ԿարևորՀասարակություն

Հայկական ռադիոդիտակը խոստանում է կամրջել Հայաստանն ու Մարսը

Գործակվել է Պարիս Հերունու ստեղծած՝ աշխարհում եզակի ռադիո-օպտիկական աստղադիտակը, որը տասնամյակներով չէր գործում։ Ներկայում ապակոնսերվացման աշխատանքներ են ընթանում։ 36-ամյա հայելային հսկա «թասը» միակն է աշխարհում, որը տիեզերքը զննել է երկու տիրույթներում՝ օպտիկայի և ռադիոալիքների։

Իլոն Մասկի ականջին Հայաստանի աստղագիտական նորությունները դեռ կհասնեն․ պրոֆեսոր Արևիկ Սարգսյանը, ով ղեկավարում է Պարիս Հերունու՝ աշխարհում եզակի  ռադիոդիտակի ապակոնսերվացման ևգործարկման աշխատանքները, համոզված է՝ Հայաստանի գիտական նոր արդյունքներից աշխարհում դեռ կխոսեն։ Հայկական ռադիո-օպտիկական սարքի հզորությունն ու բարձր զգայունության բացառիկ չափորոշիչներն են վստահության հիմքում։

«Իլոն Մասկը կիմանա՞ մեր մասին։ Կիմանա»։

Մասկի ականջին Հայաստանի աստղագիտական նորությունները դեռ կհասնեն․ պրոֆեսոր Արևիկ Սարգսյանը, ով ղեկավարում է Պարիս Հերունու՝ աշխարհում եզակի  ռադիոդիտակի ապակոնսերվացման և գործարկման աշխատանքները, համոզված է՝ Հայաստանի գիտական նոր արդյունքներից աշխարհում դեռ կխոսեն։ Հայկական ռադիո-օպտիկական սարքի հզորությունն ու բարձր զգայունության բացառիկ չափորոշիչներն են վստահության հիմքում։

«Այստեղից տիեզերքն ավելի չափելի է, աատղային կյանքն ավելի կանխատեսելի: 10 ամյակների դաֆարից հետո Հերունու ռադիոօպտիկական աստղադիտակը գործարկվում է, բառի ուղիղ իմաստով վերակենդանում: Անգամ տեխնիկական լուրջ խնդիրները չեն խանգարի տիեզորքից եկող ազդակները արձանագրել և չափել»:

Հայելային հսկա «թասը» գործարկվում է ստեղնաշարի մեկ հպումով։ Մեկնարկը հաջող է՝ ՉՓԱՄ ինստիտուտի էտալոնների պահպանման գիտական բաժնի պետ Հրայր Աբրահամյանն է վստահեցնում։

 «Ճառագայթիչը տեղադրված է փոքր հայելու կիզակետում, որտեղից ազդանշանը արդեն մալուխով միացված է սպեկտոր անալիզատորին , դրանից հետո թվային մշակման է ենթարկվում և 48 ժամվա դիտումների արդյունքում կունենանք լիարժեք պատկերը»։        

Շուրջ  երեք տասնամյակ չգործած դիտակը, դրա գտնվելու շենքն ու հարակից ենթակառուցվածքները չգործելու 30 տարում հնացել են, գործարկման համար տեխնիկական բազմաթիվ դժվարություններ ստեղծել։ Մետաղական կոնստրուկցիան որքան էլ մաշված, բայց դեռ մոտ 100 տարվա կյանք ունի․ ԱԻՆ-ի մասնագետներն են գնահատել։ Սարքը կաշխատի իր նախկին ողջ հզորությամբ։ Ռադիոօպտիկական դիտակը բարձր ճշգրտությամբ կարձանագրի՝ ինչ է կատարվում  տիեզերքում,  ավագ գիտաշխատող Կամո Մալխասյանը։

«Կայանի հիմնական ընդունիչը չի շարժվում մեխանիկական խնդիրների պատճառով։ Անտենան շատ նեղ է։ 7վայրկյան է ալիքի լայնությունը։ Տիեզերում շատ փոքր հատված է։ Բացառիկությունը կայանում է նրանում, որ նեղ տիրույթը բարձր ճշգրտությամբ է ձայնագրում»։

Հին դիտակը կշահագործվի նոր եղանակով՝ համակարգչով։ Տիեզերքից եկող աղմուկը, ձայները ևս համակարգչով կարձանագրվեն ու կմշակվեն որպես տեղեկատվություն։ Ազդանշանները ձայնագրելուց հետո արդեն մասնագիտական ուսումնասիրությունը կպարզի, թե հայկական աստղագիտական նոր «աչքն ու ականջը» ինչ են որսացել՝ բացատրում է «Էսիթեք» ընկերության տնօրեն  Սուրեն Էյրամջյանը։

