ԿարևորՎերլուծական

Սառեցված, սակայն չհաղթահարված․ իրանա-ադրբեջանական քարոզչական փոխհրաձգությունը շարունակվում է

Նոյեմբերի 23-ին Թեհրանում մի շարք փողոցներ վերանվանվել են Բաքվի համար անընդունելի տարբերակներով։  Մասնավորապես, Մարյամ նրբանցքն անվանվել է 44-օրյա պատերազմի հետևանքով օկուպացված Շուշի քաղաքի անունով, սակայն հենց Շուշի,այլ ոչ թե ադրբեջանական «Շուշա» տարբերակով: Փանահի նրբանցքը վերանվավել է Նարդարանի նրբանցք: Այս գյուղը շիայական կրոնական կենտրոն է, որտեղ մեծ է Իրանի ազդեցութունը: Ավելին ՝ Բարադարանի փողոցը վերանվանվել է Բադքուբայի փողոց՝ Բաքվի հին իրանական անվանումով։ Չամանի նրբանցքը կոչվելու է Առանի նրբանցք, որը ներկայիս «Ադրբեջանի» տարածքի ճիշտ անվանումն է և այսպես շարունակ:

Ինչո՞ւ է իրանական կողմն ընտրել «հակաադրբեջանական» անվանումներ՝ դրանք կիրառելով մայրաքաղաք Թեհրանում և ինչու է դա արվել հիմա, երբ առկա է որոշակի լարվածություն իրանա-ադրբեջանական հարաբերություններում։ Ըստ իրանագետ Գարիկ Միսակյանի, սա կարելի է դիտարկել, որպես Ադրբեջանի դեմ ուղղված քայլ։

«Եթե անգամ Շուշի անվանմանը չանդրադառնանք, այնտեղ մի քանի անվանումներ կան, նույնիսկ Բաքու տարբերակը հիշատակված էր, որպես Բադքուբա, այսինքն՝ իրանական պատմական ավանդույթում եղած տարբերակով։ Հստակ մեսիջներ են  ուղարկվում ադրբեջանական հանրապետության տարածքում Իրանի մշակութային ազդեցությամբ ոլորտների հետ կապված․թալիշաբնակ քաղաքների անվանումներ, Գանձակի անվանումը, որտեղ կրոնական առումով Իրանը ազդեցություն ունի և տարիներ առաջ որոշակի կրոնական հուզումներ եղան»։

Ժամանակագրական առումով այս ամիս իրանա-ադրբեջանական հարաբերություններում հետևյալ պատկերն ունենք․ սուր տարաձայնությունները հարթվել են, համենայնդեպս՝ բարձրաստիճան պաշտոնյաների բառապաշարում։ Կողմերը հիմա ավելի հաճախ շեշտում են տարաձայնություններն անցյալում թողելու մտադրությունը։  Աշխարհաքաղաքականության և տարածաշրջանի երկրների սահմանների փոփոխությունն անընդունելի է, նոյեմբերի 16-ին հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ժամանակ։ Միևնույն ժամանակ, արդեն նոյեմբերի 24-ին, Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի և Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուսթաֆաևի հանդիպմանը Իրանի ԱԳ նախարարը «ադրբեջանական հողերի ազատագրումը» բնութագրել է որպես «երկու երկրների միջև տնտեսական հարաբերությունների նոր գլխի սկիզբ»՝ չմոռանալով նաև տարածքային ամբողջականության սկզբունքը։

«Իրանը շարունակում է տարածքային ամբողջականության անքակտելիության սկզբունեներին հետամուտ լինել, ինչը անում էր նաև Արցախյան հակամարոտւթյան «կենդանի եղած» ժամանակահատվածում։ Հիմնական նպատակը նախ իր արտաքին քաղաքական սկզբունքների՝ տարածքային ամբողջականության պահպանման շարունակականությունն է, ինչպես նաև  հնարավորություններ կամ միջոցներ ստեղծելը Ադրբեջանի կողմից բռնազավթված տարածքներում տնտեսական ակտիվություն ունենալու և ազդեցությունը պահպանելու համար։  Ներկա փուլում, եթե դուրս գանք  Արցախյան հակամարտության շրջանակներից՝ տարածքային ամբողջաանության անքակտելիության մասին հայտարարությունները հիմնականում ուղղված են Սյունիքում ստեղծված իրավիճակին»։

Ի դեպ՝ Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը օրերս իրանցի պաշտոնակցի հետ կայացած հեռախոսազրույցում բարձր է գնահատել Հայաստանի տարածքային ամբողջականության ու սահմանների անձեռնմխելիության վերաբերյալ Իրանի դիրքորոշումը։ Թեհրանի այս մոտեցումն, ըստ ամենայնի կքննարկվի նոյեմբերի 28-ին՝ Դուշանբեում, երբ հանդիպեն արդեն Իրանի և Ադրբեջանի նախագահները։ Թեև խոսքն առանձին ձևաչափով հանդիպման մասին չէ, այլ Տնտեսական համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակներում, այդուհանդերձ, նախապես այդ մասին արված  հայտարարությունը վկայում է, որ նախնական պայմանավորվածություն կա հանդիպելու՝ ասում է իրանագետը։ Միսակյանի խոսքով՝ իրանա-ադրբեջանական օրակագում տնտեսական համագործակցության, Գորիս-Կապան ճանապարհի հարցերը կքննարկվեն։

Թեև բարձրաստիճան պաշտոնյաների կողմից  հայտարարվում է, որ  իրանա-ադրբեջանական հակասությունները հաղթահարված են, սակայն հանրային և սոցցանցային տիրույթում քարոզչական պայքարը շարունակվում է։ Այն սառեցված, սակայն չհաղթահարված փուլում է և քաղաքական նպատակահարմարությունից ելնելով՝ քարոզչական փոխհրաձգությունը կարող է դարձյալ ակտիվանալ։

Back to top button