ԿարևորՀասարակություն

Մի քանի երկիր այն կողմ զինվող պետություններից ռիսկերը կարող են Հայաստան հասնել

Աֆղանստանում, Պակիստանում եւ տարածաշրջանում տեղի ունեցող վերջին զարգացումները, որոնք երբեմն լարվածության են հանգեցնում, ուղղակի կամ անուղղակի կերպով կապվում են Հայաստանի հետ։ Քաղաքագետները պակաս մտահոգված չեն  մի քանի երկիր այն կողմ պետությունների, մասնավորապես, Պակիստանի զինվելուց, հատկապես, որ այդ երկիրը վերջերս «եղբայրական դաշինք»-ի մեջ է մտել Թուրքիայի և Ադրբեջանի հետ։

Տարածաշրջանային  փոփոխությունները ոչ միայն քաղաքական բնույթ ունեն, սպառազինությունների մրցավազքը երբեմն սպառնում է ռազմականի վերաճել։

Ըստ միջազգային մամուլի տեղեկությունների՝  Պակիստանը հետաքրքրված է Աֆղանստանում բռնությամբ իշխանության եկած թալիբներից զենքերի գնմամբ, որոնք Միացյալ Նահանգները զորքերը դուրս հանելիս թողել են Աֆղանստանում։ Խոսքն ամերիկյան շուրջ 200 հազար միավոր  զենքի մասին է։ Թալիբները հրապարակավ հերքել են այս տեղեկությունը և հայտարարել՝ իրենք ևս զորքեր են կազմավորում, ու այդ զենքերի կարիքը շատ ունեն։ Քաղաքագետներն ուղիղ կապ են տեսնում այս իրադարձության եւ Հայաստանի սահմանների անվտանգության միջեւ։  Պակիստանի նման «ռազմական ախորժակ»-ի նպատակը կարող է լինել սև շուկայով այդ զենքերի տրամադրումը Ադրբեջանին և Թուրքիային, իսկ դա կնշանակի դրանց տեղակայում և օգտագործում ՀՀ սահմանին՝ ՀՀ դեմ։

Ռազմական վերլուծաբան Հայկ Նահապետյան․ «Ամենայն հավանականությամբ՝ այդ մի քանի տասնյակ միլիարդավոր դոլարների զենք-զինամթերքը, ռազմական տեխնիկան, որը ԱՄՆ-ն և իր դաշնակիցները թողել են Աֆղանստանում, վաղ թե ուշ կօգտագործվի։ Այո, օգտագործողներից մեկը Պակիստանը կարող է դառնալ, եթե այդ զենքը և զինամթերքն ուղարկի իր կողմից դեռ չճանաչված Հայաստանի Հանրապետության դեմ, որը հետագայում կկիրառիԱդրբեջանը»։

Այս մտավախությունն ավելի հիմնավոր է հնչում Թուրքիայի, Ադրբեջանի և Պակիստանի այսպես կոչված «եղբայրական դաշինք»-ի ստեղծման համատեքստում, որից հետո այս երեք երկրները համատեղ զորավարժություններ են իրականացրել՝ ասում է Նահապետյանն ու ընդգծում՝ նման հավակնություններ ունեցող այս երկրներն արդեն չեն թաքցնում իրենց վարքագիծը, իսկ  «թյուրքական» ծրագիրն ինքնին լուրջ վտանգ է Հայաստանի համար։

«Ես չեմ բացառում փորձագիտական շրջանակների այն գնահատականը, որ այդ զենք-զինամթերքը վաղ թե ուշ ուղղվելու է նաև Հայաստանի դեմ»։

Պակիստանին զորավարժությունների մեջ ներգրավելով՝ Թուրքիան և Ադրբեջանը հստակ խնդիրներ են փորձում լուծել։ Խոսքը չի գնում միայն համատեղ կռվել սովորելու մասին․ Պակիստանի հետ ռազմական վարժանքներից նաև այլ շահ կա․

