ԿարևորՀասարակություն

Ճառագայթային պայմանական վթար․ ինչպես են Մեծամորում դիմակայում աղետներին

Նոյեմբերի 25-ին և 26-ին Արմավիրի փրկարարական մարզային վարչությունը Մեծամոր քաղաքում և Արմավիրի մարզպետարանում անցկացրել է հրամանատարաշտաբային ուսումնավարժություն՝ «ՀԱԷԿ-ի միջուկային և ճառագայթային վթարների դեպքում բնակչության պաշտպանության միջոցառումների կազմակերպումը» թեմայով:

Նպատակը` ստուգել և կատարելագործել մարզի ղեկավար կազմի և վթարային հակազդման ուժերի հմտություններն և ունակությունները, եթե ՀԱԷԿ-ում տեղի է ունեցել միջուկային կամ ճառագայթային վթար, որի դեպքում անհրաժեշտ է կազմակերպել աղետի գոտու բնակչության պաշտպանությունը: Գործնական տարհանման պարապմունքն անցկացվել է Մեծամորի թիվ 2 ավագ դպրոցում:

Պայմանականորեն ՀԱԷԿ-ում ստեղծվել է վթարային իրավիճակ. 2-րդ էներգաբլոկի 1-ին կոնտուրում 200 մմ տրամագծով խողովակի վրա ճեղք է առաջացել, և հերմետիկ գոտում սկսվել է ջրի արտահոսք: Վթարի հետևանքով մեծացել է ռադիոակտիվ ճառագայթների մակարդակը, ինչի համար և տագնապ է հայտարարվել: Կեսօրին Մեծամորում շչակներն ազդարարեցին վտանգի մասին:

Արմավիրի մարզային փրկարարան վարչության երկօրյա հրամանատարաշտաբային ուսունավարժությանը ներգրավված էին Արմավիր և Մեծամոր քաղաքների ենթակառուցվածքների ղեկավարներն ու Արմավիրի մարզպետարանի աշխատակիցները, որով ստուգվում է նրանց պատրաստվածությունը քաղաքացիական պաշտպանության գործում:

Արտակարգ իրավիճակներում մշտական հանձնաժողովները խորհրդակցություն են հրավիրում բնակչության պաշտպանության և տարհանման նպատակով:

Արամ Հովհաննիսյանը ներկայացնում է պլանով նախատեսված գործառույթները. «Մեծամորի և Արմավիրի բժշկական կենտրոններին. վթարային գոտիներում կազմակերպել տուժած բնակչության բժշկական օգնության անհրաժեշտ դեղամիջոցների ստացումը, նախապատրաստվել միջանկյալ կետերում շահագրգիռ գերատեսչությունների հետ համատեղ ռադիոակտիվ աղտոտված գոտուց տուժածների սանիտարական մշակումը»:

Այս աշխատանքներին ներգրավված են գազի, խմելաջրի, էլեկրացանցի, քաղաքաշինության, գյուղատնտեսության և այլ ոլորտների պատասխանատուները:

Մեծամոր քաղաքը, Ակնալիճ, Արշալույս, Մայիսյան և Ֆերիկ գյուղերը ՀԱԷԿ-ից 5 կմ շառավղով հեռավորության գոտում են: Ճառագայթային վտանգի դեպքում առաջինը կազմակերպվում են այս գոտու բնակիչների պաշտպանական միջոցառումները:

Մեծամորի թիվ 2 դպրոցում տագնապի հայտարարումից բոլորն իջնում են հակաճառագայթային ապաստարան:

Ուշադրություն, ուշադրություն, ճառագայթային վտանգ, պատսպարվել հակաճառագայթային թաքստոցներում։ Ապահովում ենք անհատական պաշտպանության միջոցառումները՝ իրականացնելով յոդային պրոֆիլակտիկա

Առաջին գործողությունը յոդի ընդունումն էր և ապաստարանում տեղաբաշխումը:

10-րդ դասարանի աշակերտուհի Աննա Հակոբյան. «Դպրոցն իրականացրել է մի շարք միջոցառումները, որոնք նախատեսված են ատոմային էլեկտրակայանի ճառագայթման համար, փորձեր ենք իրականացրել և դրա շնորհիվ գիտենք, թե որտեղ են մեր խցերը»:

Հակաճառագայթային ապաստարանում առանձնացվել են դպրոցականների, ուսուցիչների, աշխատողների հավաքատեղերը, այստեղ է նաև բուժկետը.

