Ստարտափ Հայաստան

Հայկական արտադրության խնամքի միջոցներն իրենց բնականությամբ գերազանցում են դրսի արտադրանքին․ «Ստարտափ Հայաստան»

Անյա Ամիրխանովան մաշկի խնամքի միջոցներ արտադրող բիզնեսի հիմնադիրներից մեկն է։ Դասական սցենարով ստեղծված բիզնես է, որտեղ մարդն ստեղծում է մի բան, ինչի կարիքն անձամբ ունի։ Ու այսպես, երկու քույր որոշել են նոր համարձակ խոսք ասել հայկական շուկայում։

Երկրում տեղի ունեցածը մոտիվացրին, որ Իզաբելլան և Անյան ստեղծեն հենց հայկական արտադրության խնամքի միջոցներ։ Հայաստանում, իհարկե, կան նման միջոցներ, բայց այդքան էլ զարգացած չէ ոլորտը, որովհետև խնամքի միջոցներ ստեղծելն ինքնին բարդ է, համապատասխան գիտելիքներ են պետք։

Իզաբելլան բանասեր է, Անյան բժիշկ-կոսմետոլոգ, թե ինչպես են կարողացել համատեղել մասնագիտություններն ու ստեղծել բիզնեսը, իրենք էլ չեն զգացել, բայց որ ստացվել է, դա փաստ է։

Հայկական արտադրանքի հանդեպ մերոնք անվստահություն հաճախ են ունենում, որպես ոլորտին արդեն ծանոթ մարդիկ, փաստում են քույրերը։ Պատճառները բազմազան են, պատկերը՝ ոչ ուրախալի։ Հենց այդ պատճառով, գիտակցելով, որ եթե մտնում են շուկա, ուրեմն իրենց պատասխանատվության ներքո է նա այդ կարծիքն ու վերաբերմունքը փոխելը, որոշել են ուշադիր լինել խնամքի միջոցներ ստեղծելիս։ Բաղադրությունները ճիշտ ընտրել, որ չստացվի՝ հանկարծ վնասեն մարդկանց։

Սա բիզնես է, որը չես կարող զրո դրամով կամ էլ քիչ գումարով սկսել։ Վարկային պարտավորությունների տակ մտնելը բացառել են քույրերը, սկզբում իրենք են իրենց գումարից ներդրումներ արել, հետո օգնել են հարազատներն ու բարեկամները։

Քույրերը, տեսնելով հաջողությունները, որոշել են ընդլայնել իրենց բիզնեսը։ Մանկական խնամքի միջոցներ արտադրելն ավելի շատ վստահություն կբերի իրենց, ասում է Անյան։

Ոչ ոք չի ասել, որ հեշտ է լինելու, ասում է Անյան, բայց կարողացել են հաղթահարել բոլոր խոչընդոտները։ Հայաստանն արդեն դարձել է բիզնեսի համար բարենպաստ պայմաններ ունեցող երկիր։ Այստեղ հնարավոր է ամեն ինչ, անհնար է միայն ձեռքերը ծալած նստելը։

Ցուցադրել ավելի
Back to top button