ԿարևորՔաղաքական

Ավանդական կուսակցությունը դեմ է «միջանցքին», կողմ՝ խելացի ապաշրջափակմանը․ Հայ Դատի հերթական համաժողովը՝ նաև Սյունիքում

ՀՅԴ բյուրոյի Հայ Դատի Կենտրոնական գրասենյակը խորհրդաժողով է անցկացրել Երևանում, որտեղ բարձրաձայնվել են Հայաստանի և Արցախի համար անվտանգային հարցեր և ոչ միայն։ Համաժողովին ներկա են եղել Հայ Դատի ներկայացուցիչներ, ՀՅԴ կուսակցականներ, հյուրեր։

Մենք կուզենք հայտնել, որ Հայ հեղափոխական դաշնակցությունը և Հայ Դատի կառույցները ամբողջովին նեցուկ են Սյունյաց աշխարհին և պատրաստ՝ պաշտպանելու Հայաստանի սահմաններն ամեն մակարդակով, Երևանում կայացած խորհրդաժողովից հետո նշեց ՀՅԴ  Հայ Դատի կենտրոնական խորհրդի նախագահ Հակոբ Տեր–Խաչատրյանը՝ հայտնելով նաև այլ հարցերի շուրջ իրենց մոտեցումներն ու կարծիքները․

«Ինչպես գիտեք, մենք կտրականապես դեմ ենք միջանցքի գաղափարին, բայց այն, որ Հայաստանը պետք է բացվի աշխարհին, հարց չունենք, եթե դա իրականացվի հաշվարկված, մտածված և ձևարկված եղանակով»։

ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի Կենտրոնական գրասենյակի կազմակերպմամբ նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 3-ը Երևանում, Գորիսում և Ստեփանակերտում կգումարվի ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների համաժողով։ Բացումը Երևանում արդեն տրված է։ Խորհրդաժողովին մասնակցում են ներկայացուցիչներ՝ Հայ Դատի ավելի քան 20 հանձնախմբերից և գրասենյակներից, ինչպես նաև  մոտ 50 ՀՅԴ կուսակցականներ։ Համաժողովը հստակ նպատակներ ու սպասելիքներ ունի, ասացին․

«Այսպիսի խորհրդաժողովների նպատակն է քննության առնել նախընթաց շրջանի աշխատանքները, վերաարժևորել դրանք, գնահատել ստեղծված իրավիճակներն ու առկա ռիսկերը և արդեն նոր ժամանակաշրջանի համար ճշգրտել Հայ Դատի հանձնախմի գրասենյակների գործունեության հիմնական ուղղությունները՝ ըստ անհրաժեշտության կատարելով նաև մարտավարական ճշգրտումներ։ Այս խորհրդաժողովը կայանում է բոլորովին նոր պայմաններում և պետք է քննության առնվի Արցախի հիմնախնդրի շուրջ ստեղծված իրավիճակը, ինչպես նաև այն բոլոր ռիսկերն ու մարտահրավերները, որոնց արտաքին քաղաքականության համատեքստում դիմագրավում է հայ ժողովուրդն ու մեր պետությունը»։

ՀՅԴ Հայ Դատի կենտրոնական խորհրդի նախագահ Հակոբ Տեր-Խաչատրյանը խոսեց Արցախի հարցի, սահմանագծման և սահմանազատման աշխատանքների կարևորության, ինչպես նաև ադրբեջանական սադրանքների, լրատվական կեղծիքների մասին։ Նշեց չորս խնդիր, որոնց վրա Հայ Դատը կենտրոնացած է եղել և կշարունակի պահել ուշադրությունը․ Հայաստանի խնդիրների իրազեկում միջազգային հնարավոր բոլոր կառույցներին ու հանրությանը, Հայոց Ցեղասպանության ճանաչում, պահանջատիրությամբ՝ հետևանքների վերացում, հայ ժողովրդի իրավունքների պաշտպանություն Հայաստանի ներսում ու դրանից դուրս և հայ երիտասարդության քաղաքականացման խնդիր․

