ԿարևորՀասարակություն

Թուրքիան ու Իրանը խանդում են Արևմուտքի ներկայությանը տարածաշրջանում․ աշխաբադյան հանդիպումների քրոնիկոն

Համաձայնագիր  գազի տարանցման ու փոխանակման մասին, հռչակագիր,  շնորհավորանքներ ու հիացական արտահայտություն Ադրբեջանի հասցեին․ Աշխաբադում  կայացած Տնտեսական համագործակցության կազմակերպության գագաթաժողովի ավարտին անդամ երկրները շնորհավորել են ագրեսոր Բաքվին, իրենց ձեւակերպմամբ՝ տարածքների ազատագրման ու տարածքային ամբողջականության վերականգնման համար և հույս հայտնել, որ իրադարձությունների նման զարգացումը ճանապարհ կհարթի տարածաշրջանում կայուն խաղաղության ու տնտեսական բարգավաճման համար՝ բարիդրացիական հարաբերությունների հաստատման միջոցով։

ԵԱՏՄ անդամ ու դիտորդ երկրների ու ՀԱՊԿ կառույցում ընդգրկված որոշ երկրների՝ Ղազախստանի, Ղրղզստանի ու Տաջիկստանի կողքին նաեւ Իրանն է նման կերպ արտահայտնել, ինչը մեզ՝ հայերիս համար ականջահաճո չէ։ Իրանագետ Արմեն Վարդանյանը հիշեցնում է, որ Իրանը միշտ հավասարակշռված քաղաքականություն է դրսեւորել հարեւանների նկատմամբ եւ առաջին անգամ չէ, որ շեշտում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը.

«Առաջին անգամ չէ, որ նման վարքագիծ է դրսեւորում Իրանը։ Նաեւ 44–օրյա պատերազմից անմիջապես հետո Իրանը շնորհավորեց Ադրբեջանին այսպես կոչված տարածքային ամբողջականության վերականգնման համար»։

Աշխաբադում՝ Ադրբեջանը, Իրանն ու Թուրքմենստանը բացի քաղաքականից շեշտադրեցին նաեւ տնտեսական կապերը ու դրանք ընդլայնելու մտադրությունը․ եռակողմ համաձայնագիր կնքեցին գազի տարանցման ու փոխանակման  մասին։ Ըստ այդմ Իրանը Թուրքմենստանից տարեկան մինչև 2 միլիարդ խորանարդ մետր գազ է ստանալու, նույնչափ էլ փոխանցելու է Ադրբեջանին՝ Աստարայի սահմանին։ Համաձայնագիրն անժամկետ է, և ուժի մեջ կմտնի հաջորդ ամիս՝ դեկտեմբերի 2-ից։

Թուրքմենստանը գազի պաշարներով չորրորդն է աշխարհում, սակայն, դժվարություններ ունի վառելիքը Եվրոպա հասցնելու հարցում.

«Եթե Ադրբեջան գնացող  գազամուղը անցնում է իր տարածքով, դրանից Իրանը ֆինանսական օգուտներ է քաղում։  Նաեւ քաղաքական առումով եւս մի լծակ է ստանում Իրանը՝ Ադրբեջանին ճնշումների ենթարկելու համար։ Դրա համար էլ Իրանական կողմը ոգեւորված էր հանդիպումով»։

 Ուշագրավ էր Ալիեւ– Ռաիսի հանդիպումը։ Իրանի նախագահն անդրադառնալովԻրանի և Ադրբեջանի հարաբերությունները խաթարելու ԱՄՆ-ի և Սիոնիստական ռեժիմի նպատակներին ասաց, որ «Օտարերկրյա միջամտությունը վնասում է տարածաշրջանի երկրներին, և մենք պետք է զգոն լինենք նրանց դավադրություների նկատմամբ։ Ապստամբության և արտաքին միջամտության ճանապարհը փակ է»: 

