ԿարևորՀասարակություն

Այսօրվա հեքիաթ-գաղափարը՝ վաղվա ռոբոտ-իրականություն․ բացվել է «Արմաթի» 600-րդ ինժեներական լաբորատորիան

Հայաստանում «Արմաթն» արդեն իր 600-րդ ինժեներական լաբորատորիան է բացում։ Այն իր աշխատանքը սկսել է Երևանի թիվ 158 հիմնական դպրոցում Հայաստանի ազգային հերոս Մովսես Գորգիսյանի 60-ամյակի առթիվ։ Այսպիսով հանրապետության առնվազն 30 սան ունեցող 1200 դպրոցների ուղիղ կեսի 5-րդ եւ բարձր դասարանցիներին հասանելի են տեխնոլոգիական ամենաարդի գիտելիքները տվող խմբակները։

Չնայած սահմանված տարիքային՝ հետաքրքրությունն այնքան մեծ է եղել, որ, ինչպես տնօրենն է «Ռադիոլուրին» ասում, երրորդ դասարանցիները «պարտադրել են» բանակցել, որ իրենց եւս ներառեն պարապմունքներին։

Մինչև տարեվերջ Սյունիքում կհիմնվի եւս 14 «Արմաթ» լաբորատորիա, Կապանում՝ «Արմաթն օդում» ԱԹՍ աշխատանոց․ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունն է տեղեկացնում։  

«Ես ուզում եմ դառնալ երգիչ․․․ Ես դեռ չեմ որոշել, բայց կուզեի դառնալ քիմիկ․․․ բժիշկ-գիտնական․․․ հա՛մ ռոբոտ պատրաստող, հա՛մ էլ երգչուհի․․․ ես կուզեի զենքեր պատրաստել․․․ ես կուզեի դառնալ դատավոր»․ Տարբեր նախասիրություններ ունեցող այս երեխաներին միավորում է երկու բան․ բոլորը Մովսես Գորգիսյանի անվան դպրոցի աշակերտներ են, բոլորի հագին՝ ռոբոտի հանդերձանք։ Ստվարաթղթե արկղ-հագուստների վրա գունավոր ստեղներ են, սխեմա հիշեցնող պատկերներ, «ռոբոտավայել» ամեն ինչ, հանդերձանք կրողները՝ փայլուն աչքերով։ Այս երեխաների առջեւ բացվում են «Արմաթի» 600-րդ ինժեներական լաբորատորիայի դռները․

«Յուրաքանչյուր լաբորատորիայի բացումը մեզ համար մեծ տոն է, և արդեն 600-րդ տոնն ենք նշում»,- Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Րաֆֆի Քասարջյանը երեխաներին վստահեցնում է՝ իրենց բոլոր սպասելիքները հենց նրանցից են։

«Իմ գործի ամենաուրախ պահը նոր Արմաթի բացումն է, և երկրորդ ամենաուրախ պահը լինում է, երբ տեսնում եմ՝ այդ Արմաթի սաներն արդեն խմբակից մասնակցում և հաղթում ռոբոտաշինության հանրապետական մրցույթներում։ Այժմ ձեր առաջ դնում եմ այդ խնդիրը ու վստահ եմ՝ լիարժեք կկատարեք»,– ասում է Քասարջյանը։

Ռոբոտաշինության, նորարարական լուծումների, դեռ դպրոցահասակ տարիքից տեխնոլոգիական կրեատիվ նախաձեռնություններ ցուցաբերելու խնդիրը դրված է «Արմաթի» արդեն 600 լաբորատորիաներում սովորող շուրջ 16 հազար սաների առաջ։ ԱՏՁՄ ղեկավարը մեծ հաջողություն է համարում, որ հանրապետության առնվազն 30 սան ունեցող 1200 դպրոցների ուղիղ կեսում արդեն իրենք ներկա են իրենց խմբակներով։ Կարգախոսը՝ «Արմաթ՝ ապագայի ալգորիթմ»։ Նպատակը՝ Հայաստանում ուժեղացնել  տեխնիկական կրթության բազան, նպաստել դպրոցականների մասնագիտական կողմնորոշմանը, պատրաստել տեխնիկական կրթությամբ մասնագիտական աշխատուժ, որը կբավարարի աճող պահանջարկը:

Մովսես Գորգիսյանի անվան դպրոցի տնօրեն Արև Գյուլումյանը պատմում է՝ «Արմաթի» 600-րդ լաբորատորիայի բացմամբ մեկնարկում է հերոսի 60-ամյակին նվիրված միջոցառումների շարքը․

«Մտահղացումը վաղուց կար,  երեխաները շատ անհամբերությամբ անընդհատ մոտենում էին, դիմում ինձ։ Գիտեք՝ այսօրվա աշակերտները  համացանցից օգտվում են, տեսնում են, որ տարբեր դպրոցներում բացվում է, իրենք էլ էին ուզում»։

Իրենց ցանկությունները եւ գաղափարները երեխաները ձեւակերպում են այսպես․ «Ես կուզեի առաջինը պատրաստել շնիկ ռոբոտ․․․ Ես կսարքեի երգող ռոբոտ․․․ Ես կպատրաստեմ այնպիսի ռոբոտ, որը կկարողանա թռչել, և որը ես կկարողանամ ղեկավարել հեռվից․․․ Ես խոսող կպատրաստեմ, ինքն ինձ հեքիաթներ կպատմի, ես կլսեմ․․․ Ես էլ միհատ ռոբոտ կպատրաստեմ, որ կարողանա կրակել, մեր հայրենքիը պաշտպանել»։

Այս գործնական-կիրառելի գաղափարները 3-րդ դասարանցիներինն են։ Չնայած «Արմաթում» ուսուցումը նախատեսված է 5-րդից բարձր դասարանցիների համար, տնօրենն ու ուսուցիչները այս երեխաների հաստատակամությունը բարձր են գնահատում․

«Ըստ Արմաթ լաբորատորիայի ծրագրի՝ սովորելու են 5-9-րդ դասարանի աշակերտները, սակայն շատ 4-րդ դասարանցիներ ունենք, որոնք շատ-շատ շահագրգռված են։ Միգուցե ղեկավարի հետ խոսենք, բարեխոսենք, որ այդ երեխաներն էլ ընդգրկվեն խմբակում, որովհետև նրանց ցանկությունը շատ մեծ է»,-ասում է դպրոցի տնօրենը։

«Արմաթ» ինժեներական լաբորատորիաներ գործում են ինչպես Հայաստանում ու Արցախում, այնպես էլ Ջավախքում, Հնդկաստանում։ Առաջիկայում հայկական ինժեներական միտքը կհասնի նաև Բանգլադեշ ու այլ երկներ։

Ցուցադրել ավելի
Back to top button