ԿարևորՀասարակություն

Արցախի օպերատիվ շտաբում արդեն նոտարական գրասենյակ է գործում

Հադրութեցի Յունոնա Վարունցը մինչ պատերազմը Հադրութի շրջանի նոտարական գրասենյակի նոտարն էր․ պատերազմից հետո տեղափոխվել է Երևան և Արցախի արդարադատության նախարարի հրամանով աշխատանքի անցել Երևանում Արցախի կառավարության օպերատիվ շտաբում։ Պատմում է՝ սկզբում տեղահանված արցախցիներին պարզապես իրավական խորհրդատվություն էին տրամադրում, նոյեմբերի 1–ից արդեն նոտարական գրանցումներ են իրականացնում։

«Ժամանակավորապես գործուղված ենք ՀՀ՝ Արցախի Հանրապետությունից տեղահանված քաղաքացիների հետ աշխատելու նպատակով։ Գործարքներ ենք իրականացնում հիմնականում ժառանգության իրավունքի, սեփականության իրավունքի վերականգման համար, ինչպես նաև կտակներ վավերացնելու համար»,– պատմում է Յունոնա Վարունցը։

Քաշաթաղի շրջանի նոտար Սուսանա Աղաջանյանն ասում է՝ նախկինում փաստաթղթերը կազմում ու հաստատման համար Ստեփանակերտ էին ուղարկում, հաճախ նաև Երևանում ապրող տեղահանված արցախցիներն էին փաստաթղթային հարցերով ստիպված Արցախ հասնում․ հիմա արդեն բոլոր խնդիրները Երևանում կարող են լուծվել։

«Սկզբում նույն գործն անում էինք փաթեթները ձևավորում ու ուղարկում էինք Ստեփանակերտ, այնտեղ Շուշիի տարածքի նոտարն էր բոլոր՝ Շուշիի, Հադրութի, Քաշաթաղի և Քարվաճառի գործերով զբաղվում, ինքն էլ շատ ծանրաբեռնված էր»,-ասում է Սուսանան։

44-օրյա պատերազմի հետևանքով շատերն առանց փաստաթղթերի են դուրս եկել Արցախից՝ պատմում է Յունոնա Վարունցը։ Արցախի շտաբի քաղաքացիական կացության ակտերի գրանցման բաժնում նրանց անձնագրերն ու մյուս փաստաթղթերը վերականգնվում են։ Վարունցը վստահեցնում է՝ չկա փաստաթղթային որևէ խնդիր, որ անլուծելի լինի․

«Սկզբում ՔԿԱԳ մարմնում փաստաթղթերի վերականգնման աշխատանքներ ենք անում, հետո մյուս գործարքների համար անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթը հավաքում ենք, վավերացնում ենք և մարդիկ կարողանում են արդեն դիմել և օգտվել, օրինակ, տարբեր սոցաջակցության ծրագրերից»,-ասում է նոտարը։

Հետպատերազմյան շրջանում նոտարական ծառայություններից օգտվում են մեծ մասամբ զոհված զինծառայողների ընտանիքները՝ ասում է հադրութեցի նոտարը։ Ամենից շատ ժառանգության իրավունքի վերականգման գործարքներ են անում։

«Պատերազմի հետևանքով շատ զոհեր ունեցանք, իհարկե շատ ցավոտ է, բայց մեզ դիմում են հենց այդ ընտանիքների անդամները։ Ինձ համար կրկնակի ծանր է այս աշխատանքը, քանի որ ես էլ Հադրութից եմ մենք բոլորս իրար ճանաչում էինք և հիմա ստիպված եմ նրանց ժառանգության կամ սեփականության իրավունքի խնդիրները լուծել»։

Օպերատիվ շտաբի աշխատակիցները պատմում են, որ գործի մեջ իրենց  ցավն ու հուզմունքը մի կողմ են դնում, որ հայրենակիցներին անհրաժեշտ օգնություն ցույց տան։

«Անընդհատ ինչ-որ մեկի հետ այդ ցավը վերապրես, բայց ուզում եմ որ քաղաքացիներն իմանան մենք այստեղ ենք, կարիք չկա այս խնդիրները լուծելու համար Արցախ հասնել մենք կփորձենք իրենց խնդիրներն այստեղ լուծել»,-ասում է գրասենյակի ներկայացուցիչը։

Արցախի շտաբում բազմաթիվ խնդիրներ են քննարկվում՝ հոգեբանականից մինչև կենցաղային, իրավական ու տնտեսական։ Խնդիրների կողքին անսասան լավատեսություն կա․ շտաբի աշխատակցուհիներից մեկը պատմում է, որ Հադրութի իր տան սեփականության փաստաթղթերը արդեն վերականգնել է ու հիմա ամեն օր այդ տան համար մի նոր բան է գնում։

Ցուցադրել ավելի
Back to top button