«Մենք միշտ հայտարարել ենք, որ պետք է վերսկսենք մեր դեմ առ դեմ  խորհրդաժողովները, երբ լինի դրա անհրաժեշտությունը։ Ուրախ եմ ասել, որ 2020 թվականի փետրվարից հետո սա առաջին նման խորհրդաժողովն է։ Պաշտոնապես մենք այն սկսելու ենք վաղը Գորիսում, որպեսզի Սյունյաց աշխարհի մեջ արտահայտենք մեր նեցուկը, ցույց տանք՝ որքան վճռական ենք ինչպես անցյալի նկատմամբ, այնպես էլ ներկայի։ Հավելյալ թափով մենք շարունակելու ենք աշխատանքները՝ ի պաշտպանություն Հայաստանի և Արցախի»։

Ակնհայտ է, որ 44-օրյա պատերազմը և դրան հաջորդած իրադարձությունները զգալիորեն փոխել են Հարավային Կովկասում դերակատար ուժերի ռազմաքաղաքական հավասարակշռությունը, ելույթում  նշեց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը։ Լսենք նրա ելույթից մի հատված․

«Ստեղծված վիճակը պահանջում է կատարել Հայաստանին և Արցախին անմիջականորեն սպառնացող վտանգների ամբողջական վերագնահատում և դրա վրա կառուցել մեր առաջիկա բոլոր ծրագրերն ու անելիքները»։

Ռուստամյանի պնդմամբ՝  եթե մինչև այս պատերազմը հայության ու, մասնավորապես, Հայ Դատի գլխավոր խնդիրը ազատամարտում արձանագրված հաղթանակի արդյունքների ամրագրումն էր, ապա հիմա՝ պատերազմում կրած պարտության և դրա ծանր հետևանքների չեզոքացումն ու առաջացած նոր մարտահրավերների հաղթահարումն է»։

Այս օրերին Միացյալ նահանգներում քննարկվում է ԱՄՆ ընդհանուր անվտանգային բանաձևը։ Հայ Դատը այս ուղղությամբ սենատորների հետ տարատեսակ բանակցություններ է վարում, որոնք հիմնականում երկու նպատակ են հետապնդում՝ Նահանգների կողմից Ադրբեջանին տրամադրվող ռազմական օգնության կրճատում և Արցախին տրամադրվող օժանդակության ընդլայնում, լրագրողների հետ զրույցում նշեց Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի մամուլի քարտուղար Էլիզաբեթ Չուլջյանը։

«Սրանք մեր առաջնային կարևորության աշխատանքներն են, քանի որ նկատի ունենալով Ադրբեջանի կառավարության հարձակողական դիրքը, 2020 թվականի պատերազմը, այն, որ այդ պատերազմը վերջնականապես չի ավարտվել, պետք է այնպես անենք, որ ԱՄՆ-ն որևէ օժանդակություն չուղարկի Ադրբեջան։ 2016 թվականին 120 մլն դոլարից ավելի ռազմական օգնություն ուղարկեցին Ադրբեջան, տեսանք՝ 2020-ին ինչ եղավ»։

Այս պահանջները, ըստ Չուլջյանի, թե Ներկայացուցիչների պալատի, թե Սենատի և թե Սպիտակ տան միջոցով պետք է հնարավորինս հաջողեն։ Իհարկե՝ քաղաքական դաշտում չի ստացվում միշտ հաջողել, բայց աշխատանքը մնայուն է, ինչպես ինքն է ասում, իսկ թիրախը՝ շատ հստակ։ Մտադիր են հասնել այնպիսի արդյունքի, երբ Նահանգները ոչ միայն դադարեցնեն օժանդակությունը Ադրբեջանին, այլ պատժամիջոցներ կիրառեն թե նրա, թե թուրքական կառավարության նկատմամբ։

Ցուցադրել ավելի
Back to top button