ԿարևորՀասարակություն

Զգուշացեք՝ հետևում են․ որոշ հայերի հեռախոսներում լրտեսող ծրագիր է ներդրվել

Apple-ը որոշ հայ օգտատերերի զգուշացնում է՝ Ձեր հեռախոսում լրտեսող ծրագիր կա։ Տեղեկատվական անվտանգության մասնագետ Ռուբեն Մուրադյանը հայտարարել է առնվազն 2 հայ օգտատիրոջ մասին, որոնք տեխնոլոգիական գիգանտից հաղորդագրություն են ստացել։ Դրանցում ասվում է․

«Apple-ը կարծում է, որ տեխնոլոգիաները, որոնց հովանավորում է պետությունը, թիրախավորում են Ձեզ, փորձում են հեռակա կարգով վտանգի ենթարկել Ձեր Iphone-ը: Հարձակվողները, ամենայն հավանականությամբ, թիրախավորում են Ձեզ՝ հաշվի առնելով, թե ով եք կամ ինչով եք զբաղվում: Նրանք կարող են հեռակա հասանելիություն ունենալ Ձեր տվյալներին, հաղորդագրություններին, նույնիսկ տեսախցիկին և ձայնագրիչին»:

Այսպիսի նամակներից մեկը ստացել է, օրինակ, ԱԱԾ նախկին ղեկավար,  ընդդիմադիր պատգամավոր Արթուր Վանեցյանը։ Նա կարծում է, որ իշխանությունը փորձում է գաղտնալսել իրեն։ Apple-ն իր նամակներով հաստատել է, որ հայաստանցի օգտատերերի դեմ օգտագործվում է Pegasus լրտեսող ծրագիրը։

Տեղեկատվական անվտանգության մասնագետ Ալեքսանդր Մարտիրոսյանը նշում է՝ իսրայելական NSO group-ը ծրագիրը հիմնականում վաճառվում է պետությունների կառավարություններին՝ ահաբեկիչներին, հանության համար վտանգավոր խմբերին կամ մարդկանց բացահայտելու նպատակով․

«Ծրագրի գործունեության հետ կապված չկա որևէ համաձայնեցում, պաշտոնական փոխհարաբերություններ, փաստաթղթեր, որոնք օրինական դաշտում կարող են ընդունելի համարել ծրագրի կիրառտումը որևէ կազմակերպության կամ անհատի կողմից»։

Apple-ը դատի է տվել Pegasus ծագիրը ստեղծած իսրայելական NSO Group ընկերությանը։ Հայցում նշել է․ «NSO Group-ը ստեղծում է կառավարության կողմից հովանավորվող բարդ տեխնոլոգիա, որը թույլ է տալիս լրտեսել իր զոհերին»:  Պահանջվում է փոխհատուցում ԱՄՆ դաշնային և նահանգային օրենքների կոպտագույն խախտումների համար: Ալեքսանդր Մարտիրոսյանի խոսքով՝ թիրախավորումից պաշտպանելը բավական դժվար է․

«Ծրագիրը բավականին վտանգավոր է, անգամ մեդիագրագիտությանը, թվային անվտանգությանը հետևող մարդկանց համար է վտանգավոր։ Նույնիակ Whatsapp-ով զանգ ստանալու պարագայում, ինչ–որ լուսանկար ստանալու պարագայում, երբ բացես հաղորդագրությունը, անգամ քլիք չանելով լուսանկարի վրա, հավանական է, որ լրտեսող ծրագիրը հայտնվի մարդկանց հեռախոսի մեջ»։

Պաշտպանության լավագույն միջոցը օպերացիոն համակարգի ծրագրային թարմացումները՝ ափդեյթները, ժամանակին կատարելն է։ Apple-ը այդ տարբերակով է փորձում պաշտպանել իր օգտատերերին՝ նշում է փորձագետը։ Միևնույն ժամանակ զգուշացնում է՝ թիրախավորումը կարող է կատարվել այլ երկրներից․

«Կան տեղեկություններ, որ նույն լրտեսական ծրագիրը ձեռք են բերել Ադրբեջանը և Թուրքիան։ Դրանք կիրառում են ոչ միայն արտաքին ապօրինի գաղտալսումներ կազմակերպելու համար։ Թիրախավորվում են նաև երկրում գործող լրագրողները, քաղաքացիական ակտիվիստները, այլ մարդիկ»։

Լրտես-ծրագրերը շատ են, ու մեր օրերում յուրաքանչյուրին կարելի է հեշտությամբ  գաղտնալսել։ Բայց առկա ծրագրային բազամազանության մեջ Pegasus-ը  ամենահզորն է։ Դրա դեմ հակավիրուսային ծրագրեր չկան։

Ցուցադրել ավելի
Back to top button