ԿարևորՔաղաքական

Հաջորդ հանդիպումը՝ Բրյուսելում

Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների այսօրվա եռակողմ հանդիպման մասին հայտնի դարձավ օրեր առաջ, երբ արդեն հաստատված էր դեկտեմբերի 15-ին Բրյուսելում նախատեսված երկկողմ Փաշինյան-Ալիև հանդիպումը։

Այս հանդիպման պայմանավորվածությունը ձեռք էր բերվել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի անձնական ջանքերով՝ առանձին հեռախոսազրույցներով։  

Հետպատերազմական իրավիճակը քննարկելու հարցում Մոսկվան բրյուսելյան այցից առաջ նախաձեռնությունը վերցրեց իր ձեռքը՝ կազմակերպելով եռակողմ հանդիպում Սոչիում։ Այսօր օրվա երկրորդ կեսից արդեն Հայաստանի վարչապետն ու Ադրբեջանի նախագահը Սոչիում էին։ Պաշտոնական հաղորդագրությունների ժամանակացուցից դատելով՝ առաջինը վայրէջք էր կատարել Ալիևի ինքնաթիռը, դրանից հետո Սոչի էր ժամանել Փաշինյանը։ Հանդիպումից երկու օր առաջ նախ Բաքվում, հետո Երևանում էր ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ Նա ապաշրջափակման հարցերով զբաղվող եռակողմ աշխատանքային խմբի համանախագահն է։Բ

Սոչիում եռակողմ հանդիպիպումից բացի նախատեսված էին նաև Փաշինյանի ու Ալիևի առանձնազրույցները ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

Ռուսաստանը հույս ունի, որ Սոչիի հանդիպումով կկարողանա ուրվագծել Երևանի և Բաքվի հարաբերությունների կարգավորման հեռանկարային ուղղությունները․ եռակողմ հանդիպումից առաջ հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն։ Արդեն հանդիպման ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարում է․

«Ցավոք սրտի, կան խնդիրներ, միջադեպեր, ցավոք սրտի, լինում են զոհեր։ Բայց մենք դրա համար էլ հավաքվել ենք, որ տեսնենք՝ ինչ է արված, ու ինչ պետք է անենք բոլորս, որպեսզի ոչ միայն նման բաներ տեղի չունենան, հակառակը՝ ստեղծվեն իրավիճակի հանդարտեցման և տարածաշրջանի զարգացման  պայմաններ։ Այնպիսի որակ, որը թույլ կտա մարդկանց հանգիստ ապրել, իսկ երկրներին՝ զարգանալ»։

Որոնք են եռակողմ հանդիպման օրակարգային հիմնական թեմաները՝ օրվա պաշտոնական հաղորդագրություններում դեռ չի մանրամասնվում։ Ավելի վաղ Փաշինյանը դեռ Երևանում, անդրադառնալով բոլոր մտահոգություններին, շեշտել էր, որ սահմանազատման վերաբերյալ որևէ փաստաթուղթ չի ստորագրվելու։ Հնարավոր փաստաթուղթը լինելու է սահմանազատման և սահմանագծման հարցերով հանձնաժողովի ձևավորման վերաբերյալ։

Ռուսաստանի պաշտոնական խոսափող համարվող լրատվամիջոցների հրապարակումներն էլ կանխատեսումների և ենթադրությունների մակարդակով է առավելապես։ Դրանք ամեն դեպքում ներկայացնում են կարգավորման կողմերի սկզբունքային դիրքորոշումները։ Պաշտոնական Երևանը կողմ է ապաշրջափակմանը, սակայն տարածքների սուվերենության պահպանման պայմանով, իսկ Բաքուն համառորեն առաջ է տանում «միջանցքի» գաղափարը։

Հարաբերությունների կարգավորման նախաձեռնությունը հերթական անգամ իր ձեռքը վերցրած Ռուսաստանի նպատակների մասին խոսելիս այդ երկրի ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան նախօրեին հայտարարել էր, որ ձեռնարկում են բոլոր հնարավոր քայլերը՝ տարածաշրջանում կայունության ամրապնդման և խաղաղ կյանք հաստատելու համար:

«Առանձնահատուկ ուշադրություն է դարձվում ապաշրջափակմանը, առևտրատնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնմանն ու զարգացմանը»,-հայտարարել էր Զախարովան։

