ԿարևորՏնտեսական

Էժան հոսանքի նոր հզոր աղբյուր ՀՀ-ում․ գերժամանակակից կայանը կապահովի պահանջարկի 20-25%-ը

Երեւանում այսօր բացվել է 254 Մվտ հզորությամբ համակցված շոգեգազային ցիկլով նոր էլեկտրակայան։ Բացման արարողությանը մասնակցել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Էլեկտրակայանի հիմնարկեքի արարողությունը վարչապետ Փաշինյանի մասնակցությամբ տեղի էր ունեցել  2019 թվականի հուլիսի 12-ին: Ծրագրի իրականացման համար ներդրվել է շուրջ 270 միլիոն դոլար: Կառավարության ղեկավարը ներդրող իտալական «Ռենկո» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Ջովաննի Ռուբինիի ուղեկցությամբ շրջայց է կատարել էլեկտրակայանով, ծանոթացել իրականացված աշխատանքներին:

Կարգաբերման աշխատանքների ավարտից հետո էլեկտրակայանը ՀՀ էներգետիկ ցանցին է մատակարարելու նմանատիպ կայանների կողմից արտադրվող ամենաէժան էլեկտրաէներգիան՝ վստահեցրել է իտալական ընկերության պատասխանատու-ներկայացուցիչը։ Շինաշխատանքներում ներգրավված է եղել 1200 աշխատակից, իսկ էլեկտրակայանի գործարկումից հետո ստեղծվել է մշտական 50 նոր աշխատատեղ:

Չնայած նախորդ երկու տարվա անբարենպաստ պայմաններին՝ ներդրողը ժամանակին ավարտին հասցրեց շուրջ 270 մլն դոլար արժողությամբ ծրագիրը։  Արդյունքում 254 Մվտ հզորությամբ գերժամանակակից կայանը միանում է Հայաստանի էներգետիկ ցանցին՝ իր ներկայությամբ ապահովելով էներգետիկ անվտանգությունը։

Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյան.

«Նոր կայանը 4 տոկոսով ավելի ՕԳԳ ունի, եւ նոր չափորոշիչներ են դրված։ Այս կայանի կառուցումը խոշորագույն ներդրումային ծրագրերից մեկն էր Հայաստանում, եւ կայանի կառուցմամբ, կառավարության նման ծավալի օժանդակությամբ մեկ անգամ եւս փաստում ենք, որ մեր երկրում խոշոր ներդրումներ հեշտությամբ կարող են իրականացվել եւ պետությունն ամբողջովին պատրաստ է գործընկերներին աջակցել»։   

Նախարար Սանոսյանը համոզված է՝ կայանի գործարկումն ավելի մեծ հիմքեր է ստեղծում ոչ միայն ինքնաբավության, այլեւ էներգետիկ համակարգում արտահանման նոր ուղղություններ փնտրելու համար։

Կայանի կառուցման շինաշխատանքներին ներգրավված է եղել 1200 աշխատակից, իսկ էլեկտրակայանի գործարկումից հետո ստեղծվել է մշտական 50 նոր աշխատատեղ: Ինչպես շինարարությանն, այնպես էլ ընթացիկ աշխատանքներին ներգրավված են թե հայ, թե իտալացի եւ թե գերմանացի մասնագետներ։

Նախագծին մասնակցելուց գոհ է նաեւ իտալական կողմը։ Լրագրողների հետ զրույցում իտալական պետական «Սիմեստ» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Մառվո Դալֆոնսոն ասաց՝ բարձր է գնահատում Հայաստանի ներդրումային միջավայրը։ Կարծում է՝ ներդրումներն արդարացված են, իսկ Հայաստանի ներդրումային դաշտը գրավիչ է արտասահմանյան ներդրողների համար՝  հաշվի առնելով, որ Հայաստանը գտնվում է տնտեսական տարբեր համակարգերի խաչմերուկում։ Իր ղեկավարած «Սիմետս» պետական ընկերությունը մասնակցում եւ օգնում է իտալական կազմակերպություններին՝ արտասահմանյան ներդրումներ կատարելիս.

«Սա Հայաստանում մեր առաջին ներդրումային ծրագիրն է, եւ կարող ենք հաստատապես ասել, որ այս ծրագրի հաջողությունը կարեւոր նախադրյալ է, որ իտալական այլ ընկերություններ եւս մտածեն, գան ու հաջողված ներդրումներ կատարեն Հայաստանում»։    

Հիմնական ներդրող եւ  էլեկտրակայանը կառուցած իտալական «Ռենկո» ընկերության նախագահ Ջովանի Գասպարինին վստահեցնում է՝ կիրառված գերժամանակակից տեխնոլոգիաները հնարավորություն են տվել ստանալու նմանատիպ կայանների կողմից արտադրվող ամենաէժան էլեկտրաէներգիան.

«Այն նմանօրինակ կայանների մեջ ամենաէժան արտադրող կայանն է։ 1 կվտ էլեկտրաէներգիայի ինքնարժեքը մոտավորապես 29 դրամ է կազմելու։ Կայանը շատ արդյունավետ է եւ գրեթե 0 ազդեցություն ունի միջավայրի վրա,  ու շատ կարեւոր է, որ ապահովում  ու անվտանգ հոսանք է արտադրում էներգետիկ համակարգի համար»։    

Կայանն աշխատում է գազով, սակայն այն համակցված ցիկլով է, ինչը հնարավորություն է տալիս գազի տուրբինում առաջացող ջերմությունն օգտագործել նաեւ շոգետուրբինի աշխատանքի համար։ Հենց դրա արդյունքում է հնարավոր դառնում նվազագույն գազ օգտագործելով ստանալ առավելագույն հոսանք՝ պարզաբանեց «Ռենկո» ընկերության նախագահը։ Նախնական հաշվարկով՝ արտադրվող 1 կվտ-ի համար 29 դրամ սակագինը երկու բաղադրիչով է հաշվարկված.

«Մի բաղադրիչը կարող է փոխվել միայն այն դեպքում, երբ փոփոխվի գազի գինը. բարձրանալու դեպքում ինքնարժեքը կբարձրանա, իջնելու դեպքում կիջնի, իսկ երկրորդ բաղադիչը՝ հաշվարկված ըստ աշխատանքային ծախսի, 25 տարի մնալու է հաստատուն»։

Ջիովանի Գասպարիի գնահատմամբ՝ հաշվի առնելով Հայաստանում ներկա պահին էլեկտրաէներգիայի սպառման ծավալը՝ շուրջ 1000 մգվտ, կարելի է ասել, որ գերժամանակակից այս կայանը կապահովի այդ պահանջարկի 20-25 տոկոսը։ 

Ցուցադրել ավելի
Back to top button