ԿարևորՀասարակություն

Աննախադապ մեծ թվով թունավորումների պատճառը կարող է հավի միսը լինել․ ՍԱՏՄ-ն ևս մտահոգված է

Աննախադեպ․ այսպես են գնահատում այս տարի սննդից թունավորումների մտահոգիչ վիճակագրությունը։ Ընդ որում՝ այս գնահատականը տալիս է հենց սննդամթերքի անվտանգության համար պատասխանատու տեսչական մարմինը։ Միայն վերջին մի քանի օրերին  «աղիքային վարակ» նախնական ախտորոշմամբ՝ 13 քաղաքացի է հոսպիտալացվել Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն:

Նախօրեին թունավորման կասկածով հիվանդանոց են տեղափոխվել նաև երեխաներ, այս դեպքում արդեն սննդային թունավորման վայրը կրթահամալիրն է։ Դպրոցի 10 սանի մոտ նկատվել են աղիքային վարակին բնորոշ ախտանշաններ՝ սրտխառնոց, փսխումներ։

Հանրային սննդի կետերում, ընդ որում՝ խոշոր ցանցերի սպասարկման վայրերում  սննդային թունավորումները վերջին շրջանում հաճախակիացել են։ 2021-ը զանգվածային թունավորումների դեպքերի մեծ թվով և լայն շրջանակով աննախադեպ է՝ արձանագրում է սննդի անվտանգության պատասխանատու պետական կառույցը։  Տարբեր տնտեսվարողների մոտ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ստուգայցերի արդյունքները փաստում են՝ թունավորումների հիմնական պատճառը կարող է հավի միսը լինել։

Թունավորման հերթական դեպքերը սննդի մեծ շղթայի կետերից են, ու, որ ոչ պակաս մտահոգիչ է, նաև կրթական հաստատությունից։ Աղիքային թունավորմամբ հիվանդանոցում հայտնվեցին մի քանի տասնյակ քաղաքացիներ։ Ավելի վաղ՝ պիցերիաների խոշոր ցանցի սննդից թունավորմամբ հիվանդանոց էր դիմել ավելի քան 170 քաղաքացի։  Վիճակով անհանգստացած են նաև ՍԱՏՄ-ում։ Սննդամթերքի անվտանգության վարչության պետ Վահե Դանիելյան.

«Երեխաներն օգտագործել են թռչնամսով պատրաստված ռուլետներ, նաև՝ աղցան  «Վինեգրեդ», նախօրեին օգտագործել են աղցան «Ցեզար»։ Այս պահի դրությամբ՝ մենք բոլոր գործոններն ենք հավասարապես հաշվի առնում։  Հումքը ներկայացրել ենք լաբորատոր փորձաքննության»։

Ո՞րն է թունավորման հիմնական պատճառը․ հետազոտության արդյունքները պատրաստ կլինեն մի քանի օրից։ Բայց ուտեստներում թռչնամիս է եղել, և չի բացառվում, որ թունավորումը կրկին հավի մսից լինի։

Վերջին շրջանի սննդային թունավորումները կարող են թռչնամսով պայմանավորված լինել․ նման օրինաչափություն նկատում է նաև Վահե Դանիելյանը, բայց նախընտրում է նախ հետազոտության արդյունքներին սպասել:

«Ընդհանրապես, ողջ աշխարհում թռչնամսի ռիսկերն ավելի բարձր են, բայց  ես փաստը կարող եմ հաստատել կամ հերքել միայն լաբորատոր փորձաքննության արձանագրություններով։ Այս պահի դրությամբ հումքի հետ կապված վերջնական պատասխան դեռ չունենք»։

Հայաստանյան շուկայում ներկայում սպառվող հավի մսի գերակշիռ մասը ներկրվում է, ընդ որում՝ արտադրված շուրջ 15 հազար տոննայի դիմաց ներկրվում է գրեթե եռակի ավելի՝ շուրջ 44 000 տոննա։ Ներկրման հիմնական երկրներն են ԱՄՆ-ը, Բրազիլիան, Ուկրաինան։ Բայց դա չի  չի նշանակում, որ տեղականն անվտանգ է, իսկ ներկրվածը՝ վտանգավոր, ասում է զրուցակիս։