Ոչ պակաս կարեւոր էինԹուրքիայի ու Իրանի ղեկավարներ՝ Էրդողանի ու Ռաիսիի հանդիպմանը հաջորդած ձեւակերպումները։ Էրդողանն ասաց, թե Իրանը, Ռուսաստանը և Թուրքիան՝ տարածաշրջանի այլ երկրների հետ համագործակցությամբ, կարող են պահպանել անվտանգությունը և կայունությունը տարածաշրջանում։  Իրանի նախագահն էլ  հայտարարեց թե «տարածաշրջանի խնդիրները պետք է լուծեն տարածաշրջանի երկրները, և արտաքին ուժերի ներկայությունն ու միջամտությունը ոչ միայն չի օգնի լուծել խնդիրները, այլև կբարդացնի իրավիճակը»։ Նա նաեւ շեշտեց Իրանի, Թուրքիայի ու Ադրբեջանի կրոնական, մշակութային ու գաղափարախոսական ընդհանությունները.

«Թուրքիան ու Իրանը խանդով են վերաբերվել  Արեումուտքի ներկայությանը տարածաշրջանում։ Դրա համար կողմ են արտահայտվում 3+3 ձեւաչափին, ինչը ենթադրում է, որ տարածաշրջանային խնդիրները պետք է լուծեն տարածաշրջանի երկրները»։

Որքան էլ ոգեւորված լինի Իրանը աշխաբադյան հանդիպումով միեւնույնն է  դեմ է իր հարեւան երկրների սահմանների փոփոխությանը, հստակեցրեց իրանագետ Արմեն Վարդանյանը հիշեցնելով ավելի վաղ այդ առումով Իրանից հնչած հայտարարությունները։ Իրանը կոշտ արտահայտվեց, երբ իրանական հետախուզությունը պարզեց, որ Բաքուն ուժի միջոցով Սյունիքում փորձում է միջանցք բացել։ Սակայն Ճանապարհների հարցում մեր հարվային հարեւան երկիրը առարկություններ չունի։ Այսպես կոչված «Միջանցքի» թեման կրկին ակտիվացավ Սոչիում կայացած Պուտին-Փաշինյան-Ալիեւ եռակողմ հանդիպումից հետո։ Ագրեսոր Ալիեւը հասկացնել տվեց իր հանրությանը թե «միջանցքի» հարցը լուծված է եւ որ Սոչիում կայացած հանդիպումը արդյունավետ էր։ Հանրային խորհրդի նախագահ, Ստյոպա Սաֆարյանն այս առումով իր բացատրությունն ունի․

«Ինքն իր հասարակությանն այնքան է կերակրել, որ չի կարող ասել թե դժգոհ է վերադառնում։ Նա պետք է թողնի հարցը ապագային՝ հասկացնելով իր հասարակությանը թե այն, ինչ ասել է կլինի ապագայում՝ ոչ այս անգամ։ Մինչ այս նա փորձում էր դեմարկացիայի խնդիրը կապել խաղաղության համաձայնագրի հետ, փորձում էր միջանցքը հստակ կապել դեմարկացիայի հետ։ Փորձում էր ստանալ  զանգեզուրյան միջանցք, բայց դա չի ստացվել»։

Քաղաքագետը այսպես կոչված «զանգեզուրյան միջանցքի» մասին շահարկումներին ի պատասխան ֆեյսբուքյան իր էջում հստակեցրել է, որ դա կապ չունի մեր Սյունիքի հետ։ Տնտեսական համագործակցության կազմակերպության հավաքում  այս մասին խոսելով Ալիեւն ըստ նրա Ֆիզուլի-Զանգելան գիծն է նկատի ունեցել ։ Բացի այդ Ալիեւը  Քարվաճառից, Քաշաթաղից սկսած ողջ Արցախի անունը արևելյան Զանգեզուր է դրել’ փորձելով շրջանառությունից դուրս թողնել Արցախ ու Լեռնային Ղարաբաղ անունները։

Ցուցադրել ավելի
Back to top button