ԿարևորՀասարակություն

Պատվաստանյութի երրորդ դեղաչափը կարելի է ստանալ 6 ամիս հետո

Հայաստանի բնակչության՝ պատվաստման ենթակա 20 տոկոսն արդեն պատվաստված է։ Եվս 38 տոկոսը դեռ միայն առաջին դեղաչափն է ստացել։ Այս խմբերի կողքին կա ևս մեկ խումբ․ այն դեռ փոքր է, բայց միտում ունի մեծանալու․ այդ խմբում արդեն երրորդ դեղաչափ ստացած մարդիկ են։ Սա կամավոր է, մարդիկ կարող են իրենց ցանկությամբ դիմել և բժշկի ցուցմամբ ստանալ նաև երրորդ դեղաչափը։ Առողջապահության նախարարությունը դեռ առաջնորդվում է պատվաստումների երկփուլ ընթացակարգով։ 

 Վարակվածների 3.6 տոկոսն է, որ պատվաստված լինելով հանդերձ՝  կրկին զերծ չի մնացել կորոնավիրուսից։ Հայաստանի թվերն է ամփոփում առողջապահության նախարարը։ Բայց այստեղ կա մի նշանակալի «բայց»`  շեշտում է Անահիտ Ավանեսյանը։ Անգամ տարեց մարդիկ պատվաստված լինելու դեպքում ավելի հեշտությամբ են հաղթահարում հիվանդությունը, իսկ նրանց կողքին երիտասարդ ու քրոնիկ հիվանդություններ չունեցողները, ցավոք, երբեմն ծանր են տանում վարակի ընթացքը։
Դպրոցական արձակուրդները մի շաբաթով երկարացնելը, իհարկե դրական է անդրադարձել կորոնավիրուսային հիվանդության հաստատված դեպքերի նվազող վիճակագրության  վրա, բայց ամենամեծ ձեռբերումը վարչապետ Նիկոլ Փաշինյանը համարում է  լիարժեք պատվաստված քաղաքացիների թիվը։ Բնակչության 20 տոկոսն արդեն ամբողջությամբ պատվաստված է․

«Այսօր լիարժեք պատվաստում ստացած քաղաքացիների թիվը հատել է 400 հազարի շեմը, ինչը շատ լավ նորություն է,բայց սա մեր զգոնությունը չպետք է թուլացնի, որովհետև արդեն տեսել ենք, որ վիրուսը մուտացիաների է ենթարկվում»։

700 հազար քաղաքացի էլ կորոնավիրուսի դեմ պատվաստման առաջին չափաբաժինն է ստացել, իսկ որ ամենակարևորն է՝  հետպատվաստումային բարդության որևէ նշանակալի դեպք չի արձանագրվել՝ շեշտում է վարչապետը։

«Պատվաստումից հետո չի եղել որևէ բարդության դեպք, որը արժանի է հիշատակման: Հիշում եք, չէ՞, ինչեր էին ասում, մարդիկ ամենասարսափազդու տեսարաններ էին նկարագրում»:

Ավելին՝ թե Հայաստանի, թե համաշխարհային վիճակագրական տվյալները արդեն ապացուցում են, որ պատվաստված քաղաքացիներն ավելի պաշտպանված են՝ նկատում է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Կորոնավիրուսի ակտիվ դեպքերի մեջ պատվաստվածների թիվը 1 269-ն է կամ վարակվածների շրջանում 3.6 տոկոսը: Այսինքն` վարակվածների շրջանում 3.6 տոկոսն է, որ պատվաստված է, բայց վարակվել է կորոնավիրուսով։ Հիվանդանոցային բուժում ստացող 3 124 քաղաքացիներից 114-ն են պատվաստված»։

Պատվաստումները որևէ կերպ չեն անդրադառնում անգամ  մարդու վերարտադրողական առողջության վրա, ինչի մասին բազմիցս տարբեր հարթակներից մտահոգություններ են հնչել. հավաստիացումը հնչում է առողջապահական գերատեսչության ղեկավարից։ 

«Գիտական փաստված հոդվածներում ուսումնասիրություները ցույց են տալիս, որ քովիդ-19 հիվանդությունը և դրա ընթացքը կարող է ազդել մարդու ընդհանուր առողջության վրա, այդ թվում ՝ վերարտադրողական։ Այսինքն ՝ ճիշտ հակառակ փաստված իրականությունն ունենք»։

Ի դեպ՝  կորոնավիրուսի դեմ երկու դեղաչափ ստացած քաղաքացիները կարող են վերապատվաստվել, կամ, այսպես ասած, երրորդ դեղաչափը ստանալ 6 ամիս հետո։ Ինչ վերաբերում է պատվաստված լինելու մասին կեղծ սերտիֆիկատների տրամադրման դեպքերին ու դրանց մասին ահազանգերին՝  Փաշինյանը շեշտում է՝ դրանք զգալիորեն նվազել են։ Փոխարենը մեկայլ մտահոգիչ տվյալ կա։  Ազգային վիճակագրական ծառայության և առողջապահության նախարարության տվյալները  քովիդից մահվան  մասով մոտ 700-ով տարբերվում են միմյանցից։ Նշանակված է քննություն՝ հասկանալու՝ որտեղից է գալիս տարբերությունը։

Ցուցադրել ավելի
Back to top button