Պաշտոնական հաղորդագրությամբ ներկայացվում է, որ հանդիպման կարևորագույն նպատակներից է քննարկել նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների կատարման ընթացքն ու հետագա անելիքները։ Որ Սոչիի հանդիպմանն առանցքայիններից են առևտրատնտեսական և տրանսպորտային կապերը, հաստատվում է թեկուզ այն փաստով, որ հանդիպումից երկու օր առաջ Բաքվում և Երևանում էր ապաշրջափակման հարցերով զբաղվող եռակողմ աշխատանքային խմբի համանախագահ, Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։

Բացի այս հարցից՝ Ռուսաստանը տարբեր ձևաչափերով կողմերի հետ աշխատում է նաև այլ ուղղություններով։ Կարևորում է Ռուսաստան-Ադրբեջան-Հայաստան եռակողմ փորձագիտական երկխոսության մեկնարկը։

Ըստ  Զախարովայի՝ «նման հանդիպումները, որոնք անցկացվում են փորձագիտական մակարդակով, ներդաշնակորեն լրացնում են ինտենսիվ քաղաքական ու դիվանագիտական շփումները։ Դրանք քաղաքական ջանքերը լրացնում են կոնկրետ կենսական օրակարգով։ Ասում է՝ սա չափազանց կարևոր գործընթաց է։  

Անվտանգային նպատակներով առանձին շփումների հավանականության և անգամ անհրաժեշտության մասին Երևանից խոսել է ԱԺ–ի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։ Սահմանային վերջին լարվածությունից հետո պաշտպանության նախարարության հաղորդագրություններից ենթադրել է․

«Հաղորդագրությունից հասկացվել է նաև, որ պետք է կառուցվի կամ արդեն իրականություն պետք է դառնա օպերատիվ կապ Հայաստանի և հակառակորդի պաշտպանության նախարարների միջև»։

Վերջին օրերին Ռուսաստանից ստացվել են նաև այլ ազդակներ։ ՌԴ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն առաջարկել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծումն իրականացնել Ռուսաստանի պաշտպանության նախարարությունում պահվող քարտեզների հիման վրա։ Ասել է, որ խորհրդային շրջանի ամենաճշգրիտ քարտեզները պահվում են միայն իրենց մոտ և հստակ տարանջատում են Հայաստանի և Ադրբեջանի սահմանները։

Իսկ Ռուսաստանի փոխարտգործնախարար Ռուդենկոն իր հերթին կրկին խոսել է «3+3» ձևաչափի մասին ու հայտարարել՝ Ռուսաստանը հույս ունի, որ Անդրկովկասին առնչվող այդ ձևաչափի շուրջ ակնկալվող հանդիպումները «ոչ երկարատև հեռանկարի» հարց են։ Մինչդեռ այդ ձևաչափից արդեն հրաժարվել է Վրաստանը, իսկ հավանական մասնակից Իրանի անունից արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը, տարածաշրջանային նոր ձեւաչափին անդրադառնալով, շեշտել է Հայաստանի համար այս զգայուն հարցին առնչվող մեկ այլ դրույթ՝  իր երկիրը կտրականապես դեմ է տարածաշրջանի երկրների սահմանների ցանկացած փոփոխությանը։

Պաշտոնական Երևանը բազմիցս նշել է՝ առաջարկվող ցանկացած ձևաչափ չպետք է կրկնի արդեն գոյություն ունեցողների գործառույթները։ Սա նշանակում է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում անփոփոխ է համարվում ԵԱՀԿ ՄԽ ձևաչափը, ըստ պաշտոնական Երևանի՝ «Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման միջազգային միակ մանդատ ունեցող ձևաչափը»։ Ի տարբերություն Իլհամ Ալիևի՝ եվրոպական երկրների պաշտոնյաները շարունակում են պնդել, որ ղարաբաղյան խնդիրը և կարգավիճակը դեռ սպասում են լուծումների։

Եռակողմ հանդիպումից առաջ Անկարայից նույնպես ազդակներ են ստացվել։ Այդ երկրի Ազգային անվտանգության խորհուրդը հայտարարել է, թե «Հայաստանը պետք է գնահատի որպես հնարավորություն իրեն մեկնած խաղաղության ձեռքը, լիովին պահպանի հրադադարը և համագործակցությանը հավատարմություն ցուցաբերի»։

Բանակցությունների, զրույցների և ակնարկների շրջապտույթը կավարտվի թերևս դեկտեմբերի 15-ից հետո․ Փաշինյանն ու Ալիևը այս օրը ևս մեկ անգամ կհանդիպեն արդեն Բրյուսելում՝ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի նախաձեռնությամբ։

Back to top button