

Չկառավարվող թափոններ կամ անկառավարելի հանքարդյունաբերություն և բնակչության իրավունքների պաշտպանության մասով օրենսդրական բացեր, ահա այն ամենն ինչ արձանագրեց լրագրողական խումբը՝ հանքարդյունաբերությամբ աչքի ընկնող Սյունիք և Լոռի կատարած այցերի ընթացքում։


Մեդիա-արշավի շրջանակում լրագրողները մի քանի օր շարունակ այցելեցին մետաղական հանքերի քանակով աչքի ընկնող մարզեր՝ Սյունիք և Լոռի՝ տեսնելու և արձանագրելու, թե՛ պոչմաբարներից և առհասարակ հանքարդյունաբերության արդյունքում առաջացած հետևանքներից որքանով են տուժել ազդակիր համայնքները։
Տեղում իրավիճակը ներկայացնելով «Համայնքային համախմբման և աջակցության» ՀԿ նախագահ Օլեգ Դուլգարյանը նշեց, որ պոչամբարներին մոտ ազդակիր համայնքի բնակիչների իրավունքները պաշտպանված չեն։ Բնակիչները տուժում են հանքարդյունաբերական գործունեությունից։ Մասնավորապես, աղտոտվում են գյուղատնտեսական նշանակության հողերը, արդյունքում ՝ բերքի որակն ու քանակը սպասվածից ցածր է լինում, միաժամանակ իրացնելն է խնդիր դառնում։


Մինչդեռ այս կամ գործարանի կամ հանքավայրի փակվելուց կամ ժամանակավոր դադարեցումից հետո, բնակիչները կանգնում են կոտրված տաշտակի առջև։ Այդպես եղավ Շնողի և Թեղուտի բնակիչների դեպքում։
Նմանօրինակ դեպքերից է երկու տարի առաջ Ալավերդու պղնձաձուլարանի փակումը, գործարանը փակվեց, սակայն բնապահպանական աղետալի հետևանքները մնացին, զուգահեռ նաև գործազրկությունն ու տեղացիների սոցիալական խնդիրների սրացումը։


ԱԺ-ի Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Ղալումյանը «Էկոսֆերային» հայտնեց, որ մի շարք օրենդրական փոփոխություններ են նախատեսվում և առաջիկա օրերին կսկսեն քննարկումները։


Օրենսդիրից հայտնում են, որ մետաղական հանքավայրերի շահագործման ոլորտում աշխատանքներ են տարվում, շուտով կսկվեն քննարկումները, այդ թվում նախատեսվում է ՇՄԱԳ օրենքում փոփոխություններ։
Այսուհանդերձ, Ղալումյանը կարծում է, որ շատ դեպքերում օրենքի կատարման խնդիր է, ոչ թե առկայության։ Ամեն դեպքում, նրա փոխանցմամբ, քննարկումներից հետո միայն կարող է ընդհանուր գնահատական հնչեցնել։