ԿարևորՀասարակություն

65-ամյա Հանրայինը՝ վավերագիրների աչքերով

Հանրային հեռուստաընկերության 65-ամյակին նվիրված «Վավերագրելով պատմությունը» ցուցահանդեսում ընդգրկված են արխիվային բացառիկ լուսանկարներ: Դրանցում  պատկերված են Հանրայինի զարգացման գործում մեծ դերակատարություն ունեցող անձինք՝ մեկնաբաններ, հաղորդավարներ, մեծանուն արվեստագետներ, որոնք հյուրընկալվել են հեռուստատեսությունում։ Նրանցից են Վիլյամ Սարոյանը, Մարտիրոս Սարյանը, Առնո Բաբաջանյանը, ուրիշներ:

Հանրային ռադիոյի երկարամյա  հաղորդավար, այժմ արդեն Հանրային  հեռուստախորհրդի անդամ Վարուժան Օլքինյանը գիտե գրեթե բոլոր լուսանկարների  պատմությունը։ Ասում է՝ մի պահ հիշողությունների գիրկն ընկավ։ 1970-1990-ական թվականները Օլքինյանը հեռուսատատեսության  ոսկե դարն  է   համարում։ Ասում է, որ  այդ տարիներին Հանրայինը հագեցած է եղել բարձրակարգ տեխնիկայով և անգամ Խորհրդային Միության շատ երկրներ՝ Ուկրաինան, Բելառուսը, նախանձել են մեր Հեռուստաընկերությանը․

«Անկեղծ ասած՝ մնացել եմ այդ տարիներում՝ ապրելով ու աշխատելով այսօր։ Այդ ամենը այդ տարիներին հեռուստաընկերության ղեկավար Ստեփան Պողոսյանի շնորհիվ էր, մարդու, որը մեծ դերակատարություն ունի հայկական հեռուստատեսության և ռադիոյի զարգացման գործում: Այդ ավանդույթներն այսօր էլ շարունակվում են նոր խոսքով, նոր տեսքով, նոր հաղոդավարներով, լրագրողներով»։

 Եթե շատերիս համար ցուցադրված  լուսանկարները հնուց եկող պատմություն են, ապա Վարուժան Օլքինյանը  այդ ամենի ականատեսն է եղել։  Կանգնած ենք ռադիոհաղորդավար  Կոնստատին Տեր –Հովհաննիսյանի լուսանկարի առջև․

«Կոնստադին Տեր Հովհաննիսյան է, Նառա Շլեպչյանից հետո ինքն է եղել եթերում։ Նա երբ եկավ եթեր, հայերեն կարդալ չգիտեր, Մոսկվայից էր։ Կոնստադին Տեր-Հովհաննիսյանը հայերեն չգիտեր, գիտեր փայլուն վրացերեն ու ռուսերեն։ Նա վրացերենով կամ ռուսերենով հայրերեն տառերով գրում էր տեքստը ու կարդում էր։ Բայց մեկ տարի հետո Կոնստանդինը փայլուն տիրապետեց հայերենին»։

Մեկ այլ լուսանկարում  հեռուստատեսության երկարամյա աշխատակից,  ռեժիսոր Մելիք Մայիլյան է։ Նա  այսօր էլ   Հանրային հեռուստատեսությունում  է աշխատում, բայց  արխիվային բաժնում։ Այս ցուցահանդեսի  նկարների  մարդկանց ճանաչում է, լուսանկարների պատմությունն էլ գիտի։ 

«Սա 1987 թ-ի նկար  է, հեղափոխության 70-ամյակին նվիրված միջոցառումն ենք   մոնտաժում։ Լավ է, որ նկարները պահպանվել են, քանի որ նկարները ավելի խոսուն են, կարող ես երկար նայել ու իմանալ՝ ով ով է»։

Ցուցահանդեսը նվիրված է Հեռուստաընկերության 65-ամյա հոբելյանին: Հանրային հեռուստատեսության   գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանը  պատմեց, որ երբ ցանկացել է նման միջոցառում կազմակերպել, պարզվել է, որ նկարներն այդքան  էլ  շատ չեն։

«Այս լուսանկարներում պատկերված են այն մարդիկ, որոնք 65  տարի շարունակ վավերագրել են մեր պատմությունը։ Հանրայինի   տեսաարխիվը  ամենամեծն է։ Տասնյակ տարիներ Հանրայինի նվիրյալ մարդիկ այդ ամենը պահպանել են, որպեսզի հասնի մեր օրեր։ Երբ գործընկերներս հավաքագրում էին այս ամենը, պարզվեց, որ այդքան էլ շատ չեն լուսանկարները,  և այդքան էլ շատ չունենք Հանրայինի պատմության մասին պատմող նկարներ, այն  մարդկանց մասին, որոնք աշխատել են։ Իրենք այնքան  նվիրված են եղել իրենց գործին, որ  քիչ են նկարվել»,-ասում է Հովհաննես Մովսիսյանը։

 Ցուցադրությունը  բաց կլինի մինչև նոյեմբերի 26-ը Երևանի պատմության թանգարանում։

Ցուցադրել ավելի
Back to top button