ԿարևորՀասարակություն

Հայաստանում խաղադրույքները պատերազմական տարվա բյուջեից շատ են

Օլայն և շահումով խաղերի կործանարար ծավալները պետության և հանրության ուշադրության կենտրոնում են, բայց ցանկացած կարգավորում–սահմանափակումից հետո  ոլորտի ընկերությունները շրջանցող տարբերակներ են գտնում՝ չհրաժարվելով շրջանառվող հսկայական ֆինանսներից։

Հաճախ խաղամոլությունը ծանր և անդառնալի հետևանքներ է ունենում՝ ստեղծելով մի իրավիճակ, որն արդեն վերածվել է վիճակագրության։

Պաշտոնական վիճակագրություն, թե քանի մարդ է Հայաստանում զբաղվում խաղամոլությամբ, չկա, բայց «ուղեկցող» թվերը փաստում են, որ խնդիրն աստիճանաբար մտնում է ազգային անվտանգության տիրույթ։ Տպավորիչ մի համեմատություն․ Հայաստանում 2020՝ պատերազմական տարում արված խաղադրույքները համեմատելի են մեր երկրի՝  2022 թվականի աննախադեպ համարվող 2 տրիլիոնանոց բյուջեի հետ։ Բաց աղբյուրներից, ընկերությունների հաշվետվություններից տվյալները ամբողջացվել են ֆինանսների նախարարությունում։

Փոխնախարար Արմեն Հայրապետյան․ «Թվերը շատ մեծ են։ 2020 թվականի խաղադրույքները 1, 988 տրիլիոն են։ «Խնդրահարույց» խաղացողների գնահատական չունենք, մեզ համար թանկ է այդ կարգի հետազոտություններ ունենալը։ Երբ մոտարկում ենք զարգացած երկրներին, որտեղ՝ ըստ հետազոտությունների՝ 5–ից մեկը դառնում է «խնդրահարույց» խաղացող, նշանակում է, որ դրանից ավելի ռիսկային է մեզ մոտ, ավելի բարձր է այդ ցուցանիշը»։

Հայաստանում մի քանի անգամ փորձ է արվել վերահսկողության դաշտ բերել ոլորտը, նաև որոշակի սահմանափակումներ մտցնել շահումով խաղերով զբաղվող ընկերությունների ու դրանց գովազդների վրա։

Մետրոյի «Երիտասարդական» կայարանի միջանցքի  ողջ երկայնքով տեղադրված վահանակները գովազդում են, որ կարելի է խաղալ հաճույքի, ոչ թե հարստանալու համար  

Ակնհայտ է, որ «բանալի» բառը այստեղ հենց խաղալն է։ Հոգեբանական ներգործության համար ընտրվել է ամենամարդաշատ տարածքներից մեկը։ «Ուշագրավների» շարքից ևս մեկ օրինակ կարելի է տեսնել Կոռոիպցիայի կանխարգելման հանձնաժողովի պաշտոնական կայքում։ Հակակոռուպցիոն կոմիտեի քննչական երրորդ վարչության պետ Հրաչյա Մուշեղյանի հետ  փոխկապակցված անձի՝ նրա կնոջ 2019–ի հայտարագրում կարելի է հանդիպել մի տեղեկության, համաձայն որի 5 420 ամերիկյան դոլարը խաղատներում կամ շահումներով խաղերում ստացած եկամուտն է։

Խորհրդարանը մի քանի անգամ արդեն փորձել է կարգավորել ոլորտը, բայց մինչ այժմ հանրային շահը ստորադասվել է տնտեսականին։ Գովազդային շուկայի 24%-ը բաժին է ընկնում հենց այն 4 ընկերություններին, որոնք Հայաստանի տարածքում զբաղվում են շահումով խաղերի կազմակերպմամբ։ Հիմնավորում են, որ սահմանափակումներով խնդիրների առաջ կկանգնեն, որպես հետևանք՝ կպակասի բյուջեի եկամուտը։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից պատգամավոր Հրաչյա Հակոբյանը դաշտը կարգավորող օրենքներից մեկի համահեղինակն է։  