«Պակիստանը հիմնականում մասնակցում է այն զորավարժություններին, որոնց մասնակցում են լեռնային պայմաններում հատուկ նշանակության ստորաբաժանումները։ Հաշվի առնելով, որ Պակիստանը Հնդկաստանի դեմ Քաշմիրի նահանգի հետ կապված ունի բավականաչափ փորձառություն և իր փորձն ուղղակիորեն փոխանցում է Թուրքիայի և Ադրբեջանի զինված ուժերին»,- ասում է Հայկ Նահապետյանը։

Թուրքիան և Ադրբեջանը գնում են տոտալ մոբիլիզացիայի․ դրանց քայլերը, ըստ Նահապետյանի, ուղղված են հիմնականում Ռուսաստանի դեմ։ Եթե ռազմական տարատեսակ գործողություններ սկսվեն, 3 թատերաբեմ է լինելու՝ ասում է զրուցակիցս՝ Ուկրաինա, Կենտրոնական Ասիա և Հարավային Կովկաս՝ նպատակ ունենալով ստիպել Ռուսաստանին՝ գնալ զիջումների։

«Թուրքիան Պակիստանի և Մեծ Բրիտանիայի միջոցով բավականին լուրջ հավակնություններ ունի՝ այդ երկրներում իրականացնելու իշխանափոխություն՝ որոշ երկրներ բերելով արմատական իսլամիստներին, որոշներում՝ աշխարհիկ իշխանություններին, որոնք կփոխեն պետության դաշնակցային պարտավորությունների վեկտորը դեպի Արևմուտք, և այդ առումով Աֆղանստանն է այն պետությունը, որով կարող են իրականացնել այդ ներթափանցումները դեպի Թուրքմենիա, Տաջիկստան, Ուզբեկստան, ինչու չէ նաև Ղազախստան»։

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ավելի վաղ հայտարարել էր, որ ՀԱՊԿ երկրները պետք է պատրաստ լինեն տեռորիստների ներթափանցումների Աֆղանստանի այն շրջաններից, որոնք թալիբների հսկողության տակ են։

Հայկ Նահապետյանը, հնարավոր է համարում այս տեսակետը և ընդգծում, որ տարածաշրջանի ամենահարմար հենակետը թուրքական ցանկությունների իրագործման համար կարող է Աֆղանստանը լինել, որտեղից էլ կսկսվեն տարբեր ներթափանցումներ։

«ՀԱՊԿ-ի ղեկավարությունը գնահատում է, որ առարկայական սպառնալիք կա Կենտրոնական Ասիայի երկրներից իր դաշնակից Տաջիկստանի սահմանին և այդ սպառնալիքը ուղղակիորեն կարող է ներթափանցել Աֆղանստանից, որտեղ ազգությամբ ավելի շատ տաջիներ են ապրում քան բուն Տաջիկստանում»։

Քաղաքական ու ռազմական այս թոհուբոհին դիմագրավելու միակ միջոցը, ըստ Նահապետյանի, զինվելն է և ուժեղանալը․

«Թիվ մեկ խնդիրն օր առաջ, ժամ առաջ ՀՀ զինված ուժերի վերականգնումն է, ժողովրդին հոգեբանորեն պատրաստելը հայրենիքը պաշտպանելու, որը շատ կարևոր է և, ցավոք, այսօր չի գտնվում այն բարձրության վրա, որ պետք է գտնվի, և երրորդ՝ Հայաստանը պետք է առավել ակտիվացնի իր դիվանագիտական, ռազմատեխնիկական և տնտեսական հարաբերությունները  հակաթուրքական աշխարհի այն պետությունների հետ, որոնք պատրաստակամ են իրենց շահերից ելնելով օգնել Հայաստանին որպես թուրքական աշխարհի ճանապարհին մեծ պատ»։

Հաշվի առնելով Պակիստանի մասնատման ռիսկերը՝  չի բացառվում, որ    Աֆղանստանում ՆԱՏՕ-ի թողած զենքը երկծայր սուր է, որը կարող է աշխատել և հօգուտ, և ի վնաս Պակիստանի՝ կախված նրանից, թե այդ զենքի օգտագործման շահառուները ի՞նչ կորոշեն և ե՞րբ։ Բայց բոլոր այս գործընթացները ուղղակի թե անուղղակի կարող են կապվել Հայաստանի հետ։

Ցուցադրել ավելի
Back to top button