ԿարևորՀասարակություն

Սյունիքում հայկական զորքերի հետ քաշվելու հրաման որևէ մեկը չի տվել. մարզպետ

Սյունիքում հայկական զորքերի հետ քաշվելու հրաման որևէ մեկը չի տվել, ուղղակի հայկական զորքերին հետ են ուղարկել Խորհրդային Միության ժամանակ զբաղեցրած դիրքերը՝ վստահեցնում է Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը՝ Ազգային ժողովում պատասխանելով լրագրողների հարցերին վարչապետի այն հայտարարության մասով, որ ինքն է Վաղարշակ Հարությունյանին անցած տարի նահանջի հրաման տվել։ Փաշինյանը նման որոշումը բացատրել էր Սյունիքում ռազմական գործողություններ սկսվելու ռիսկով։  

Օրերս վարչապետ Փաշինյանը կառավարությունում հանդիպել էր Սյունիքի մարզպետին ու մարզի բոլոր համայնքների ղեկավարներին։ Հանդիպումից հետո Գորիսի համայնքի ղեկավարի տեղակալ Կարո Քոչարյանը հայտարարել էր, որ ինքը ասել է՝ Առուշ Առուշանյանի ջոկատը պատրաստ է պաշտպանել Սյունիքի սահմանները, սակայն մերժում է ստացել։  Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանն արձագանքում է այս հայտարարությանը․

«Էս պահին ես որպես թե՛ Սյունիքի ԵԿՄ նախագահ, եւ որպես մարզպետ, կարող եմ գնահատել՝ պատրա՞ստ են, թե՞ չէ։ Հո՞ ասելով չի, խոսքն ուրիշ բան է, պատրաստականությունը ուրիշ։ Էնքան սուտ-մուտ խոսել են, մենք պիտի մեր աչքով տեսնենք՝ ո՞ւմ հետ են համագործակցում, ինչպե՞ս են պատրաստվել, պատրաստվելը մի օրվա գործ չի, ամենօրյա գործ է»։

Անդրադառնալով մարզի սահմանամերձ գյուղերի ինքնապաշտպանական խնդիրներին՝ մարզպետը շեշտում է՝ յուրաքանչյուր գյուղ իր ինքնապաշտպանական ջոկատն ունի՝ իր հրամանատարով, ու եթե մարտական գործողություններ սկսվեն՝ ամեն մեկը զբաղեցնելու է իր բնագիծը։

Ամեն դեպքում մարզում այս պահին իրավիճակը հանգիստ է, իրենց օրվա հարցը սահմանամերձ համայնքների զարգացումն է, այդ համայնքների բարոյահոգեբանական վիճակի բարձրացումը։ Թշնամին երբեք չի կարող սյունեցուն կոտրել՝ շեշտում է։

«100 տոկոսանոց բան եմ ասում, դա նենց չի, որ թշնամին մեզնից ուժեղ է, եւ մենք կոտրվել ենք։ Մենք կոտրվել ենք որ միասնական չենք, որ գաղտնիության ռեժիմը չենք պահպանում։ Պիտի պահպանենք, որ մեր առաջին գծի զինվորը, սպան լավ բան լսի, լավ բան կատարի։ Եթե մենք ստեղից ասում ենք, թե էս հողը տալիս ենք, զինվորը կոտրվում է, զինվորի կողքին պիտի կանգնել »։

Մարզում քաղաքական տրամադրությունները սրված են, մինչդեռ Սյունիքի մարզպետը հորդորում է սեւերի–սպիտակների չբաժանվել, իրար մեջ թշնամի չփնտրել։ Թշնամին դրսում է՝ ասում է։

«Մեր հակառակորդը թուրքն է, իմ հայ ժողովուրդ, ձեր ցավը տանեմ։ Մենք 3 պատերազմի ենք մասնակցել։ Մենք հելնում ենք՝ թուրքին ենք տեսնում։ Ի՞նչ ընդդիմություն։ Պիտի պաշտպանենք մեր երկիրը»։

Տաթեւի համայնքի ղեկավար Սամվել Լալայանը հերքել է տարածված   հրապարակումները, թե վարչապետի հետ հանդիպմանը Սյունիքի համայնքապետերն իրենց համաձայնությունն են տվել Սյունիքից տարածքներ հանձնել  թշնամուն:

«Որպես Տաթև համայնքի ղեկավար, պահեստազորի սպա, Արցախյան երեք պատերազմների մասնակից, ՀՀ վարչապետին առաջարկել եմ Սյունիքում ստեղծել ինքնապաշտպանական ուժեր, որով հնարավոր կլինի արդյունավետ կերպով օգնել ՀՀ զինված ուժերին՝ դիմագրավելու թշնամական ագրեսիաներին»,– ֆեյսբուքյան իր էջում գրել է Սամվել Լալայանը:

Back to top button