ԿարևորՄշակույթ

Հայկական Պորտասարը՝ Թուրքիայում զբոսաշրջության զարգացման խթան․ հարցը քննարկվել է Մեջլիսում

Թուրքիան երկրում զբոսաշրջության զարգացման հեռանկարը կապում է  Պորտասարի  հետ։ Այս մասին Մեջլիսի պլանավորման և բյուջեի հանձնաժողովում հայտարարել է Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարար Նուրի Էրսոյը։ Նա, բնականաբար, ոչինչ չի ասել այն մասին, որ խոսքը հայկական ծագման կոթողի մասին է։

«Արևմտահայոց հարցերի ուսումնասիրման կենտրոն»–ի տնօրեն, հայագետ Հայկազուն Ալվրցյանը «Ռադիոլուր»-ի հետ զրույցում ասում է, որ Պորտասարում հայտնաբերված տաճարը պեղման փուլում է, այն նեոլիթյան շրջանի կրոնածիսական համալիր է և հեռու է Ուրֆայից ընդամենը  14 կմ՝ դեպի հյուսիս-արևելք։

«Աշխարհի հնագույն տաճարներից մեկն է այժմ պեղվում, որն, ըստ մասնագետների, մթագնելու է եգիպտական բուրգերի փառքը։ Այն 12 հազար տարվա պատմություն ունի, բացառիկ և բոլորովին նոր պատկերացումներ է տալիս Հայաստանի հնագույն պատմության մասին»,-ասում է հայագետը։

Արևմտյան Հայաստանի և ոչ մի շրջանում Թուրքիան առանձնապես ջանք չի թափում զարգացման ծրագրեր իրականացնելու համար։ «Զգուշավոր է»,- ասում է Հայկազուն Ալվրցյանը․

«Արևմտյան Հայաստանը, իրենց ձևակերպմամբ՝ պետության հարավային Անատոլիան, տնտեսապես շատ հետամնաց է, անասանպահությամբ են զբաղվում հիմնականում քրդերը։ Այդ շրջանները, ըստ թուրքական պաշտոնական տվյալների, Հայաստանին 3 անգամ զիջում են զարգացվածության մակարդակով, չհաշված, թե որքան են զիջում հենց Թուրքիա պետության զարգացած շրջաններին։ Թուրքիան խիստ վերապահ է այդ տարածքների հանդեպ, այնտեղ գումար չի մտնում, ուստի, միայն զբոսաշրջության ճանապարհով է այդտեղ տնտեսական աճ ապահովվում։ Դա էլ հայկական մշակութային արժեքների հաշվին է»,-նշում է Հայկազուն Ալվրցյանը։

Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարը խորհրդարանական քննարկումների ընթացքում պատասխանել է հայազգի պատգամավոր Կարո Փայլանի հարցին՝ եկեղեցիներ վերականգնելու վերաբերյալ։ Նախարարը հայտնել է, որ Հիմնադրամների ընդհանուր տնօրինությունը վերանորոգել է 21 եկեղեցի։ «Արևմտահայոց հարցերի ուսումնասիրման կենտրոն»–ի տնօրեն Հայկազուն Ալվրցյանն ասում է, որ եկեղեցիները վերանորոգվում են բացառապես զբոսաշրջությանը զարկ տալու նպատակով, ոչ մի պարագայում զբոսաշրջիկներին չի ներկայացվում, որ դրանք հայկական են։ Երբ հարց է հնչում հայկական գրությունների վերաբերյալ, ասվում է, թե դրանց ծագումն անհայտ է։ Փոխարենը Արևմտյան Հայաստանը զբոսաշրջային լավ կենտրոն է հենց հայերի համար, որոնք լավ գիտեն, թե ուր են ուղևորվում։ Հայկազուն Ալվրցյան․

«Թուրքիայում խրախուսում են այն, որ հայերը գնում են Արևտմյան Հայաստան, անարգել ուղեկցում են, աջակցում, որովհետև հայերը գիտեն, թե ուր են եկել, մեծ գումարներ են ծախսում, այդ գումարն էլ Թուրքիա պետության ներսում է շրջանառվում»,-ասում է հայագետը։

Մեջլիսում հարցի քննարկման ընթացքում արծարծվել է նաև Արցախին առնչվող խնդիր։ Նախարար Էրսոյը ստահոդ պնդումներ է արել այն մասին, թե իբր հայերը, հատկապես Շուշիում, բազմաթիվ հուշարձաններ են ոչնչացրել։ «Թուրքիան Ադրբեջանի համար մեծ եղբոր դեր է խաղում ու այս անգամ էլ, փաստորեն, օգտագործվել է հարմար պահը», — ասում է «Արևմտահայոց հարցերի ուսումնասիրման կենտրոն»–ի տնօրենը։ Հայկազուն Ալվրցյանի խոսքով՝ մշակութային դաշտում հակահայկական քարոզչությունը հատուկ քաղաքականություն է, որը որդեգրել և հետևողական իրականացնում են Թուրքիան և Ադրբեջանը։

Ցուցադրել ավելի
Կարդացեք նաև
Close
Back to top button