ԿարևորՔաղաքական

«Ադրբեջանին արդարացիորեն ենք ագրեսոր անվանում»․ Սոչիից և Բրյուսելից առաջ Փաշինյանը հստակեցնում է Երևանի դիրքորոշումը

Վարչապետ Փաշինյանի երկու ժամից ավելի տևած պարզաբանումները տվեցին վերջին շրջանում կուտակված տարբեր հարցերի պատասխաններ, բայց հանրության որոշ մասը դեռ մտահոգություններ ունի։ Երևանում բողոքի ակցիաները շարունակվում են 3 հիմնական պահանջով՝ ուղղված գործող իշխանություններին։ Ակցիաների կազմակերպիչները մտավախություն ունեն, թե առաջիկայում կստորագրվի Հայաստանի շահերին հարվածող նոր փաստաթուղթ։

Բողոքի ակցիաների երրորդ օրը ցուցարարները կաթվածահար են արել Երևանի մետրոպոլիտենի աշխատանքը։ Ակցիան կազմակերպվել է «Երիտասարդական» կայարանում, տևել է կարճ՝ մոտ 9 րոպե։ Բերման ենթարկվածներ են եղել։ Ցուցարարներն արդեն ունեն մշակված գործելաոճ․ օրվա ընթացքում բողոքի ակցիաներ են կազմակերպում տարբեր վայրերում, որոշ ժամանակով փակում փողոցները և օրվա ավարտին հանրահավաքի միջոցով ամփոփում կատարվածն ու հերթական անգամ ներկայացնում պայքարի նպատակը։

Մինչև տարվա վերջ Փաշինյանն ու Ալիևը դեմ առ դեմ հանդիպելու են երկու անգամ․ Սոչիում՝ նոյեմբերի 26-ին և Բրյուսելում՝ դեկտեմբերի 15–ին։ Հայաստանի ներքաղաքական դաշտում կա մի թև, որն այս հանդիպումներից վտանգի լուրջ ռիսկ է տեսնում։ Տարբեր կուսակցությունների միավորումից ձևավորված «Ազատագրական շարժման» անդամները երրորդ օրն է՝ բողոքի ակցիաներով և ճանապարհներ փակելով փորձում են ուշադրություն հրավիրել իրենց մտահոգող հարցերի վրա։

Ենթադրում են՝ հանդիպումների արդյունքերով ստորագրվելու է Հայաստանի շահերին հակասող փաստաթուղթ։ Որ փաստաթուղթ հնարավոր է ստորագրվի՝ Փաշինյանը չի հերքում, բայց ուղիղ եթերում, պատասխանելով լրատվամիջոցների և ՀԿ-ների հարցերին, ճշտել է, թե ինչ բովանդակություն կարող է ունենալ փաստաթուղթը։  

«Թյուրըմբռնում և թյուրիմացություն կա սահմանազատման և սահմանագծման բանակցությունների վերաբերյալ։ Տպավորություն կա, որ թուղթ է ստորագրվելու սահմանազատման և սահմանագծման արդյունքների մասին։ Այդպիսի բան հնարավոր չէ ուղղակի։ Ստորագրվելիք պոտենցիալ փաստաթուղթը լինելու է հետևյալի մասին, որ Հայաստանը և Ադրբեջանը ձևավորում են հանձնաժողով, որը սկսում է զբաղվել սահմանազատման և սահմանագծման աշխատանքներով։ Այդ թղթի վրա գրված չի լինելու՝ սահմանն անցնելու է այստեղով, այստեղով և այստեղով։ Այդ ձևակերպումը տեղի է ունենալու այդ հանձնաժողովի աշխատանքի հիման վրա»։

Վարչապետը չի խոսում ընդդիմադիր թևի պահանջած հանրաքվեի մասին, ենթադրում է՝ ստորագրված փաստաթղթերն ինչ-որ մի պահի պետք է վավերացվեն խորհրդարաններում։ Մեթոդաբանությունը և ընթացակարգը իրավաբանների ճշգրտմանն է թողնում։