«Մենք թռչնամիսը սահմանային վերահսկողության շրջանակում փորձաքննում ենք, նոր ենք թույլ տալիս դրա մուտքը ՀՀ, բայց մեզ համար հավասարապես ռիսկային է նաև մեր տնտեսվարողների կողմից արտադրվող և իրացվող թռչնամիսը, և մենք մեր վերահսկողությունը երկու ուղղությամբ էլ իրականացնում ենք»։

Առհասարակ, սննդամթերքի և մասնավորապես, մսամթերքի մասին խոսելիս սննդամթերքի անվտանգության փորձագետ Մելինե Բեգլարյանը հատուկ շեշտում է թռչնամսի ռիսկայնությունը։

«Այս թունավորման հետ կապված խնդիրները ևս մեկ անգամ ապացուցում են, որ այսօր էլ շուկայում այնպիսի մթերքներ ունենք,  որոնք փաստացի հանգեցրել են սննդային թունավորման։ Եվ շատ մտահոգիչ է, որ վերջին շրջանում ավելի հաճախակի են դարձել սննդային թունավորման դեպքերը»։

Միայն այս տարի թունավորման շուրջ 2 տասնյակ դեպք է գրանցվել, թունավորվողների թիվը հարյուրների է հասնում։ Սա իսկապես աննախադեպ ցուցանիշ է՝ փաստում է սննդամթերքի անվտանգության վարչության պետ Վահե Դանիելյանը։  Տարին աննախադեպ էր նաև միևնույն կետից քաղաքացիների թունավորման թվաքանակով։  Խոստովանում է՝ վերահսկողությունը պետք է ավելի ուժեղացնել։

«Որ վերահսկողությունը պետք է ուժեղացվի, միա նշանակ է, և մենք այդ ուղղությամբ այժմ աշխատում ենք»։ 

Մինչ վերջին դեպքերի մասով լաբորատոր փորձաքննության արդյունքները պատրաստ կլինեն, և մինչ տեսչական մարմինը տնտեսվարողների մոտ ավելի  կխստացնի հսկողությունը, սննդամթերքի անվտանգության փորձագետ Մելինե Բեգլարյանը հորդորում է գոնե կենցաղում մաքսիմալ ուշադիր լինել և ավելորդ ռիսկեր չստեղծել։ Նաև որոշակի խորհուրդներ է տալիս․

«Պետք է առհասարակ բացառենք հում և պատրաստի մթերքների շփումը՝ բացառելով խաչաձև աղտոտումը։ Նույն այդ մասնատման տախտակները, որ օգտագործում ենք հավի և կանաչիների կտրատման համարպետք է հաշվի առնենք, որ հավը ջերմային մշակում է անցնելու, իսկ կանաչին՝ ոչ։  Հավի միսը չի կարելի եփելուց առաջ ծորակի տակ լվանալ սառը ջրով։ Ավելի ուշ այն իհարկե ջերմային մշակում կանցնի եփելիս, բայց լվացարանը հետագայում կարող է աղտոտման աղբյուր հանդիսանալ»։

Վերադառնալով թունավորումների մտահոգիչ վիճակագրությանը․ սննդամթերքի անվտանգության ոլորտի պատասխանատուներն իրենք էլ այս իրավիճակը գնահատում են որպես ահազանգ և վերահսկողությունը խստացնելու ազդակ։  Բայց սննդի անվտանգության մասնագետները դրան զուգահեռ իրենց հերթին են հորդորում՝ եթե պատկան կառույցները դեռ չեն հասցնում վերահսկել, իսկ տնտեսվարողները բարեխղճությամբ չեն փայլում, չթունավորվելու միակ նախապայմանը ձեր զգոնությունն է։

Ցուցադրել ավելի
Back to top button