ԿարևորՀասարակություն

Որ կրկնահանցագործ չդառնան․ պրոբացիոն ծրագիր՝ 4500 դատապարտյալի կյանքը փոխելու համար

Հայաստանում ազատության մեջ, բայց պրոբացիայի ծառայության վերահսկողությամբ իր պատիժը կրում է ավելի քան 4000 դատապարտյալ, նրանց թվում նաև կանայք ու անչափահասներ կան։ Ծառայությունում շեշտում են՝ այս եղանակով պատժի կրումը լուծում է վերասոցիալականացման խնդիրը, նաև նվազեցնում կրկնահանցագործությունների թիվը։ Ծառայությունում նաև կարծում են, որ ամենաբարդն ու պատասխանատուն անչափահասների և կանանց հետ աշխատանքն է։

ԱՆ պրոբացիայի ծառայության Երևանի քաղաքային մարմնի պետի տեղակալ Սիրարփի Մուղդուսյանը անձամբ է անչափահաս շահառուի հետ աշխատել, պատմում է․

Մեր հերոսը, ում պայմանականորեն Արթուր ենք կոչել,17 տարեկան է, տարիներ առաջ միջին ծանրության հանցանք է գործել, դատարանը որոշել է, որ Արթուրը պատիժը կկրի ազատության մեջ, պրոբացիայի ծառայության վերահսկողությամբ։ Մայրը պատմում է՝ մինչև ծրագրի շահառու դառնալը տղան ագրեսիվ էր, հրաժարվում էր դպրոց հաճախել։

«Անչափահաս շահառուն հանցաքը գործելուց հետո, երբ դատապարտվել և եկել էր մեզ մոտ, դուրս էր մնացել կրթությունից, մինչև վերականգնելը նրա հետ երկար աշխատանք ենք տարել, փորձել ենք կրթության նկատմամբ մոտիվացիան բարձրացնել, արդյունքում՝ նա սկսեց դպրոց գնալ և հիմա շատ պատասխանատու է վերաբերվում իր կրթությանը»։

«Փոփոխությունը եղել է հոգեբանին այցելելուց հետո։ Փոփոխությունները միայն դրական են։ Մինչև հոգեբանների հետ աշխատելը ագրեսիվություն ուներ, կոպտություն, բայց հիմա շատ է փոխվել»։

Պրոբացիայի ծառայությունում անչափահաս 30 շահառու ունեն։ Նրանցից ամենափոքրը 15 տարեկան է։ Բոլորը դատապարտվել են, բայցիրենց պատիժը կրում են ազատության մեջ՝ ենթարկվելով որոշ կանոնների ու պահանջների։ Պրոբացիան ազատազրկման այլընտրանքն է, այլ ձևակերպմամբ՝ փորձաշրջան հանցանք կատարած անձի համար։ Նպատակը, մի կողմից, հասարակության անվտանգությունն ապահովելն է, հանցանք գործած անձին պատժելը, մյուս կողմից՝ իրավախախտին  առօրյա կյանքից ու միջավայրից չկտրելը։ 

Հոգեբան Սիրարփի Մուղդուսյանն ասում է՝ ամենադժվար և պատասխանատու աշխատանքը հենց անչափահասների հետ է․ դեռահասությանը բնորոշ ճգնաժամեր, ընտանեկան ու սոցիալական խնդիրներ և նոր սկսվող կյանք։

 «Ասեմ, որ բոլորի հետ խիստ անհրաժեշտ է անհատական հոգեբանական աշխատանք իրականացնել, քանի որ նրանք անչափահաս են, գտնվում են դեռահասության փուլում, դեռ փնտրտուքների մեջ են, ինքնահաստատման խնդիր ունեն և իրենց հետ ճիշտ աշխատանքը շատ կարևոր է հատկապես դատապարտվելուց հետո»,– ասում է Սիրարփի Մուղդուսյանը։

Մուղդուսյանն ասում է՝ անչափահասների պարագայում գերխնդիրը երեխաների անընդհատ կրթությունը ապահովելն ու հասարակության լիարժեք անդամ ձևավորելն է։ Մյուս խոցելի խումբը, ըստ հոգեբանի, դատապարտված կանայք են։ Հասարակությունը նրանց ավելի է թիրախավորում։ Պրոբացիայի ծառայությունում իրենց պատիժը կրում են շուրջ 60 կանայք։