Ի՞նչ հիմնավորումներով ու փաստաթղթերով է Փաշինյանը գնալու Սոչի, ապա՝ Բրյուսել։ Ասում է՝ հստակ պատկերացում ունեն՝ «Հայաստանը որտե՞ղ է սկսվում և ավարտվում»։ Հանդիպումները կայանալու են այդ փաստերի հիմքով և գիտակցմամբ, որ, մեջբերում, «Ադրբեջանը Հայաստանի նկատմամբ որդեգրել է շարունակական ագրեսիայի քաղաքականություն։ Փաշինյանի կարծիքով՝ սա պետք է լինի միջազգային հանրության քննարկման կիզակետում:

2020 թվականի նոյեմբերի 10-ից հետո 40-45 քառակուսի կիլոմետր տարածք անցել է Ադրբեջանի վերահսկողությանը։ «Ագրեսիայի փաստը պետք է միջազգային բոլոր ատյաններում հնչեցնենք և պահանջենք, որ միջազգային ճնշումներ գործադրվեն Ադրբեջանի վրա, որպեսզի այդ ագրեսիան կասեցվի և վերացվի»,-ասում է Փաշինյանը։

«Մենք այսօր միլիմետրի ճշտությամբ գիտենք՝ Սովետական Հայաստանի սահմանները որտեղով են անցնում։ Շատ է քննարկվում, որ, օրինակ, Գորիս-Կապան ճանապարհի այդ հատվածը չգիտեմ որ թվի քարտեզով ՀՀ տարածքում է։ Ես պետք է ասեմ, որ որևէ դե յուրե նշանակություն ունեցող քարտեզով  ճանապարհի մի կոնկրետ փոքր հատվածը ՀՀ տարածքում չէ։ Եվ մենք այս արձանագրումն անելով ոչ թե անում ենք պրոադրբեջանական հայտարարություն, այլ մենք դրանով ենք հիմնավորում, որ Ադրբեջանն ագրեսոր է։ Բոլոր նրանք, ովքեր ասում են՝ այդքան էլ պարզ չի, ջուր են լցնում Ադրբեջանի ջրաղացին։ Որ ասում են՝ հայտնի չէ Հայաստանը որտեղ է սկսվում։ Ո՛չ, հայտնի է՝ Հայաստանը որտեղ է սկսվում և որտեղ է ավարտվում, և դրա համար կան դե յուրե հիմքեր։ Եվ մենք ՀՀ ինքնիշխանությունը , տարածքային ամբողջականությունը պատկերացնում ենք այդ սահմաններում։ Եվ այդ սահմանը հատելու բերումով է, որ Ադրբեջանին արդարացիորեն ագրեսոր ենք անվանում։ Այս փաստը մեր միջազգային իրավունքի պաշտպանության կարևորագույն արձանագրումն է»։

Վարչապետի պարզաբանումները, սակայն, չեն գոհացնում և համոզիչ չեն թվում հանրության մի հատվածի։ Օրեր առաջ ձևավորված «Ազատագրական շարժման» անդամները շարունակում են բողոքի ակցիաները։ Թիրախում էր նաև մետրոյի «Երիտասարդական» կայարանը․ մոտ 9 րոպե երթևեկությունը կաթվածահար էր։

«Կեցցե ազատ Արցախը, կեցցե ազատ Հայաստանը», «Շուռնուխը, Որոտանը, որ այսօր շրջափակման մեջ են», «սա բողոքի խաղաղ ակցիա է»։

Շարժման հիմնադիրներից «Զարթոնք» կուսակցության ղեկավար, փաստաբանների պալատի նախկին նախագահ Արա Զոհրաբյանը փոխանցում է իրենց 3 հիմնական պահանջները՝ բացահայտել ենթադրյալ ստորագրվելիք փաստաթղթերի բովանդակությունը, թշնամուն չտրամադրել «միջանցք» ասվածը և լիարժեք զինել առաջանագիծը։ Շարժման մասնակիցները վստահեցնում են՝ պայքարը վերկուսակցական է։ Հետագա ակցիաներին հրավիրում է թե իշխանության, թե ընդդիմության ներկայացուցիչներին։

