ԿարևորՀասարակություն

Զինվորական լինելը՝ պատիվ, դառնալը՝ պատասխանատվություն․ Մոնթե Մելքոնյան վարժարանում արդեն նաև աղջիկներ են սովորում

Շարքով ու զինվորական կարգով մոնթեականները շտապում են շարահրապարակ։ Վերջին շտկումներն են հանդիսավոր արարողությունից առաջ։  Հանդիսավոր միտինգը նվիրված է  ազգային հերոս Մոնթե Մելքոնյանին։

Ամբիոնի մոտ վարժարանի պրոֆեսորադասխոսական կազմն է և Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս  Գալստանյանը։ Տերունական աղոթք, որից հետո՝ պատգամ մոնթեականներին թեմի առաջնորդի կողմից։

«Այսօր Մոնթե Մելքոնյանի տարեդարձն է, և, դժբախտաբար,  նաև իր ազատագրած Քարվաճառի հանձնման օրը։ Որքան մեզ համար լուսավոր,  այնքան և  տխուր և սև օր է։ Եվ սա է մեր ուխտը՝ այդ լուսավորը դարձնել ամբողջական մեր կյանքում։ Վստահ եմ, որ շատերդ լծվելու եք մեր բանակի վերազարդարումին, մեր բանակի վերականգնումին, այն բանակի, որի անունով մենք ապրել ենք, ուրախացել ենք, հպարտացել ենք, վեհացել ենք և ուժեղ ենք զգացել մեզ»։

Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում սովորում են ապագա սպաները, ովքեր գիտելիքով և մարտական պատրաստվածությամբ նոր որակ պետք  է  հաղորդեն հայկական բանակին՝ ամբիոնից ասում է  Մոնթե Մելքոնյան վարժարանի պետ  Գեղամ Սարգսյանը։

«Վստահ եմ, որ մենք միասին կարողանալու ենք փոխել իրավիճակը»։ 

Ցուցադրական ելութներին հաջոդում է սաների  պարգևատրումը։ Առաջին կուրսի կուրսանտ Անդրանիկ Ջավադյանը պարգևատրվողների շարքում է։

«Դեռ փոքր տարիքից սիրել եմ զինվորականի մասնագիտությունը։ Քեռիս զինվորական է եղել, ու ես շատ ցանկանում էի շարունակել նրա գործը։ Օդաչու եմ ուզում դառնալ՝ հավատարիմ Մոնթեի կարգախոսին՝Ճանապարհ դեպի բարձունք»։

Եվ օրվա գլխավոր իրադարձությունը հանդիսավոր խոստումն է Ազգային հերոսի արձանի առջև։  Սա մոնթեականների երդումն է՝ պատվով սովորել, ծառայել ու անհրաժեշտության դեպքում պատրաստ լինել պաշտպանելու հայրենիքը։ 

Ռոբերտ Մարտիրոսյանը հոր խորհրդով  է ընդունվել ռազմական վարժարան, դեռ փոքր տարիքից սիրել է ռազմական ինքնաթիռները Ասում է՝ պատերազմից հետո զինվորական դառնալն ավելի ամուր ու ավելի պատասխանատու միտք է։

Մոնթե Մելքոնյան վարժարանն այս տարի առաջին անգամ նաև աղջիկների է ընդունել իր շարքեր։ Կուրսանտների շարքում օդեղեն  բարձունք տանող ճանապարհն ընտրել են նաև աղջիկները։ Ընտանիքներում անհամաձայնություն էլ է եղել, որոշակի մտավախություն էլ։ Հաղթել է աղջիկների համառությունը․ զինվորական ուղին ընտրված է։

Վարժարանն իր առջև շատ բարձր նշաձող է սահմանել։

«Կարծում եմ՝ եկել է ժամանակը, որ շատ գրագետ կադրեր պետք է մտնեն բանակ, առանց դրա անհնար է շարունակել»,-ասում է Գեղամ Սարգսյանը։  

Մոնթեն գիտեր՝ հայրենիքի հարցում չեն սխալվում։

Կռվիլ։ Առաջ գնալ։ Խրամատավորվիլ։ Պահել։ Հակահարձակում ընդունիլ, անոր էլ ջարդել ու վերջ։ Սա Մոնթե Մելքոնյանի աշխատելաոճն էր։ Հենց այսպես, ի թիվս բազմաթիվ սխրանքների, 93 թվականին ազատագրեց Քարվաճառը։

Մոնթեն գիտեր նաև՝ բանակը նվիրումից զատ նախ գրագիտություն ու հատուկ պատրաստություն է պահանջում։ Մոնթե Մելքոնյան վարժարանում սա նպատակ է ու պահանջ՝ հավատարիմ Մոնթեի պատգամին։

Ցուցադրել ավելի
Back to top button