ԿարևորՀասարակություն

Գնահատանքի հավաստագրեր Սփյուռքի բժշկական ընկերակցություններին՝ Արցախին մարդասիրական և բժշկական օգնություն հատկացնելու համար

Նոյեմբերի 20-ին Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս, դեսպան Արմեն Բայբուրյդնաը մասնակցել է Հայ-ամերիկյան բժշկական ընկերակցության (AAMS) 35-ամյա հոբելյանին նվիրված միջոցառմանը։

Ինչպես հայտնում են Լոս Անջելեսում Հայաստանի գլխավոր հյուպատոսությունից, հանդիսավոր երեկոյի ընթացքում կազմակերպությունը պատվի է արժանացրել Հայկական բժշկական միջազգային կոմիտեին (AMIC)` որը համակարգում է Սփյուռքի տարբեր բժշկական ընկերակցությունների հայանպաստ գործունեությունը։

Երկու կազմակերպությունները իրականացնում են բազմաթիվ համատեղ նախագծեր, որոնցից է համավարակի ընթացքում Հայաստանի կարիքներին արձագանքելը։ Դրանք համագործակցել են նաև 44-օրյա պատերազմի օրերին Արցախին մարդասիրական և բժշկական օգնություն հատկացնելու գործում։

Դեսպան Բայբուրդյանն շեշտել է Հայ-ամերիկյան բժշկական ընկերակցության ու Հայկական բժշկական միջազգային կոմիտեի ծրագրերի կարևորությունը՝ ընդգծելով հատկապես Արցախին և Հայաստանին ուղղված նախագծերը։

«Անգնահատելի են Հայ-ամերիկյան բժշկական ընկերակցության և Հայկական բժշկական միջազգային կոմիտեի աշխատանքները՝ իրականացված Հայրենիքում և Արցախում 44-օրյա պատերազմի և համավարակի օրերին, հատկապես կրիոգեն կենտրոնի ստեղծումը և թթվածնի արտադրության հիմնադրումը։ Բարձր եմ գնահատում նաև կազմակերպությունների անդամների մասնագիտական շարունակական կատարելագործումը, ինչպես նաև սերտ համագործակցությունը Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսության հետ»,-իր ելույթում նշել է ՀՀ գլխավոր հյուպատոսը։

Նա գնահատանքի հավաստագրեր է հանձնել Հայ-ամերիկյան բժշկական ընկերակցության նախագահ Քևին Գալստյանին և Հայկական բժշկական միջազգային կոմիտեի նախագահ Վիգեն Սեփիլյանին։

Հայկական բժշկական միջազգային կոմիտեի նպատակն է բարելավել Հայաստանի առողջապահական համակարգը մասնակից կազմակերպությունների միասնական ջանքերով։

Հայ-ամերիկյան բժշկական ընկերակցությունն բժշկական ոլորտի խոշորագույն հայկական կազմակերպությունն է աշխարհում։

Այն մատուցում է առողջապահական ոլորտի բազմաբնույթ աջակցություն և մարդասիրական օգնություն, ինչպես նաև մասնագիտական զարգացման հնարավորություններ Հայրենիքի և Սփյուռքի առողջապահական ոլորտի ներկայացուցիչների համար։

Անցյալ տարի համավարակի պայմաններում, ՀՀ գլխավոր հյուպատոս Բայբուրդյանի խնդրանքով՝ Հայ-ամերիկյան բժշկական ընկերակցությունը մեծ թվով ՀՀ քաղաքացիների Կալիֆորնիայում անվճար բժշկական օգնություն տրամադրեց, երբ վերջիններս չէին կարող վերադառնալ Հայաստան սահմանների փակ լինելու պայմաններում։

Ցուցադրել ավելի
Back to top button