ԿարևորՀասարակություն

Արցախի դեմ պատերազմում վարձկանների ներգրավման հարցը քննվում է ՄԻԵԴ-ում

Ամերիկացի լրագրող Լինդսի Սնելի թվիթերյան հրապարակման մեջ սիրիացի վարձկանները բողոքում են, որ «Սուլեյման շահ» բրիգադի առաջնորդ Աբու Համշան իրենց չի վարձատրել Ադրբեջանի կողմից Արցախի դեմ պատերազմելու համար։ Այս հրապարակումը եւս մեկ փաստ է, որ Արցախյան 44-օրյա պատերազմում Ադրբեջանը ներգրավել էր սիրիացի վարձկանների։  

Ընդդեմ Թուրքիայի և Ադրբեջանի Մարդու իրավունքների եվրոպական դատարան հայկական կողմի ներկայացրած ՀՀ քաղաքացիների իրավունքները խախտելու հիմքով գանգատի փաստարկներից մեկով անդրադարձ կա վարձկան ահաբեկիչների ներգրավման, նրանց ստրկացման ենթարկելու խնդրին։

Որքա՞ն ժամանակ կպահանջվի ՄԻԵԴ-ից վճիռ կայացնելու համար, և ի՞նչ է հետևելու դրան՝ պատասխանում է իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը։  

2020 թվականի դեկտեմբերի կեսերին BBC գործակալությունը զրուցել էր սիրիացի 4 վարձկանների հետ, որոնք, չհրապարակելով իրենց անունները, պատմել էին, թե ինչպես են բարձր աշխատավարձի խոստման դիմաց տեղափոխվել Ադրբեջան և հայտնվել առաջնագծում, ինչպես հետո է պարզվում` իրականում ծառայելով որպես «թնդանոթի միս»։

Դեռ 2020-ի օգոստոսին ադրբեջանա-թուրքական տանդեմը   Սիրիայի հյուսիսում թրքամետ ուժերի վերահսկողության տակ գտնվող շրջաններում սկսել էր ջիհադիստ գրոհայիններից բացի հավաքագրել նաև փողի կարիք ունեցող շարքային քաղաքացիների, ըստ մամուլում շրջանառվող լուրերի, երկու հազար դոլարի դիմաց։ Սիրիայի հյուսիսային շրջաններում ապրող մարդկանց համար, որոնք օրական կարողանում են մեկ դոլարից քիչ ավելին վաստակել, խոստացված աշխատավարձը շատ հրապուրիչ էր։

Թուրքիայի աջակցությունը վայելող Սիրիական ազգային բանակի հավաքագրած  շուրջ 4000 մարդ Թուրքիայի տարածքով, թուրքական ռազմատրանսպորտային օդանավերով տեղափոխվել են Ադրբեջան․ սա նաեւ Հայաստանի քննչական կոմիտեն է հաստատել։

Արցախյան պատերազմում զոհված վարձկանների ստույգ թիվ հայտնի չէ, սակայն Մեծ Բրիտանիայում գործող «Մարդու իրավունքների սիրիական կենտրոն»-ի տվյալներով՝ Արցախում ավելի քան 500 սիրիացի վարձկան է զոհվել։

Թուրքիան ու Ադրբեջանը մինչ օրս շարունակում են հերքել  ղարաբաղյան պատերազմում սիրիացի վարձկանների ներգրավումը։ Մինչդեռ դա ապացուցող բազմաթիվ փաստեր կան՝ վարձկանների վկայություններից մինչև տեսանյութեր, լուսանկարներ, հետախուզական ծառայությունների տվյալներ։ Ասվածն առավել անհերքելի է դարձնում 44-օրյա պատերազմում հայկական կողմի  սիրիացի երկու վարձկանների գերեվարման փաստը։ Նրանց Հայաստանում մեղադրանք է առաջադրվել, ՀՀ Քննչական կոմիտեն բազմիցս նշել է, որ ահաբեկիչները ռազմագերի չեն, ուստի ենթակա չեն փոխանակման կամ վերադարձի։

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը բազմիցս բարձրաձայնել է՝ վարձկանների ու ջիհադիստների ներգրավումը պատերազմական հանցագործություն է, հրապարակել է  ապացույցներ, որոնց համաձայն՝ վարձկան-ահաբեկիչը, հավաքելով Արցախի հանրապետության Պաշտպանության բանակի զինծառայողների զինատեսակները, տեսանյութում ոգևորված խոսում է ռազմամթերքի ավարը այլ երկրներումօգտագործելու մասին։

