ԿարևորՀասարակություն

Մի շարք երկրներից ՀՀ մուտքը ժամանակավորապես կսահմանափակվի․Ավանեսյան

Մի շարք երկրներից ՀՀ մուտքը ժամանակավորապես կսահմանափակվի, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Ստանում ենք անհանգստացնող նորություններ, որ կորոնավիրուսային վարակը շարունակում է ենթարկվել մուտացիայի, հայտնաբերվում են նոր շտամներ, որոնք նախորդներից տարբերվում են իրենց տարածման ակտիվությամբ։ Հարավաֆրիկյան Հանրապետությունում հայտնաբերված «օմիկրոն» ենթատեսակը մոտ 50 մուտացիա է կրում»,- ասաց Ավանեսյանը։

Նախարարի խոսքով՝ մինչև օրվա ավարտը հայտնի կլինի սահմանափակումների նոր կազմը։

«Նախատեսում ենք մի շարք երկրներից, որոնք են՝ Հարավաֆրիկյան Հանրապետություն, Բոտսվանայի Հանրապետություն, Լեսոտոյի Թագավորություն, Նամիբիայի Հանրապետություն, Մոզամբիկ, Մադագասկար և Տանզանիա, այս երկրներից քաղաքացիների մուտքը ՀՀ ժամանակավոր սահմանափակել։ Կլինեն այլ սահմանափակումներ ևս»,- ասել է Ավանեսյանը։

Նրա խոսքով, այս պահի դրությամբ Հայաստանում գրանցված է COVID-19-ի 13 562 ակտիվ դեպք, որոնցից 1092-ը (8.1 տոկոսը) պատվաստված են: Հոսպիտալացված 2900 քաղաքացիներից 102-ն են պատվաստված՝ ընդամենը 3.5 տոկոսը: Ծանր վիճակում գտնվող պացիենտներից ընդամենը 9-ն են պատվաստված:

Ըստ Ավանեսյանի՝ Հայաստանի մեծահասակ բնակչության 21.8 տոկոսը ստացել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի երկու դեղաչափ: Նոյեմբերի 28-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 1 միլիոն 217 հազար 391 քաղաքացի։

Առաջին դեղաչափը ստացել է 781 011 քաղաքացի՝ մեծահասակ բնակչության 39 տոկոսը: Երկրորդ դեղաչափը ստացել է 436 380 քաղաքացի՝ մեծահասակ բնակչության 21.8 տոկոսը:

Back to top button