Գերդաստաններ

«Նեմեսիս»-ի վրիժառու, դիրիժոր, ճարտարապետ, լրագրող․ Երկանյանների գերդաստանը․ «Գերդաստաններ»

Արևմտյան Հայաստանի Խարբերդ նահանգում՝ վիլայեթում, Փշատիկ անունով մի գյուղ կար, գյուղում՝ Սամվել անունով մի շատ բարձրահասակ մարդ։ Հենց իր բարձր հասակի համար էլ նրան կոչում էին «Էրգան»։ Այս մարդը Երկանյանների նախնին է, որ հետագայում գնում է Խարբերդից ու բնակվում Էրզրումի նահանգում։

Արամ Երկանյան

Երկանյանների մի ճյուղի զավակներից էր վրիժառու Արամ Երկանյանը, որ ծնվել է 1900 թվականին Էրզրումում։ Նա դեռ պատանի էր, երբ թուրքերի կողմից արված գազանությունների, հայ ժողովրդի զանգվածային տեղահանության ու կոտորածների ականատեսն է դառնում։ Թափված արյան վրեժը հանելու համար նա անդամագրվում է Հայ հեղափոխական դաշնակցության ընդհանուր ժողովում ստեղծված հատուկ կառույցին՝ «Նեմեսիսին»։

1919 թվականին Թիֆլիսի Երևանյան հրապարակում Արամ Երկանյանը գնդակահարում է Ադրբեջանի ռազմական նախարար Ղասիմբեկովին, ապա Ադրբեջանի խորհրդի նախագահ Աղաևին, 1920 թվականին սպանում Բաքվի և Շուշիի կոտորածների կազմակերպիչ Ֆաթալի Խան Խոյսկուն։

Նոր առաջադրանք ստանալուց հետո Արամը մեկնում է Իտալիա։ Այս անգամ նրա թիրախում Բեհաէդդին Շաքիրն էր։ Մի քանի օր անց Արամը հասնում է Հռոմ, այնտեղից՝ Վիեննա` միանալով «Նեմեսիս» գործողության կազմակերպիչ Շահան Նաթալիին։

1922 թվականին 6 հոգուց բաղկացած վրիժառուների խումբը Նաթալիի գլխավորությամբ մեկնում է Բեռլին։ Սկսվում են Շաքիրին հետապնդելու աշխատանքները։ Արամը լավ էր տիրապետում գործողության պլանին։ Հետապնդումների արդյունքները պարզում են, որ Շաքիրը վտանգ էր զգում, այդ պատճառով էլ տնից դուրս էր գալիս թիկնապահի ուղեկցությամբ միայն։

Տիրան Երկանյան

Հենց փողոցում Արամն ու Շաքիրը հանդիպում են, հանդիպում են նրանց հայացքները։ Ասում են՝ թուրք դահիճն այլայլվում է, զգում է, որ նրան հայի աչքեր են նայում` Արամ Երկանյանի աչքերը։

Երկանյան այս գերդաստանից է սերում հայտնի երաժիշտներ Երվանդ և Սեդրակ Երկանյանների պապը` Երվանդը` մի շատ հետաքրքիր և խելացի մարդ։ Նա կարողացել էր Եղեռնի օրերին առանց զոհ տալու անցնելով թուրքական գյուղերի միջով՝ թաքնվել Զոնգուրդակ գյուղում, որտեղ շատ կարճ ժամանակ մնալուց հետո գնացել է Պոլիս՝ այնտեղից էլ Ֆրանսիա։

Դիրիժոր, Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործիչ, Անդրկովկասյան համամիութենական փառատոնի դափնեկիր, «Տաղարան» հնագույն երաժշտության անսամբլի գեղարվեստական ղեկավար Սեդրակ Երկանյանը պատմում է, որ դեռ «Խորան» կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավար եղած ժամանակ քարտեզագրել է հայկական լեռնաշխարհի տարբեր շրջանների երգեր, պարեր, քոչարիների ու հորովելների մի շարք։ Սեդրակ Երկանյանը հանդես է եկել աշխարհի շատ երկրներում։

Իսկ ովքե՞ր են այս գերդաստաների երիտասարդները։ Ճարտարապետ Տիրան Երկանյանը հայտնի լրագրող Արտյոմ Երկանյանի պապն է։ Տիրան Երկանյանի հայտնի գործերից է «Մոսկվա» կինոթատրոնի շենքը։ Արտյոմ Երկանյանը պատմում է, թե պապն ինչպես էր աշխատում կինոթատրոնի նախագծի վրա։

Կոմպոզիտորներ Երվանդ ու Սեդրակ Երկանյանների հայրը՝ Վահանը, հայտնի դերձակ է եղել և այնքան մեծ ճանաչում է ունեցել, որ պատերազմի տարիներին հենց նրան են գերմանացիները պատվիրել իրենց համազգեստները։

Երվանդ և Սեդրակ Երկանյանները ծնվել են Գյումրիում, այնուհետև ավարտել Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիան և դասավանդել այստեղ։ Կոմպոզիտոր Երվանդ Երկանյանը 1987-1994 թվականներին եղել է «Տաղարան» անսամբլի ղեկավարը, մշակել է մոտ 150 հայկական շարականներ, իսկ 1995 թվականին գլխավորել է Բեյրութի «Գուսան» երգչախումբը։

Գերդաստանի շառավիղները անսպասելիորեն 1990-ականներին ճանաչում են Գամիրքից Անդրանիկ Երկանյանին։ Երկանյանների գերդաստանը հերոսական անցյալ ունի, նրանց ստեղծած երգչախմբերի կատարումները հոգիներ են գրավում։

Ցուցադրել ավելի
Back to top button