Պատերազմում սիրիացի վարձկանների ներգրավվածությունը վկայող ապացույցները հայկական կողմը ՄԻԵԴ է ուղարկել։ Միևնույն ժամանակ, Ստրասբուրգի դատարան են ներկայացվել լրացուցիչ ապացույցներ, որոնք հիմնավորում են, որ Թուրքիան չի կատարել Եվրադատարանի որոշումը և շարունակում է ուղղակի և անուղղակի ներգրավված մնալ տարածաշրջանում։

 Իրավապաշտպան, արդարադատության նախկին նախարար Արտակ Զեյնալյանն «Ռադիոլուրի» հետ զրույցում նշում է, որ Թուրքիայի և Ադրբեջանի դեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարան հայկական կողմի ներկայացրած գանգատի փաստարկներից մեկով անդրադարձ կա վարձկան ահաբեկիչների ներգրավման և նրանց ստրկացման ենթարկելու խնդրին։

 «Ընդհանուր ներկայացվել է գանգատ ընդդեմ Թուրքիայի և Ադրբեջանի՝ ՀՀ քաղաքացիների իրավունքները խախտելու հիմքով, որի մեջ փաստարկներից մեկը ահաբեկիչների ներգրավվածությունն է, վարձկաններ, որոնք ենթարկվում են նաև ստրկության, սա ընդամենը փաստարկներից մեկն է»,- ասում է Արտակ Զեյնալյանը։

2020 թվականի դեպքերի կապակցությամբ Եվրոպական դատարան ներկայացված փաստերի վերաբերյալ վճռի կայացման համար տարիներ են պետք, իրավապաշտպանն ասում է, որ Եվրադատարանի վճռին դեռ երկար կարող ենք սպասել, գործընթացը ժամանակատար է, բայց մի բան հաստատ է։ 

«Վարույթն ավարտվելու է Եվրոպական դատարանի վճռով։ Դա տարիներ է տևելու, գանգատն ուղարկվելու է պատասխան կողմին, այնուհետև հայցվոր կողմին են ուղարկվում, այնուհետև հայցվոր կողմն է ներկայացնում իր դիտարկումները։ Ադրբեջանն իր հերթին կխնդրի ժամկետ՝ յուրաքանչյուր անգամ երկարացնելով ժամկետը՝  պատասխան ներկայացնելու համար»,-նշում է Զեյնալյանը։

Ի՞նչ է տալու մեզ Եվրոպական դատական բարձր ատյանի վճիռը, և ի՞նչ է հետևելու Թուրքիայի և Ադրբեջանի կողմից վճիռը չկատարելուն․ իրավապաշտպանը պատասխանում է. «ՄԻԵԴ վճռով ճանաչվում է իրավունքի խախտման փաստը, վճռով նաև տրամադրվում է արդարացի փոխհատուցում, ըստ որի՝ պատասխանող կողմ հանդիսացող պետությունը պետք է երեք ամսվա ընթացքում իրավունքի խախտման զոհին վճարի սահմանված գումարը՝ որպես արդար փոխհատուցում։ Սակայն վճռի արժեքը, արժանիքը դա չէ, այլ այն, որ պետք է վերականգնվի մինչև իրավունքի խախտումը եղած դրությունը, և եթե խախտվել է կյանքի իրավունքը,  մարդկային խոշտանգումներից զերծ լինելու  իրավունքը, ապա նաև պետությունը պետք է իրականացնի արդունավետ քննություն։ Որպեսզի վերականգնվի հավասարակշռությունը, պետությունը պետք է այս ընթացքում բացահայտի մեղավորներին, դատապարտի, և նրանք պետք է պատիժը կրեն մինչև վերջ, այս ընթացքում որևէ  դետալի խախտում, չկատարում հանգեցնում է այդ նույն խախտված իրավունքի խախտում»։ 

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճռի կայացման դեպքում որքանո՞վ է իրական Թուրքիայից և Ադրբեջանից ակնկալել դրա կատարումը, իրավապաշտպանը նշում է՝ կան գործիքներ, որոնք հայկական կողմը կօգտագործի՝ վերականգնելու անձանց խախտված իրավունքները։

Թե պատերազմից առաջ, թե հետպատերազմական շրջանում վարձկան ահաբեկիչների ներկայությունը տարածաշրջանում շարունակում է վտանգավոր լինել, հատկապես այն համատեքստում, որ հետպատերազմյան այս շրջանում ադրբեջանական կողմը շարունակ շրջանառում է վարձկան ահաբեկիչներով Արցախի օկուպացված տարածքները բնակեցնելու լուրերը։

Ցուցադրել ավելի
Back to top button