ԿարևորՀասարակություն

«Հարցեր մեդիայից ու հարցեր մեդիային»․ լրագրողները քննարկում են լրատվադաշտի ապագան

«Հարցեր մեդիայից և հարցեր մեդիային» խորագրով միջազգային գիտաժողովը համախմբել է մեդիա ներկայացուցիչներին՝ քննարկելու նոր իրողությունները։ ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի կազմակերպած գիտաժողովի առարկան ժուռնալիստիկայի ներկան ու ապագան են, այսօրվա ու նաև վաղվա խնդիրըները, դրանց լուծումները։ Ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանն ասում է՝ այս մասնագիտական հավաքները կազմակերպվում են ամեն տարի։ Այս տարի գիտաժողովը նվիրված է Հայաստանի հանրային ռադիոյի 95, և Հայաստանի հանրային հեռուստաընկերության 65- ամյակին․

«Միջազգային գիտաժողովը նվիրված է մեդիաոլորտի այս կամ այն խնդիրներին, իրողություններին, փոխակերպումներին, բոլոր այն մարտահրավերներին, որոնք առկա են այսօր լրատվադաշտում։ Դրանով պայմանավորված՝ ֆակուլտետի դասախոսներն ու գործընկերները ներկայանում են զեկուցումներով, վերլուծում առկա իրողությունները, նախանշում մեդիաոլորտի վաղվա օրը»։

Նաղաշ Մարտիրոսյանը շեշտում է՝ քննարկվում են և՛ ավանդական, և՛ նոր ու այլընտրանքային լրատվամիջոցներին վերաբերող հարցեր․

«Եվ կարծում եմ, որ գիտաժողովին յուրատեսակ փայլ կհաղորդեն նաև միջազգային այն գործընկերների գիտական ելույթները, որոնք մենք կլսենք օֆֆլայն ու օնլայն ռեժիմով։ Մասնակիցներ ունենք ԱՄՆ-ից, Բելգիայից, ՌԴ-ից, և այդ զեկուցումները նույնպես լուրջ ընդգրկում կունենան»։

«Մեդիան փոխվում է ավելի արագ, քան երբևէ, ավելի արագ, քան մենք հասցնում ենք նկատել»,- նկատում է Հանրային ռադիոյի գործադիր տնօրեն Գարեգին Խումարյանը։ Նրա խոսքով՝ մաթեմատիկական փաստ է՝ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի շրջանավարտները ավելի մրցունակ են աշխատաշուկայում։ Իսկ Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանի կարծիքով՝ ֆակուլտետում սովորողները պետք է մրցունակ լինեն ոչ թե այսօրվա, այլ արդեն վաղվա աշխատաշուկայի համար։

«Առաջին կուրսում երբ սովորում էինք, լրիվ ուրիշ մտածելակերպ ու խնդիրներ ունեինք մեդիայի հետ կապված»,- ասում է Ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող Լուսի Մանվելյանը։

«Այսօր երևի հարցերը ավելի շատ կապված են նրա հետ, թե ոնց պահել մեդիայի տարբեր միջոցների արդիականությունը ու ոնց մարդկանց, մասնավորապես՝ երիտասարդներին, ինտեգրել դրա մեջ։ Ինձ թվում է՝ ավանդական մեդիայի միջոցներից երիտասարդները գնալով հեռանում են։ Սա է իմ հիմնական մտահոգությունը, կուզեմ ավելի փորձառու մարդկանցից (որոնք, վստահ եմ, որ մտահոգվում են այս հարցով), լսեմ այս հարցի շուրջ կարծիք»,-նշում է նա։

Հայաստանյան մեդիայի խնդիրները լոկա՞լ են, թե՞ բնորոշ են ամբողջ աշխարհին, ի՞նչ ուղղությամբ պետք է աշխատել՝ մրցակցային առավելություններ ձեռք բերելու համար, ուսանողների այս ու այլ հարցերի երկօրյա գիտաժողովի ընթացքում «կպատասխանեն» շուրջ 20 զեկուցողներ։ Նրանք կքննարկեն մոռացված լինելու իրավունքի, լրագրողական տեքստերի ընկալումների փոխակերպումների, փաստերի ստուգման, մանիպուլյացիաների կամ մեդիահիգիենայի մասին հարցեր։

Նոր մեդիայի և հաղորդակցության ամբիոնի վարիչ Դավիթ Պետրոսյանը, սակայն, նշում է․ «Ուսանողը, իր նախասիրությունից ելնելով, կարող է մնա։ Գիտաժողովը իր գիտականության առումով արդեն մասսայական չէ»։

Այնուամենայնիվ, ներկաների շարքերը նոսր չեն․ լրագրության ֆակուլտետում  փաստում են՝ մեդիադաշտում գործողներն ու այնտեղ հայտնվել ցանկացողները շատ ասելիք ունեն։

Ցուցադրել ավելի
Back to top button