«Ընդդիմության սիրելի ներկայացուցիչներ, մեզ խնդրում եմ՝ մի խանգարեք, մենք ձեր մրցակիցը չենք։ Մեր խնդիրը՝ նաև այս պահանջների արդյունքում ցույց տալ իշխանության իրական մտադրությունները և իրական դեմքը։ Մեր խնդիրը վերկուսակցական է։ Մենք բոլորս համախմբվել ենք, որպեսզի այս ազգակործան ծրագիրը խափանենք։ Եթե այս իշխանությունը բանակցում է գերտերությունների և թշնամի պետությունների հետ, իրենք փորձելու են իրենց օրակարգը թելադրել։ Եվ եթե չկա ժողովուրդ, որը համաձայն չէ մեր երկիրը կործանող ծրագրի հետ, ապա ուզեն-չուզեն՝ հաշվի են նստելու։ Եկեք այդ անհամաձայնությունը մենք ինքներս ձևավորենք»։

Շարժման մասնակիցներն ահազանգում են՝ ունեն հիմնավոր կասկածներ, որ Հայաստանից թշնամուն զիջվելու են կենսական տարածքներ, իսկ Արցախը ճանաչվելու է Ադրբեջանի մաս։

Արցախի խնդրի կարգավորման հարցում գործող իշխանությունների դիրքորոշումը ձևակերպելիս Փաշինյանը կրկին քարտեզներն է մատնանշում, հիշեցնում է ԱՊՀ-ի ձևավորումը և շեշտում փոխադարձ ճանաչված սահմանները․

«Այդ թեման երևի շատ մեծ նրբություն ունի, ես անընդհատ խուսափել եմ այդ մասին խոսել։ Բայց, տեսեք, նույն տարածքային ամբողջականության հետ կապված թեման։ Օրինակ՝ 1991-ին, երբ Հայաստանը և Ադրբեջանն ընդունվել են ԱՊՀ, հռչակագիր են ստորագրել և միջպետական պայմանագիր՝ ԱՊՀ-ն ձևավորելու մասին, այնտեղ փոխադարձաբար միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչել են։ Դա ի՞նչ է նշանակել, նշանակե՞լ է, որ Ղարաբաղի հարց չկա, գոյություն չունի։ Տերմինների տակ պետք է հասկանալ՝ ինչ նկատի ունենք։ Այդ ժամանակ Արցախի խնդիր եղել է, չէ՞, Հայաստանը ճանաչել է։ Բայց հիմա խնդիրն այն է՝ Արցախի հարցը տարածքի՞ հարց է։ Մեր ընկալմամբ՝ Արցախի հարցը տարածքի հարց չէ, Արցախի հարցը իրավունքի հարց է և տարածքի հետ կապ չունի»։

Վարչապետը հորդորում է հասկանալ և տարանջատել՝ ներկա փուլում բանակցություններ ընթանում են տարբեր հարցերով՝ Արցախի կարգավիճակ, ապաշրջափակում, ճանապարհներ, և դրանք շոշափում է տարբեր հարթակներում։ Խոսելով սահմանազատման և սահմանագծման բանակցության հնարավորության մասին վկայակոչում է, որ երբեմն լինում են դեպքեր, երբ կողմերը համաձայնության են գալիս։

Փաշինյանը շեշտում է՝ կառուցողական են տրամադրված, ուզում են գնալ լուծումների, բայց դա սխալ պետք չէ հասկանալ․

«Մենք չենք ընդունի հարկադրանքի քաղաքականություն։ Մենք փոխադարձ հարգանքի վրա հիմնված, իրար շահերը հաշվի առնելով, նաև շատ իրողություններ հաշվի առնելով, նաև տարածաշրջանի և միջազգային իրավունքի նրբությունները հաշվի առնելով մենք պատրաստ ենք գնալ լուծումների։ Եվ մենք ուզում ենք գնալ լուծումների, և մենք ցույց ենք տվել, որ գնում ենք լուծումների։ Բայց մեր կոչն է նաև, որ մեր այդ գործելակերպը որևէ կերպ չմեկնաբանվի որպես հարկադրանքի տրվելու տրամադրվածություն կամ պատրաստակամություն»։

Մեկ այլ հստակեցում, որ արել է Փաշինյանը, այն է, որ աշխատանքային մակարդակում երբեք Ադրբեջանից «միջանցք» արտահայտություն չեն լսել։  

Ցուցադրել ավելի
Back to top button