ԿարևորՄշակույթ

Հայաստանի ներկայացուցիչը՝ Կահիրեի միջազգային կինոփառատոնի ժյուրիի անդամ

Կահիրեի հեղինակավոր միջազգային կինոփառատոնին որպես ժյուրիի անդամ այս տարի կմասնակցի նաև ներկայացուցիչ Հայաստանից։ Հայաստանի կինոգետների և կինոլրագրողների ասոցիացիայի անդամ, կինոքննադատ և լրագրող Դիանա Մարտիրոսյանը ներառված է փառատոնի կինոլրագրողական՝ FIPRESCI ժյուրիի կազմում։

Նրա հետ միասին ժյուրիի կազմում ևս երկու ներկայացուցիչ են ներգրավված Մարոկոյից և Եգիպտոսից։ Հայաստանն առաջին անգամ է ներկայացուցիչ ունենում փառատոնի ժյուրիի կազմում, ինչը մեծ պատիվ է մեր երկրի համար։

Դիանա Մարտիրոսյանն որպես միջազգային ժյուրիի անդամ այս տարվա օգոստոսին մասնակցել է նաև Օդեսայի միջազգային փառատոնին:

Կահիրեի 43-րդ միջազգային կինոփառատոնի գլխավոր մրցույթի ժյուրիի նախագահն է սերբ ճանաչված ռեժիսոր և սցենարիստ Էմիր Կուստուրիցան։

Փառատոնն այս տարի կանցկացվի նոյեմբերի 26-ից դեկտեմբերի 5-ը։ Այն ստեղծվել է 1976 թվականին գրող, քննատադատ Քամալ էլ Մալախի կողմից՝ Եգիպտոսի դերը կինոաշխարհում բարձրացնելու և աշխարհի մշակույթների միջև որպես կամուրջ ծառայելու նպատակով։

Այն աշխարհի թոփ 15 լավագույն փառատոններից և FIAPF-ի կողմից (Կինոպրոդյուսերների ասոցիացիաների միջազգային ֆեդերացիա) ճանաչվել է Ա դասի փառատոն։ Աֆրիկայի և Միջին Արևելքի ամենահին մշակութային իրադարձություններից մեկն է։

Հայաստանի կինոգետների և կինոլրագրողների ասոցիացիան ակտիվ գործունեություն է ծավալում՝ պարբերաբար մասնակցելով աշխարհի տարբեր կինոփառատոնների և ներկայացնելով Հայաստանը տարբեր երկրներում։ Ասոցիացիան ստեղծվել է 1996 թվականին, ունի 20-ից ավել անդամ. ղեկավարում է կինոգետ Սուսաննա Հարությունյանը: 

Ցուցադրել ավելի
Back to top button