ԿարևորՄշակույթ

Կցուցադրվի «Հանդիպում 100 տարի անց» բեմականացումը

Նոյեմբերի 25-ին  «Մասուր» արվեստի տանը տեղի կունենա «Ականավոր հայ կանայք հանուն կանանց իրավազորման» քարոզարշավի մեկնարկային միջոցառումը, որի ժամանակ առաջին անգամ կցուցադրվի «Հանդիպում 100 տարի անց» բեմականացումը:

Միջոցառումը նախաձեռնել է ՕքսԵՋեն հիմնադրամը, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի (ՄԱԲՀ) հետ համատեղ, Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ՝ գենդերային բռնության դեմ ակտիվության 16-օրյակի շրջանակներում: Բեմականացումը՝ Մուղդուսյան արվեստի կենտրոնի՝ Նաիրյան վոկալ անսամբլի:

Ներկայացման ժամանակ առաջին դեմքով կներկայանան 20-րդ դարի ականավոր հայ կանայք՝ Առաջին Հանրապետության կին պատգամավորներ՝ Վարվառա-Վարյա Սահակյանը, Կատարինա Զալյան-Մանուկյանը, Պերճուհի Պարտիզպանյան-Բարսեղյանը, ինչպես նաև գրող-հրապարակախոս, հասարակա-քաղաքական գործիչներ՝ Զապէլ Եսայեանն ու Շուշանիկ Կուրղինյանը:

«Ականավոր հայ կանայք հանուն կանանց իրավազորման» քարոզարշավը նպատակ ունի խթանելու գենդերային հավասարությանը միտված փոփոխությունները՝ խտրական սոցիալական նորմերը և վնասակար գործելակերպերը հաղթահարելու և պտղի սեռով պայմանավորված խտրական ընտրությունը Հայաստանում կանխելու ուղղությամբ:

Միջոցառումն իրականացվում է «Պտղի սեռով պայմանավորված խտրական ընտրության և հարակից վնասակար գործելակերպերի կանխարգելումը Հարավային Կովկասում. աջակցություն տարածաշրջանային, ազգային և հարավ-հարավ նախաձեռնություններին» ծրագրի շրջանակներում: Ծրագիրն իրականացնում է ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը՝ ՕքսԵՋեն հիմնադրամի հետ համատեղ: Ծրագիրը ֆինանսավորում է Եվրոպական միությունը:

Ցուցադրել ավելի
Back to top button