«Դիտարկում ենք տիեզերքից եկող աղմուկը, և աղմկային ազդանշանի հզորության փոփոխությունները նշանակում են որոշակի բան։ Եթե ինչ-որ տեղ կա երկնային օբյեկտ որոշակի ճառագայթում ունի։ Այդ դեպքում հզորության ավելացում է տեղի ունենում։ Այս ոլորտում հայտնագործություններն ամենօրյա բաներ չեն։ Մարդիկ տարիներով, տասնամյակներով կարող են հետևել ու որևէ  բան չտեսնել ու հանկարծ մի փոփոխություն, որը նախկինում չի գրանցվել և դա է, որ բերում է այն գիտակցությանը, որ ենթադրենք տիեզերական մի օբյեկտ է հայտնաբերվել»։

36-ամյա հայելային հսկա «թասն» աշխարհի ռադիոդիտակներից տարբերվում է ոչ միայն իր կառուցվածքով, այլև տեսակով․  օպտիկական ռադիոդիտակներից սա տարբերվում է նախ ռադիոօպտիկական լինելով, ապա էլի մի շարք բացառիկ հնարավորություններով։ 4000 հայելի, 54 մ տրամագիծ, 27 մ խորություն։ Պրոֆեսոր Արևիկ Սարգսյանը վստահեցնում է՝ սա աշխարհում ամենաճշգրիտ դիտակներից է, որը տիեզերքում միլիմետրանոց ալիքներն անգամ կարող է որսալ սեփական աղմուկի գերցածր լինելու շնորհիվ։ Որպեսզի հասկանալի լինի, թե որքան զգայուն է սարքը, Սարգսյանը բացատրում է՝

 «Պատկերացրեք՝ Տոկիո քաղաքում մի մոմ վառված լինի։ Այդ մոմի ջերմությունը  մենք այստեղ այս ռադիոդիտակով զգում ենք։ Այսինքն՝ եթե ջերմային էներգիան համեմատենք ռադիոէներգիայի հետ, զգայունությունը շատ բարձր է։ Ըստ այդմ՝ նույն շատ հեռու ռադիոճառագայթման աղբյուրները տիեզերքի  այս դիտակով կարելի է տեսնել։ Այն, ինչ մյուս դիտակների համար զգայունության ցածր լինելու պատճառով անհասանելի խնդիր է»։

Որպես համեմատություն՝ Արևիկ Սարգսյանը նշում է՝  այսպիսի ռադիոդիտակների միջոցով հնարավոր է դարձել պարզել, օրինակ, Մարսի և Յուպիտերի արանքում պտտվող  հսկայական երկնաքարերի  կառուցվածքն ու  պարունակությունը, նաև  հայտնաբերել տիեզերական «Էլդորադո» բեկորը, որի 80 տոկոսը ոսկի է, 20 տոկոսը՝ նիկել ու պլատին։ Սարգսյանը խոսում է նաև Մարս հասնելու ու տիեզերական պայմաններում արդյունաբերությամբ զբաղվելու՝ դեռ ֆանտաստիկա հիշեցնող ծրագրերի մասին։ Ասում է՝ Մարսի վրա պետք է լինեն գործարաններ, ձուլարաններ, որոնք երկրագնդի պայմաններում անհնար կլինի աշխատեցնել։ Իսկ այդ ամենի կապը հայաստանյան գործարկված դիտակի հետ շատ պարզ է և ուղիղ՝ Արևիկ Սարգսյանը։

«Ամենահետաքրքիրն այն է, որ կապն այդ արբանյակի հետ ՆԱՍԱ-ն կազմակերպում է օպտիկական եղանակով, որը փակ եղանակ է։ Իսկ մենք ունենք ռադիոօպտիկական դիտակ, որը կարող է ապահովել  և՛ ռադիո,  և՛ օպտիկական կապ»։

Տիեզերքը սեփական դիտակով ճանաչելու համար ծրագրվում է մասնակից դառնալ աստղագիտական համաշխարհային ծրագրերի։ Նպատակ կա միանալ Ռադիոինտերֆերոմետրական ցանցին․վերջինն իր 2020-2030 թթ ռազմավարական ծրագրում նախատեսել է դա։ Միայն թե ցանցին միանալը Հայաստանից լուրջ ծախս է պահանջում՝ տարեկան մեկ միլիոն դոլար, նաև  ինտերնետի լուրջ հզորություն է պետք՝ 2-4 տեռաբիթ/վայրկյան արագության, ինչը երկրում դեռ չկա։

Դիտակի վրա աշխատող թիմը դեռ փոքր է։ Ծրագրերի ընդլայնման հետ մեկտեղ կմեծանա։ Մտադիր են նաև ալեհավաքներ ու փոքր արբանյակներ արտադրել, անտենաների չափման էտալոնների բազայի վրա կառուցել հետազոտական և ուսումնական լաբորատոր  կենտրոն՝  վիրտուալ հետազոտությունների համար։

Տիեզերքն ավելի ճանաչելի դարձնել Հայաստանի համար, իսկ Հայաստանն առավել ճանաչելի՝ աշխարհի գիտական քարտեզի վրա՝ խոստանում է Արևիկ Սարգսյանն ու շեշտում՝ եթե անգամ այս ներդրումները ֆինանսի տեսքով չվերադառնան, Հայաստանի վարկանիշը դրանից մեծապես կշահի։

Ցուցադրել ավելի
Back to top button