«Առաջին օգնության ամենաանհրաժեշտ դեղորայքն ունենք. ցավազրկողներ, բինտ, բամբակ, յոդ: Եթե որևէ դեպք պատահի՝ պատրաստ ենք օգնելու»:

Մեծամորի, ինչպես նաև նախահարձակ պաշտպանական միջոցառումների իրականացման գոտու մյուս բնակավայրերի դպրոցներում ռազմագիտության դասերին հաճախ են կազմակերպվում անվտանգության միջոցառումներ:

Պայմանական այս վթարի դեպքում էլ խուճապ չկար, դպրոցականներն ու աշխատակազմը կազմակերպված էին գործում. «Պարոն փոխգնդապետ, 10-րդ «Դ» դասարանը՝ 22 աշակերտով, գտնվում է ապաստարանում, բացակա է 2 աշակերտ, դասղեկ Ալինա Սարգսյան»:

 Փոխգնդապետը, ում զեկուցվում էր ապաստանած աշակերտների թիվը, Մեծամորի Սաշա Գալստյանի անվան թիվ 2 ավագ դպրոցի զինղեկ, պահեստազորի սպա Միրզոյանն է:

Ասում է՝ անձնակազմն ու երեխաները տիրապետում են իրավիճակին. «Ռազմագիտությունից անցնում ենք «Անվտանգության գործ», որի ժամանակ մենք երեխաներին նախապատրաստում ենք, թե վթարի ժամանակ ինչպես իրենց պահել. նշանակում ենք խմբեր: Տարին 1-2 անգամ փորձեր ենք անում և, ինչպես տեսաք, ամեն ինչ նորմալ կատարվեց»:

Ռադիոակտիվ ճառագայթների մթնոլորտային աղտոտվածության նվազումից հետո կազմակերպեցին տարհանումը ժամանակավոր տեղակայման կետեր:

«Տարհանումը սկսված է. Առաջին 2 դասարանները ավտոբուսներով ուղևորվեցին դեպի Հրազդան: Նրանց ուղեկցում են ջրատար ցիստեռն ու ճանապարհային ոստիկանության մեքենաները, որպեսզի աղետի գոտուց նրանց տարհանումն ավելի ապահով ու անվտանգ լինի»:

ՀԱԷԿ-ի ճառագայթային վթարի դեպքում Մեծամորի ժամանակավոր տեղակայման կետը Հրազդան քաղաքն է, որտեղ ցուցաբերվել է հոգեբանական և բժշկական օգնություն, տրվել սնունդ:

«Մենք բոլոր տեղահանվածներին ուղեկցել ենք համապատասխան սենյակ, որից հետո կտեղաբաշխվեն իրենց համար նախապես պլանավորված ժամանակավոր կացարաններ»:

Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնի պետ, փոխգնդապետ Ջոնիկ Բարսեղյանը գնահատում է հրամատարաշտաբային ուսումնավարժանքի շրջանակում իրականացված աշխատանքները. «Բավականին պատրաստված էին: Դպրոցն ուներ համապատասխան պատսպարման վայր, որտեղ իրականացրեց աշակերտների, ուսուցչական և վարչական անձնակազմի պատսպարում: Ամեն շաբաթ մենք համայնքներում ազդարարման վերաբերյալ անցկացնում ենք շտաբային ուսումնավարժություններ՝ շչակ է գործարկվում: Համայնքապետարանները ձեռք են բերել նոր շչակներ: Բնակչությանը մեթոդական օգնություն ենք ցուցաբերում և նրանք արդեն լավ իրազեկված են»:

Արմավիրի մարզային փրկարարական վարչությունը հրամանատարաշտաբային ուսումնավարժությունն անցկացնում է 2 տարին մեկ անգամ: Մեծամորում հակաճառագայթային 2 ապաստարան կա, որոնք դեռ վերազինման կարիք ունեն՝ չկան օդափոխման համակարգեր ու սանհանգույցներ, իսկ պատսպարման վայրերը, որոնք հիմնականում շենքերի նկուղներն են ՝ դեռ մաքրման կարիք ունեն:

Ցուցադրել ավելի
Back to top button