծայրահեղ ծանր ընթացքից և մահվանից պաշտպանության բավարար շեմ։ Հույս ունենք, որ նոր շտամի դեպքում ևս կպահպանի պատվաստումների արդյունավետությունը»։

Մելիք–Նուբարյանը նշում է՝ սա վստահաբար վարակի վերջին փոփոխությունը չէ։ Մասնագետի խոսքով՝ պատվաստումները կարևոր են նաև հենց այս մուտացիաների ի հայտ գալը կանխելու տեսանկյունից. որքան քիչ լինի վարակի տարածքումը, այնքան քիչ կլինի դրա մուտացվելու հավանականությունը։

Այժմ առկա պատվաստանյութերի՝ այս շտամի վրա ունեցող ազդեցությունը գնահատել դեռ հնարավոր չէ, սակայն համաճարակաբանը վստահեցնում է․

«Ես՝ որպես մասնագետ, կարող եմ գրեթե 100 տոկոս վստահությամբ ասել, որ չի կարող լինել այնպես, որ այսօր առկա պատվաստանյութերը ամբողջությամբ չօգնեն։ Հավանականություն կա, որ կարող է մի քիչ ավելի ազդեցության արդյուանվետությունը նվազի։ Օրինակ՝ «Դելտա» շտամի դեպքում էլ մինչև 10-15 տոկոս ավելի քիչ են օգնում։ Բայց ամբողջությամբ չեզոքացնել պատվաստման հետևանքով առաջացած իմունիտետը կամ բնական ճանապարհով ձեռք բերած իմունիտետը՝ հնարավոր չի»,– վստահ է համաճարակաբանը։

Առողջապահության նախարարը հայտնել է՝ այս շտամի մուտքը Հայաստան կանխելու նպատակով ձեռնարկվելու են որոշ միջացառումներ, մասնավորապես՝  սահմանափակվելու է մուտքը ՀՀ  Հարավային Աֆրիկայից, Զիմբվավեից, Մոզամբիկից, Մադագասկարից, Տանզանիայից և մի շարք այլ երկրներից։

Ցուցադրել ավելի
Back to top button