Մեր հերոսուհին 4 տղա ունի։ Հաշվի առնելով հանցանքի մեղմացուցիչ հանգամանքներն ու նախկինում դատվածություն չունենալը՝ դատարանը որոշել է նրա պատիժը սահմանել ազատության մեջ պրոբացիայի ծառայության վերահսկողությամբ։

 «Իհարկե, չկա չարիք առանց բարիքի։ Որպես պրոբացիայի շահառու՝ ես վարսավիրական դասընթացների եմ մասնակցել։ ժամանակին մեծ ցանկություն ունեի վարսավիրություն սովորելու, բայց ֆինանսական հնարավորություններ չունեի։ Արդեն աշխատում են որպես վարսավիր, հիմա՝ հիմնականում իմ շրջապատում, բայց հետագայում միտք ունեմ իմ վարսավիրանոցը ունենալու, քանի որ դա առաջին հերքին իմ ընտանիքը պահելու հնարավորություն է։ Ես չեմ կոմպլեքսավորվում, բայց պետք է հասարակությունը մեզ ընդունի»,– պատմում է Պրոբացիայի ծառայության շահառուն։

Տարբեր ուսումնասիրություններ ցույց են տվել՝ մարդիկ կրկնահանցագործ դառնում են հենց քրեակատարողական հիմնարկներում: Քրեորեն հետապնդելի տարբեր արարքներ կատարելով՝ նրանք հայտնվում են մի վայրում, որտեղ որևէ զբաղվածություն չունեն ու իրար հետ շփվելով ՝ միմյանց են փոխանցում քրեական փորձառությունը։ 2015 թվականին, երբ Հայաստանում ներդրվեց պրոբացիայի ինստիտուտը, նպատակը քրեական արդարադատությունից վերականգնողական արդարադատությանն անցնելն էր։

«Ունենք պատժից պայմանական վաղաժամկետ ազատված շահառուներ, որոնք դատապարտվել են ծանր հանցագործության կատարման համար, բայց պատժից վաղաժամկետ ազատվել են և դարձել մեր շահառուն, կամ նվազ ծանրության հանցագործություն կատարած անձինք, որոնց դեպքում դատարանը անհրաժեշտ չի գտել պատիժը քրեակատարողական հիմնարկում իրականացնելը և փորձաշրջան է սահմանել՝ պրոբացիայի ծառայության վերահսկողությամբ»,– ասում է Մուղդուսյանը։

Դատապարտված անձի համար ամենամեծ խնդիրը, ըստ մասնագետների, աշխատանքի հարցն է։ Գործատուները, որպես կանոն, օրենքի հետ խնդիրներ ունեցած մարդկանց չեն վստահում։ Հենց այս խնդիրը հարթելու համար պրոբացիայի ծառայությունը մի քանի տասնյակ դասընթացներ են կազմակերպում։ Դրանք, մասնագիտական գիտելիքներից բացի, հետագայում նաև սեփական գործը սկսելու հնարավորություն կտան շահառուներին։ Ծառայության տվյալներով՝ 2021թ դրությամբ ազատության մեջ պատիժը կրող 53 դատապարտյալ կայուն աշխատանք ունի։

«Իրականում հասարակության մեջ մենք շատ խնդիրներ ու անելիքներ ունենք։ Մենք դեռ այնքան իրավագիտակից չենք, որ դատապարտված անձանց չպիտակավորենք, գնահատականներ չտանք։ Մեր առաջնային նպատակն այն է, որ այս մարդկանց անձնային աճ տանք, ուժեղացնենք, որ իրենք կարողանան դիմակայել այդ խնդիրներին, իսկ հասարակույթւնը պետք է ընդունի, որ բոլորն էլ կարող են սխալվել և սխալվելուց հետո էլ իրավունք ունեն հասարակության լիարժեք անդամ լինել»։

2021թ 9 ամիսներին պրոբացիայի ծառայությունում հաշվառվել է շուրջ 4.5 հազար անձ։ Լինելով ազատության մեջ՝ նրանց միայն 0.7 տոկոսն է դարձել կրկնահանցագործ՝ ընդամենը 33 անձ։ Պրոբացիայի ծառայությունում այս թվերը բավարար են գնահատում, բայց վերջնական նպատակը համարում են կրկնահանցագործությունների բացառումը։

Ցուցադրել ավելի
Back to top button