Մտքի ուժը

Սևանի «փրկօղակը»-ը․ որքա ՞ն ժամանակ կպահանջվի․ «Մտքի ուժը»

«Ցիանոբակտերիաներ» կամ «կապտկանաչ ջրիմուռներ»․ այս միկրոօրգանիզմներն այնքան արագ են զարգանում, որ անզեն աչքով էլ նկատելի են դառնում։ Շատ հեռու պետք չէ գնալ. ամռանն ուղղակի հասնել Սևան ու տեսնել լճի ծաղկումը։ Մինչ ձմռանը մենք, այսպես ասենք, մոռանում ենք լճի ու վտանգի մասին, գիտնականները շարունակում են փնտրել լճի, թող վերամբարձ չհնչի, փրկության ճանապարհները։

Ի՞նչ է կատարվում Սևանա լճում, որոնք են պատճառները՝ հարցերի գիտական պատասխանները ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի կիրառական հիդրոէկոլոգիա գիտական խմբում են տալիս։

Մինչ պատասխանատուները վստահեցնում են, որ լճի ծաղկումը վտանգավոր չէ, գիտնականները հիշեցնում են` միկրոօրգանիզմները թունավոր նյութեր են արտադրում, իսկ դրանք միշտ էլ վտանգավոր են։ Գոռ Գևորգյանը գիտական խմբի ղեկավարն է։ Նա ասում է, որ մեկ կամ երկու տարին բավարար չէ՝ Սևանա լիճը մաքրելու համար։

Պարզաբանում է, եթե անգամ այս պահին էլ դադարեցվի կեղտաջրերի հոսքը Սևանա լիճ, միևնույնն է, այնտեղ արդեն բավականին կուտակված կենսածին նյութեր կան։ Նախ, դրանք պետք է մաքրվեն։ «Եթե Սևանա լիճ ընդհանարապես գետ չթափվի, այլ միայն դուրս գա, ապա 25 տարի է պետք լինելու, որպեսզի Սևանա լճի ամբողջ ջուրը դուրս գա։ Սա խոսում է այն մասին, որ ինքնամաքրումը, ջրափոխությունը բավականին դանդաղ է ընթանում։ Բայց աղտոտման կանխարգելիչ միջոցառումների ուշացումը նույնպես կարող է խնդիր առաջացնել։ Եթե լիճը գնաց ճահճացման, հնարավոր չի լինի ինչ որ բան փոխել»։

Սևանա լճի մակարդակը սկսեց նվազել 1930-ականներիին, երբ ոռոգման և էներգետիկ նպատակներով լճի մակարդակն արագ տեմպերով իջեցվում էր, և միայն 1960-ականներին Արփա-Սևան թունելի նախագծմամբ ու կառուցմամբ գործնական քայլեր ձեռնարկվեցին այն փրկելու համար: Եվ ահա այժմ լճի մակարդակը իսկապես բարձրացնելու ժամանակն է։

Հետադարձ հայացք նետելով պատմական անցյալին՝ Գոռ Գևրոգյանը հիշեցնում է․ «Խորհրդային տարիներին լճի մակարդակն իջեցնելու պատճառով ջրի հատակային սառը շերտը՝ հիպոլիմնիոնը, Մեծ Սևանում վերացել է ամբողջությամբ, իսկ Փոքր Սևանում, որն ավելի խորն է՝ մասնակի։ Հիպոլիմնիոնը կատարում է պաշտպանիչ ֆունկցիա, թույլ չի տալիս, որ հատակում կուտակված կենսանյութերը նորից թափանցեն լիճ ու նպաստեն ջրիմուռի ծաղկմանը։ Այս պարագայում պատահական չէ, որ Մեծ Սևանն ավելի ուժգին է ծաղկում։ Մյուս կողմից՝ Մեծ Սևան թափվող գետերն ավելի շատ են, հետևաբար այստեղ ավելի շատ կեղտաջուր ու տարբեր նյութեր են լցվում»:

Գոռ Գևորգյանը պատմում է՝ գիտական հետազոտությունների միջոցով Սևանա լճում էկոլոգիական իրավիճակն են ներկայացնում՝ առաջարկելով նաև լուծումներ։

«Փոքր խնդիրներ էլ կան այնտեղ․ բոլոր տնտեսվարողները պետք է մաքրման կայաններ ունենան՝ անկախ նրանից, թե ինչ ծավալի են աղտոտումները։ Եթե էկոհամակարգի հավասարակշռությունը վերականգնվի, հետ կգա նախկին վիճակին։ Դա պետք է արագ կատարվի, քանի որ ամեն տարվա ուշացումն ավելի ծախսատար է դարձնում գործընթացը։ Մեծ գումարների մասին է խոսքը, միայն դա կարող եմ ասել» ։

Սևանա լճում ձկնային ու խեցգետնային պաշարների նվազումն էլ է խախտել լճի հավասարակշռությունը։ Եթե նախկինում Սևանա լճում մի քանի հազար տոննա ձուկ ու խեցգետին կար, այժմ՝ մի քանի հարյուր տոննա է մնացել։ Խեցգետինները համարվում են լճի հատակի «մաքրիչներ»․ որքան նվազեն՝ այնքան լճի հատակն ավելի խնդրահարույց է դառնում։

Հետազոտությունները կատարվում են ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի կիրառական հիդրոէկոլոգիայի գիտական խմբի լաբորատորիայում։ Առանց սարք-սարքավորումների հնարավոր չէ արդյունք ստանալ, հեշտ էլ չէ դրանք ձեռք բերել առանց ֆինանսական աջակցության։

Մինչ լաբորատորիա հասնելը՝ նախ տեղում՝ լճում են աշխատում։ Այս ուղղությամբ համագործակցում են արտասահմանցի գիտնականների, ինչպես նաև շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի հետ։

«Հայ և գերմանացի գիտնականների հիմնական նպատակը այն է, որ Սևանա լճի ռեսուրսների կառավարման ճշգրիտ մոդել մշակվի, որը կիրառության համար կհանձնենք շրջակա միջավայրի նախարարությանը։ Որոշ քայլեր արդեն արել ենք։ Ունենք մշակած ջերմաստիճանային ռեժիմի մոդել․ օդերևութաբանական տվյալներով, առանց լիճ գնալու, կարող ենք գնահատել ջրի ջերմաստիճանը։ Նաև ցանկանում ենք այնպիսի մոդել մշակել, որ կարողանանք առանց լիճ գնալու գնահատել լճի ընդհանուր էկոլոգիական վիճակը»,- պատմում է գիտական խմբի ղեկավարը։

Փորձագետները շարունակում են պնդել՝ այսօրվա ուշացած ցանկացած քայլ վաղն ավելի է դժվարացնելու լճի փրկությունը։

Ցուցադրել ավելի
Back to top button