ԿարևորՀասարակություն

Զգուշացեք կողքի վարորդներից․Վարորդական իրավունք «գնած» 35 անձի մեղադրանք է առաջադրվել

Քրեական գործ՝ 37 անձի հանդեպ՝ կաշառքի դիմաց վարորդական իրավունք տալու եւ ստանալու համար։ Այդ գործերից երկուսը ոստիկանների, 35-ը՝ գումարի դիմաց առանց պատշաճ քննություններ հանձնելու գումարով վկայական ձեռք բերողների հանդեպ են։

Մեղադրվողների շարքում են ճանապարհային ոստիկանության Վանաձորի հաշվառման-քննական բաժանմունքի՝ կաշառք վերցրած տեսուչը  և նրան օժանդակած անձին, որոնք 2020թ. փետրվար-մայիս ամիսներին  75-150.000 դրամի դիմաց ընդունել են տվյալ քաղաքացիների՝ ձևական բնույթ կրող տեսական և գործնական քննությունները։

Սահմանված արագության գերազանցում, ալկոհոլ օգտագործած վիճակում մեքենա վարել. Հայաստանում ճանապարհատրանսպորտային պատահարների հիմնական պատճառներն են։ Սրանց կողքին կարգազանցությունն է նաեւ վարորդների՝ երթեւեկության կանոնների պատշաճ չիմացության հետեւանքով։ Սրա հիմքում նաեւ այն դեպքերն են, երբ վարորդական վկայականները ձեռք են բերվում գումարի դիմաց։  Գործնական քննությանը փաստացի չմասնակցած կամ ձևական մասնակցած անձանց վարորդական վկայականներ տրամադրելու վերաբերյալ հերթական բացահատման հիմքով քրեական գործ է հարուցվել միանգամից 37 անձի դեմ։  Առանձնապես խոշոր չափերով կաշառքի դիմաց  մի քանի տասնյակ անձանց օգտին իր լիազորությունները չարաշահելու հերթական դեպքի մասին «Ռադիոլուրի» հետ զրույցում մանրամասնում է Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։

«Կաշառքի և պաշտոնեական դիրքի չարաշահման հանցագործության  միջոցով 37 անձանց համար ապօրինի կերպով վարորդական իրավունքի վկայականներ են ձեռք բերվել։ Նմանատիպ բազմադրվագ հանցագործության դեպքերի հետ գործ ունենք։ Այժմ քննություն է կատարվում դրանց ամբողջական հանգամանքները պարզելու ուղղությամբ»։

Տվյալ գործով նախաքննությամբ ձեռք բերված ապացույցներով հիմնավորվել է, որ ՀՀ ոստիկանության ՃՈ ծառայության Երևան քաղաքի հաշվառման-քննական բաժնի տեսուչը 2020թ. օգոստոսից մինչև 2021թ. հուլիս իր մտերիմ անձնավորության միջնորդությամբ, մի քանի տասնյակ անձանց վարորդական վկայականի տրման համար նախատեսված գործնական քննությունները սահմանված կարգի խախտմամբ անցկացնելու, դրական գնահատելու և դրա հիման վրա նրանց վարորդական վկայական տրամադրելու համար յուրաքանչյուրից ստացել է 75-150.000-ական դրամ կաշառք: Դրա հետեւանքով գործնական քննությանը փաստացի չմասնակցած կամ ձևական մասնակցած անձանց տրվել են վարորդական վկայականներ:

«Ինչպես տվյալ գործով, այնպես էլ մեկայլ գործով, որի մասին ավելի վաղ հայտնել էինք, 6 անձի վարորդական վկայականներ տրամադրելու դեպք ունեինք։ 6 անձանց կողմից կաշառք տալու փաստերը հիմնավորվել են նաև դատական քննությամբ։ Այդ անձինք դատապարտվել են, իսկ նրանց վկայականներն այլևս անվավեր  են»։

Երթևեկության փորձագետ Արտակ Խաչատրյանն, իհարկե, ողջունում է իրավապահների կողմից նմանատիպ հանցագործությունների արագ բացահայտումը, միայն թե այստեղ որևէ սենսացիոն բացահայտում չի տեսնում։ Նմանատիպ երևույթները եղել են, կան և դեռ կլինեն, ասում է։

«Կաշառքը գայթակղություն է։ Մենք ոչ թե նոր քննություն հանձնող-ընդունողների հետ խնդիր ունենք, այլ նախկինների հետ խնդիր ունենք։ Այսինքն՝ երթևեկության մասնակիցների մոտ 80 տոկոսն ընդհանրապես տեղյակ չէ ոչ երթևեկությունից, ոչ կանոններից, ոչ անվտանգության կանոններիից։ Նախկինում նույնպես վարորդականները նույն ճանապարհով ձեռք են բերվել, ու դա մեծ գաղտնիք չէ»։

Արտակ Խաչատրյանը գնահատում է իրավապահների նմանատիպ բացահայտումները, բայց չի կարծում, որ դրանք կփրկեն երթևեկությունը։ Եթե իսկապես ուզում են անվտանգ երթևեկություն ապահովել, նախ պետք է օրենսդրական դաշտն ու վերահսկողության մեխանիզմները վերանայեն, ասում է։ Վիճակագրությունը ևս  փաստում է, որ ճանապարհատրանսպորտային պատահարները տարեցտարի աճում են։ Միայն  այս տարվա առաջին կիսամյակում Հայաստանյան ճանապարհներին  շուրջ 2200 վթար է արձանագրվել։ Հետևանքը՝  6 ամսում 168 զոհ, 3186 վիրավոր: Վթարի ենթարկված մեքենաների ղեկին հնարավոր է՝ հենց այն վարորդներն են, որոնք ժամանակին նախընտրել են վարորդական վկայական ստանալ ոչ թե քննությամբ, այլ այն գնելով՝ իրենք էլ չգիտակցելով, որ հետագայում շատ ավելի թանկ են վճարելու թե իրենք, թե այլոք՝ իրենց վարքի համար։   

Ցուցադրել ավելի
Back to top button