«Այդ օրենքով արտաքին գովազդը ամբողջությամբ պետք է արգելվեր։ Ես հանդիպում ունեցա արտաքին գովազդի կազմակերպիչների հետ, և նրանք պարզապես ասացին՝ որպեսզի ոլորտը չմահանա, եկեք ուղղակի սահմանափակում մտցնենք։ Մենք մտցրեցինք սահմանափակում, մինչև 5 քառակուսի մետր «բաններներն» էր թույլատրվում։ Պայմանավորվածությունը հետևյալն էր․ որպեսզի ոլորտն անկում չապրի, թույլ տանք գտնեն այլ գովազդատուներ։ Ի՞նչ եղավ փոխարենը, փոխարենը ամբողջ քաղաքով մեկ ավելացան մինչև 5 քառակուսի մետրանոց գովազդային վահանակները։ Արտաքին գովազդի հետ կապված, այո, կա մեծ խնդիր։ Ինձ տհաճ է ուղղակի Մասիվ բարձրացող ճանապարհով գնալ, կամ կինո «Հայրենիքի»՝ ամենուր այդ փոքր վահանակներն են։ Այս ոլորտը հարուստ ոլորտ է, կարողանում է ավելի շատ վճարել այդ տեղերի համար։ Պարզապես երշիկ արտադրող ընկերությունը չի կարող այդքան վճարել, որքան այդ հարուստ ոլորտը»։

Ֆինանսների նախարարության նախաձեռնած նոր փոփոխությունները «Գովազդի մասին» օրենքում թեև հավանության արժանացան կառավարությունում, բայց խորհրդարանում նախագծի քննարկումը հետաձգվեց մինչև 2 ամսով՝ լրամշակումների համար։ Աժ–ի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Բաբկեն Թունյանի կարծիքով՝ անհրաժեշտ է մշակել կիրառական, գործուն մեխանիզմներ, քանի որ սովորական սահմանափակումները անհրաժեշտ արդյունքը չեն տալիս․

«Բոլորս համաձայն ենք, որ ունենք խնդիր, որը պետք է լուծվի։ Այդ խնդիրը գնալով սրվում է։ Մենք ունենք համատարած մարդկանց քանակի և խաղադրույքների ծավալների աճ ու մենք ունենք դեպքեր, որ խնդիրը ոչ միայն տնտեսական ու սոցիալական է, այլև կարող է դառնալ իրավական և անվտանգության խնդիր։ Շատ փակագծերը չբացեմ՝ այն տեղերում, որտեղ ցանկալի չէ, որ մարդիկ դրանով զբաղվեն, մարդիկ հեռախոսներով են զբաղվում»։  

Միջազգային փորձը այս խնդրի տարբեր լուծումներ է առաջարկում՝ մշտադիրակումից մինչև «խաղացողների շտեմարան»։ Տարածաշրջանում մեզ ամենամոտ «դեղատոմսը» Վրաստանում է։ Ասենք՝ վարկ կամ հիփոթեք ստանալու համար այնտեղ հասանելի են անգամ քաղաքացու կատարած խաղադրույքները, այնպես որ «ռիսկային խաղացողները» զրկվում են հիփոթեք կամ վարկ ստանալուց։

Հայաստանում առայժմ խոսում են պատբյուջեի վրա խաղադրույքների մեծ ազդեցության մասին։ Բաբկեն Թունյանը զուգահեռ շեշտում է, թե որքան է դրանից խեղվում բյուջեի կառուցվածքը․

«Միանշանակ, խաղադրույքների ազդեցությունը բյուջեի եկամուտների և տնտեսության վրա շատ ավելին է, ոչ թե տասնյակներով, այլ հարյուր անգամներով ավելին է, քան բոլոր լրատվական կայքերի, գովազդային ընկերությունների գովազդային բյուջեները իրար հետ գումարած։ Դա իրոք, շատ մեծ վնաս է տալիս, ու եկամուտների այդ վերաբաշխման աղավաղումը դրանցից մեկն է»։

Օրենսդիրում հաստատում են, որ հետագա բոլոր խնդիրների գիտակցմամբ պետք է գնան աստիճանական և սահուն լուծումների։ Ոլորտում աշխատող ընկերություններին զգուշացնում են՝ առաջիկա լուծումները որքան էլ խիստ լինեն, պետք է հասկանալ, որ դրանք արդար են։ Փորձելու են գտնել այնպիսի լուծումներ և կիրառել այնպիսի սահմանափակումներ, որ քաղաքացին իր ապրուստի վերջին միջոցով մոլախաղի զոհ չդառնա։

Ցուցադրել ավելի
Back to top button